Կրթությունը մեխանիկական ժամացույց է, իսկ Արայիկ Հարությունյանը՝ ժամագործ

Կրթությունը մեխանիկական ժամացույց է, իսկ Արայիկ Հարությունյանը՝ ժամագործ

Կրթության նախարարությունը ծավալուն գործընթաց է սկսել՝ հանրակրթության նոր չափորոշիչ է մշակում։ Մի կողմ են դրվելու բոլոր նախկին դպրոցական ծրագրերը, գնահատման համակարգն ու ուսումնառության անհրաժեշտ պահանջները եւ նորերն են ստեղծվելու։ Այլ կերպ ասած՝ հանրակրթության բնագավառում եւս հեղափոխություն է հայտարարվել՝ դպրոցական հեղափոխություն, որը մեր կրթնախի ղեկավարներին օգնում է իրականացնել Հայաստանի կրթական համակարգի վաղեմի բարեկամ, բազմաթիվ ոչ պոպուլյար ու վնասակար պրոյեկտների ֆինանսավորող Համաշխարհային բանկը, իսկ Եվրոպական միությունը ֆինանսավորում է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների եւ մաթեմատիկայի ուսումնական ծրագրերի վերամշակումն ու փորձարկումը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, հունիսի 1-ին ՀԲ եւ ԵՄ ներկայացուցիչների առաջ ելույթ ունենալով, ասել է․ «Մեր նպատակն է ունենալ չափորոշիչ, որը մշակված կլինի համակարգում աշխատող մասնագետների եւ միջազգային փորձագետների կողմից եւ կդառնա մեր կրթական համակարգի զարգացման գրավականը»։ Այնուամենայնիվ, շատերի համար նույնիսկ նախարարության ներսում հասկանալի չէ, թե ինչու էր պետք հիմա անդրադառնալ չափորոշիչներին, որոնք փոխելով, փաստորեն, կրթության համակարգը եւս մեկ անգամ տակնուվրա է արվելու։Մեր հարցերն ուղղեցինք այս գործընթացի համակարգող ԿԳՄՍ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանին։ 


- Ինչո՞ւ եք ուզում հենց այս փուլում փոխել հանրակրթության չափորոշիչները։ Ի՞նչ փուլում է գործընթացը։ 

- Մեր այսօրվա չափորոշիչները, այդ թվում գրված չեն «գիտելիք-հմտություն-կարողությունների» տեսքով։ Մենք այսօր ունենք 20-րդ դարի կրթական համակարգ, որով ջանքեր ենք գործադրում 21-րդ դարի շրջանավարտ ստեղծելու, դրա համար ունենք անհամապատասխանություն։ Կրթության բովանդակությունը եւ դասավանդման մեթոդաբանությունը չեն հետաքրքրում սովորողին, որովհետեւ սովորողի դպրոցական աշխարհը նրա առօրյա աշխարհի հետ չի կապվում։ Չափորոշիչների մշակումը պայմանավորված է նրանով, որ մենք ստեղծենք այնպիսի բովանդակություն եւ դասավանդման ու ուսումնառության այնպիսի մեթոդաբանություն կիրառենք, որով ունենանք այն քաղաքացուն, որին ուզում ենք։

- Այսինքն՝ Ձեր ասած քաղաքացու համար այսօրվա չափանիշները ցածր են։

- Խնդիրը ցածրը կամ բարձրը չէ, խնդիրը դրվում է՝ ոչ թե ֆիզիկայի նոր օրենքներ հորինել, այլ, ասենք, ֆունդամենտալ ֆիզիկան ուսումնասիրելուն զուգահեռ հասկանալ, թե շրջակա աշխարհում որ երեւույթի ուսումնասիրության կամ ինչի համար է պետք ֆիզիկայի տվյալ օրենքի ուսումնասիրությունը։

- Կիրառական մոտեցումն եք ուզում կուլտիվացնել։

- Ոչ միայն կիրառական։ Մեր կրթությունն այսօր կառուցված է գծային մոտեցմամբ, այսինքն, պատ ենք շարում՝ քարը քարի վրա դնելով, եթե մի քար չլինի, պատը չի ստացվի։ Իսկ այսօր մեզ անհրաժեշտ է կառուցել սպիրալաձեւ կրթական համակարգ, այսինքն՝ երեւույթների ուսումնասիրությունը մի մակարդակից անընդհատ տարբեր մակարդակներում շարունակել ուսումնասիրել՝ մեծացնելով դրանց ծավալն ու խորությունը։ Մեր հանրակրթության պետական չափորոշիչը ու դրանից բխեցնելով առարկաների չափորոշիչներն ու ծրագրերը՝ այս տրամաբանությամբ չեն գրված։ Մենք սա խնդիր ունենք փոխելու ուսուցիչների որակավորման համակարգի փոփոխությանը զուգահեռ։ Այն ավելի լավ կլինի, որ մենք անվանենք մեծահասակների կրթության համակարգ։ Այնպիսի մեխանիզմ ենք դնում, որ տարբեր քաղաքական տուրբուլենտ վիճակներում մեր կրթության համակարգը մեխանիկական ժամացույցի պես կարողանա շարունակել իր առաքելությունն իրականացնել։ Եթե ուզում ենք լավ ժամացույց հավաքել, պետք է ժամանակ վերցնենք ու ճիշտ պլանավորենք։ Տարիներ շարունակ մենք չենք պլանավորել մեր կրթության համակարգը, չենք ունեցել ժամանակ։ Մենք այս մեկ տարում այդ ժամացույցի տարբեր մասնիկներն ենք հավաքել, փայլեցրել, շարել ենք սեղանին, հիմա փորձում ենք իրար հետ հավաքել։ Հսկայական աշխատանք է կատարվել պլանավորման առումով։

- Հիմա կրթության չափորոշիչների փորձագետների խմբեր են ստեղծվում, ովքե՞ր են այդ փորձագետները։ 

- Համաշխարհային բանկն աշխարհի մակարդակով կրթության ոլորտի 6 առաջատար փորձագետ ունի, որոնք մյուսներին իրենց հետեւից տանում են։ Վեցից երկուսին մեզ հաջողվել է մեր բարեփոխման աշխատանքային խմբում ընդգրկել։ Բոլոր տեղական փորձագետները բաց հայտարարությամբ են ընտրվել։ Առավել թափանցիկ գործընթաց մեր 28 տարվա պատմության մեջ չի եղել։

- Իսկ կրթության նախարարության մասնագետները չե՞ն մասնակցում, այսպես ասեմ՝ ի՞նչ չափով են մասնակցում։

- Նախարարության մասնագետներն ընդգրկված են համակարգող խմբերում։ Կրթության նախարարությունը չունի ֆիզիկայի կամ, ասենք, հայոց լեզվի մասնագետներ։ Նախարարությունը քաղաքականություն մշակող է, իսկ մեզ պետք են էքսպերտներ։ Նախարարությունը չափորոշիչ մշակելու գործառույց չունի։

- Որքա՞ն է տեւելու ամբողջ գործընթացը։

- Երկու-երեք տարի՝ մշակում, փորձարկում, ուսուցիչների վերապատրաստում, ստանդարտներ, ուսումնառության ու դասավանդման նյութերի ստեղծում՝ բայց չափորոշիչների մշակման փուլը նախատեսված է ավարտել 2020 թվականի մայիսին։

- Զուգահեռաբար որոշ էլեմենտներ մտցնելո՞ւ եք, թե՞ մշակելու եք, ավարտեք, նոր միանգամից կիրառեք։   

- Միանգամից նման բաներ չեն արվում։ Եթե միանգամից անենք, կունենանք այն, ինչ ունեցանք 11-ամյա կրթությունից 12 տարվա անցնելու ժամանակ՝ մեծ պրոբլեմ բուհերի ընդունելության հետ կապված։ Զուգահեռաբար այսօրվա իրավիճակի փոփոխություն ենք անում՝ կարճաժամկետ փոքր ծրագրերով, որոնք միտված են մեր համակարգային փոփոխությունները լրացնելուն։ Շուտով կհայտարարենք մի շարք կարճ ծրագրերի մասին, բայց առանց մի ծրագիր մինչեւ վերջ մշակելու, հանրային քննարկումն անելու, լրամշակելու, փորձարկելու, չենք կիրառելու։

- Համաշխարհային բանկի նկատմամբ հանրությունն անվստահություն ունի։ Հիշենք դասագրքերի մշակումը, որին այդ կառույցը մասնակցել է, այլ պրոցեսներ, որոնք խառնաշփոթ ստեղծեցին։ Այս անվստահությունը ձեզ չի՞ զսպում։

- Լինելով փորձագիտական համայնքի ներկայացուցիչ, իսկ հիմա գալով պետական համակարգ՝ հստակ գիտեմ, որ որեւէ միջազգային կառույց՝ իր օրակարգով, գալիս է պետության հետ խոսելու, եթե պետությունն իր օրակարգը, իր ռեֆորմները չունի։ Այսօր մենք ունենք հստակ մեր առաջ դրած խնդիրներ, բարեփոխումների  հայեցակարգ։ Շատ է եղել, որ գործընկեր-կազմակերպություններն  ուզել են, որ մենք իրենց պլանով աշխատենք, մենք նրանց ասել ենք՝ ոչ։