Չկա օրենք, չկան կառավարման խորհուրդներ, չկա ռեկտորների ընտրություն

Չկա օրենք, չկան կառավարման խորհուրդներ, չկա ռեկտորների ընտրություն

Ինչպես հայտնի է, ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի՝ բուհերի կառավարման խորհուրդների կազմավորման կարգի մասին դրույթները: Ըստ փոփոխությունների, խորհրդի անդամների սահմանափակ թիվ էր ֆիքսվում՝ 9, որից 5-ին նշանակելու էր կառավարությունը, 4-ին՝ բուհը: Ընդ որում, եթե սահմանված ժամկետում չառաջադրվեր, ապա նշանակելու էր լիազոր մարմնի ղեկավարը: 

Հօգուտ կառավարության այս հոդվածները հակասահմանադրական ճանաչվելուց հետո գործում է նախկին կարգը: ԿԳՄՍ նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որն արդեն հաստատվել ու ընդունվել է կառավարության կողմից, եւ որում, չնչին տարբերությամբ, նախկին կարգն է պահպանվել․ եթե նախկինում բուհի կառավարման խորհրդի անդամների նվազագույն թիվը 20 հոգի էր, ապա նոր կարգով այս թիվը ֆիքսված է: 

«Նախկինում բուհի կառավարման խորհուրդը կարող էր բաղկացած լինել, ասենք, 32 անդամից, ինչպես ԵՊՀ-ում, տեղ կար՝ 23 անդամ էր, տեղ կար՝ 20: Հիմա ֆիքսվել է բոլորի համար 20 թիվը, եւ ինչպես նախկինում էր, հավասար ներկայացվածություն է սահմանվում խորհուրդը ձեւավորող բոլոր 4 կողմի համար: Բուհի հիմնադիրը, ուսանողական խորհուրդները, պրոֆեսորադասախոսական կազմը եւ պետական լիազոր մարմինը՝ յուրաքանչյուրը ներկայացնում են խորհրդի անդամների 25 տոկոսը: Հավասարության սկզբունքը, այսպիսով, պահպանվում է»,- ասում է ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության եւ ուսուցման բաժնի պետ Կարինե Մանուկյանը:

Այս որոշմանը համահունչ, կրկին պետք է խմբագրվի «Բարձրագույն կրթության մասին» օրենքը, եւ ուղարկվի ԱԺ, նախագահին: Չարչրկված, երկար ժամանակ քննարկված օրենքը քննարկումների նոր փուլ է անցնելու, իսկ բուհերը մնում են առանց ռեկտորների, քանի որ այս պահին կառավարման խորհուրդներ չկան, որ ռեկտորներ ընտրեն: Հիշեցնենք, որ Երեւանի պետական համալսարանն արդեն 2 տարուց ավելի է՝ ռեկտոր չունի։ 

«Այսօրվա դրությամբ խորհուրդներ էլ չկան, որ իրականացնեն ռեկտորի ընտրությունը: Բայց 2-2,5 տարի է՝ բարձրագույն կրթության օրենք էին, չէ՞, քննարկում, վիճում էին իմ կոլեգաները, մյուս ռեկտորները: Ծիծաղելի է»,- մեկնաբանում է Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, որը 2011-ից այս բուհի ղեկավարն է: Նա ռեկտորի պաշտոնից հեռացել է հունիսի 16-ին, մանկավարժականը միացավ այն բուհերին, որոնք ամիսներով, տարիներով չունեն ղեկավար: Ըստ Միրզախանյանի, քանի որ չկա օրենք, չկան եւ օրինական խորհուրդներ, ռեկտորին ներկայացվող պահանջների մասին էլ խոսել չի կարելի, որոնք նույնպես «Բարձրագույն կրթության մասին» օրենքով էին սահմանված: 

