Արև, մայր մտիր, թող Վահե Գրիգորյանը ճառագի հետհեղափոխական Հայաստանի վրա

Արև, մայր մտիր, թող Վահե Գրիգորյանը ճառագի հետհեղափոխական Հայաստանի վրա

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրության գործընթացը երեկ խորհրդարանում վերածվեց Վահե Գրիգորյանի մեծարանքի ցերեկույթի։ Նախօրեին «Իմ քայլի» պատգամավորներին մի լավ մշակել էին ՔՊ գրասենյակում եւ ուլտիմատումներ տվել՝ Վահեն պիտի անցնի, նրա հերոսական կերպարն ԱԺ ամբիոնից ներկայացնելը յուրաքանչյուր իմքայլականի սուրբ պարտականությունն է։ Եվ ԱԺ դահլիճում մի քանի ժամ շարունակ քծնանքի մթնոլորտ էր տիրում։ Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության «սրտի թեկնածու» Գրիգորյանի մասին դիֆերամբներ ձոնվեցին, «երեք մանեթանոց լացուկոծ» եղավ, իմքայլականները եւ ոչ միայն, մոտավորապես ասում էին՝ «արեւ, մայր մտիր, թող Վահե Գրիգորյանը ճառագի համայն հետհեղափոխական Հայաստանի վրա»՝ իր հետ բացելով արդարադատության նոր էջը, որ մթագնել էին նախկինները։ Ազգընտիրները Վահե Գրիգորյանի մասին խոսում էին այնպիսի լալահառաչ ու հուզված տոնով, ասես մի նոր փրկիչ էր հայտնվել երկրի երեսին՝ պատրաստ մեզ՝ մեղսակիցներիս մաքրագործելու դարավոր ախտերից։ Ավելին, երբ այս մթնոլորտը տեղ-տեղ ընդմիջվում էր որոշ ընդդիմադիր պատգամավորների քննադատություններով, այդ ընթացքում իշխանության շարքերում մարդիկ էին «վատանում», տեղից գոռգոռում նրանց վրա, ովքեր համարձակվում էին Վահե Գրիգորյանին ասել՝ աչքիդ վերեւը հոնք կա։ 

Մասնավորապես, ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի ելույթի ժամանակ դահլիճի հետին շարքերում իրարանցում էր, իսկ պատգամավոր Էդգար Առաքելյանն ինչ-որ պահից սկսեց գոռգոռալ, բայց լսելի չդարձավ, թե ինչից է զայրացել։ Բանն այն է, որ, ի տարբերություն նախագահի ներկայացրած մյուս թեկնածուների, որոնց «Իմ քայլում» հավատաքննության էին ենթարկում ու քաղաքական պուլսը ստուգող հարցադրումներ անում, Վահե Գրիգորյանին անգամ «միջին ծանրության» հարցեր  չուղղվեցին, հերթագրված մի քանի պատգամավորներն էլ առանձնակի զգուշավորությամբ, թեկնածուին «գուրգուրելով» էին հարցեր տալիս։ Տաթեւիկ Հայրապետյանը, օրինակ, խնդրեց Վահե Գրիգորյանին վերահաստատել «Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» արտահայտությունը՝ նկատի ունենալով, որ Գրիգորյանն ընկերական հարաբերություններ ունի «Իմ քայլի» որոշ պատգամավորների հետ։ Ապա հետաքրքրվեց, թե ինքն արդյոք զգո՞ւմ է արժեհամակարգային լուրջ տարբերություն այն իրավիճակի հետ, որն այսօր առկա է Սահմանադրական դատարանում։ Իսկ պատգամավորների ելույթները չկրկնվող  ներբողներ էին։

«Ամենացնցողը» Գայանե Աբրահամյանի ելույթն էր, որի ընթացքում պատգամավորը հուզվեց ու չկարողացավ զսպել արցունքները։ Նա պատմեց, որ Գրիգորյանին ճանաչել է տնազրկված քաղաքացիների գործի շրջանակներում․ «Ես այդ օրն առաջին անգամ իմացա Վահե Գրիգորյան փաստաբանի մասին: Հյուսիսային պողոտայի ունեզրկման եւ այդ ամբողջ պայքարի մասին հոդվածս գրելու օրերն էին, եւ գնացի Տերյան-Թումանյան խաչմերուկում գտնվող մի տուն, որտեղից վտարում էին բնակիչներին, այդ թվում՝ մի կնոջ, ով քաղցկեղով էր հիվանդ եւ գամված էր անկողնուն: ԴԱՀԿ-ի աշխատակիցներն այդ կնոջն անկողնով հանեցին դուրս: Երբ ես այդ կնոջը հարցրեցի, թե ինչ է կատարվում, նա ասաց․ «Ես, մեկ է, մեռնելու եմ, բայց գիտեմ, որ Վահեն ընտանիքիս կողքին է լինելու»: Մի քանի օր հետո այդ կինը մահացավ: Վահեն այդ օրերին իրավունքի պաշտպանության միակ հույսն էր: Եվ դա չէր արվում քաղաքական հայացքների համար»։ Լալահառաչ ձայնով պատմեց նա՝ փորձելով հերքել այն մեղադրանքները, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը քաղաքական ընտրություն է, եւ որ իշխանությունը ՍԴ է գործուղում յուրայինին։ Թեկնածուին փառաբանելու գործում առանձնակի ակտիվ էին ճամբարափոխները, որոնք ԼՀԿ-ից են ներգաղթել իշխանության շարքերը։

«Պարոն Գրիգորյանի առաջադրումը ու նաեւ մեր կողմից ընտրությունը արդարությունն է վերականգնում»,- հայտարարեց Վիկտոր Ենգիբարյանը՝ շնորհակալություն հայտնելով նախագահին առաջադրման համար: «Պարոն Գրիգորյան, գնացեք եւ դարձեք պետության խիղճը»,- հետ չմնաց Հայկ Կոնջորյանը։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ, ի պատասխան քննադատություններին, թե Գրիգորյանն իշխանության շարքերում բազում ընկերներ ունի ու չի կարող անաչառ որոշումներ կայացնել որպես դատավոր, ասաց․ «Ես Ձեզ հետ ցանկանում եմ ընկեր մնալ նաեւ այն ժամանակ, երբ Դուք դառնաք ՍԴ դատավոր: Այլ բան է, որ ես ինձ երբեք թույլ չեմ տա միջամտել ՍԴ դատավորի գործառույթներին»։ Վարդանյանը մի ընդարձակ դասախոսություն կարդաց ՍԴ դերի ու նշանակության մասին, եւ թե ինչպես ցայսօր այն չի կատարել իր բուն գործառույթները՝ թերեւս մոռանալով, որ տարիներ շարունակ ինքն էլ է աշխատել ՍԴ աշխատակազմում ու կարող էր գեթ մեկ անգամ հրապարակային խոսել այդ կառույցի թերացումների ու բացթողումների մասին։ Իր խոսքը նա եզրափակեց՝ ասելով, որ «պարոն Գրիգորյանի մտքերն արդարադատության ոլորտում այն բարձր արժեքները կարող են լինել, որոնց հիման վրա գալիք սերունդների համար կձեւավորվի անհրաժեշտ սահմանադրաիրավական միջավայր, որի շրջանակներում հնարավոր կլինի ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը»: 

Քննարկման ընթացքում ԲՀԿ-ից ու ԼՀԿ-ից մեկական ջախջախիչ ելույթ հնչեց՝ Գեւորգ Պետրոսյանի եւ Տարոն Սիմոնյանի կողմից, որոնք Վահե Գրիգորյանին հիշեցրին իր նախկին հայտարարությունները, եւ որ օրենքը չի թույլատրում Վահե Գրիգորյանի կրկին առաջադրումը։ Սակայն նրանց ելույթներից հետեւություն չարեցին անգամ սեփական խմբակցություններում։ Ճիշտ հակառակը՝ Արման Բաբաջանյանն այնպիսի դրվատող ելույթ ունեցավ, որ իմքայլականները հոտնկայս ծափահարում էին։ 

Թեկնածուն ստացավ 99 կողմ, 22 դեմ ձայն, ինչը նշանակում է, որ ընդդիմությունից առնվազն 14 պատգամավոր կողմ է քվեարկել Գրիգորյանին։ Բացի այդ՝ «Իմ քայլից» 3 անձ չի մասնակցել քվեարկությանը․ Սասուն Միքայելյանը՝ բացակայության, իսկ Թագուհի Թովմասյանն ու Արսեն Ջուլֆալակյանը՝ անհայտ պատճառներով։