«Մանկավարժականի կառավարման խորհրդի գործունեության հնգամյա ժամկետն ավարտվել է մայիսին: Փաստորեն, մենք խորհուրդ չունենք: Հետո, մենք հիմնադրամ ենք, ճի՞շտ է: Կա «Հիմնադրամների մասին» օրենք, որն ընդունվել է 2006 թ․։ Ըստ այդմ, եթե հիմնադրամների խորհուրդը 2 ամիս չի ձեւավորվում, ապա կառավարությունը ստեղծում է 3 հոգանոց մարմին: Այդպիսի մարմին ստեղծեցին, որը նշանակեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին: Այդպիսի մարմին նշանակեցին նաեւ մեր դեպքում, եւ այն մեզ մոտ նշանակեց ռեկտորի պաշտոնակատար Խոյեցյանին»,- մեզ հետ զրույցում նշեց Ռուբեն Միրզախանյանը: Մանկավարժականում ծանր են տարել նրա հեռացումը: Ասում են, որ ինքը՝ Միրզախանյանը, այնքան սրտնեղված է հեռացել, որ անգամ չի եկել նոր ռեկտորի ԺՊ-ի ներկայացման արարողությանը: 

- Մեկ շաբաթ առաջ, երբ որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Խոյեցյանին էր ներկայացնում եւ Ձեզ շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար, Դուք ներկա չէիք, ինչո՞ւ:  

- Ես արդեն երկու ամիս է՝ ռեկտորի պաշտոնակատար չէի, իմ ժամկետը լրացել է հունիսի 16-ին:

- Դուք չե՞ք դնելու Ձեր թեկնածությունը նոր ռեկտորի ընտրության ժամանակ: Իրավունք ունեք, չէ՞, մասնակցելու: 

- Այո, օրենքի տեսակետից կարող եմ: Կա օրենք, որ նույն բուհի ռեկտորը չի կարող երկու անգամից ավելի ընտրվել: Առաջին անգամ ես ռեկտոր եմ ընտրվել, երբ Մանկավարժական համալսարանը ՊՈԱԿ էր, եւ երկրորդ անգամ, երբ հիմնադրամ էր: 

- Փաստորեն, կարող եք նորից ընտրվել, որովհետեւ հիմնադրամ եղած ժամանակ մեկ անգամ եք դիմել: 

- Այո, բայց եկեք ընդունենք, որ սա շատ ֆորմալ մոտեցում է: Իրավաբանական տեսանկյունից հիմնադրամը, իհարկե, այլ կարգավիճակ է, բայց խորքում դա նույնն բանն է, ճի՞շտ է: 

- Շատ պաշտոնյաներ հենց այդ եղանակով երրորդ անգամ են պաշտոնավարել: 

- Թույլ տվեք անհամեստություն անել՝ ես «շատ պաշտոնյա» չեմ: 

- Ձեր բուհում, մյուսների համեմատ, ավելի կայուն վիճակ է, դասախոսները հաստիքացուցակով էին ընդունվում աշխատանքի, ի տարբերություն այլ բուհերի, ավելի լավ էին վարձատրվում: Նորմալ չէ՞, որ Դուք կրկին առաջադրվեք: 

- Շնորհակալ եմ բարձր գնահատականի համար, բայց ես այս ամենին վերաբերվում եմ հանգիստ: 

- Ձեզ ոչ ոք չի՞ ասել, որ այլեւս չառաջադրվեք: 

- Ոչ, նման բան չի եղել: 

- Դուք սրտնեղված չե՞ք հեռացել: Այդպիսի տպավորություն կա: 

- Չէ, քավ լիցի, ես նաեւ այլ խնդիրներ ունեմ, գործեր ունեմ, հարցեր ունեմ, նաեւ, մեր մեջ ասած՝ առաջարկություններ, իհարկե, ոչ պետական կառույցներից: Ես հանգիստ եմ վերաբերվում այս ամենին: Թեեւ, սարսափելի թիվ ասեմ՝ ես մանկավարժականում 40 տարի եմ աշխատել, կլոր: Աշխատել եմ 21 տարեկանից ու հիմա 62 եմ: Ինձ որոշ բաներ փրկել են, օրինակ, ես եղել եմ խորհրդարանական երկու կուսակցությունների նախագահ՝ աշխատելով մանկավարժականում: Հիմա Թեքեյան միության նախագահն եմ: 

- Ռեա՞լ եք համարում, որ Մանկավարժականի ռեկտոր դառնա Շիրինյան Լեւոնը: Նրա անունն է շրջանառվում: 

- Ասեմ անկեղծ՝ ի վերջո, մանկավարժականը, ԵՊՀ-ն պետական հիմնադրամներ են, չէ՞, եթե այդպես է, ուրեմն, տվյալ օրվա իշխանությունը պետք է ունենա որոշիչ խոսք: Սա նորմալ է: