Ցեղասպան Թուրքիան՝ խաղաղարար

Ցեղասպան Թուրքիան՝ խաղաղարար

Զարմացած եմ, զարմացած անչափ: Եթե մինչև մարտի 9-ը զարմացած էի մնում իշխանությունից, նախորդ օրվանից զարմացած եմ ընդդիմությունից և ընդհանրապես իրավիճակից: Երևի բացառությամբ լրատվական կայքերի, որոնք թուրքական ու ամերիկյան աղբյուրներից բացահայտեցին մեր օրերի ամենակարևոր իրադարձությունը: Ֆորմալ առումով այն ընդամենը հանդիպման ընթացքում ասված մեկ-երկու նախադասություն էր: Բայց բովանդակային առումով այն ավելի կարևոր էր, քան, ասենք, տարեսկզբից սկսած բոլոր իրադարձությունները միասին: Իսկ լուրն այն էր, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի և Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հանդիպմանը խոսվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռված և կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար միացյալ աշխատանքի մասին: Հիշում եք, եվրաչինովնիկներից Կլաարն էր մեկ-երկու օր առաջ հայտարարել, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացը պետք է տեղի ունենա Թուրքիայի հովանավորությամբ: Եվ եթե պարոն Տոյվոյի ասածը կարելի էր բանի տեղ չդնել, ապա նույն վերաբերմունքը չես կարող ունենալ ԱՄՆ-ի պետքարտուղարի նկատմամբ:

Զարմացած լինելուց բացի նաև մեկ այլ զգացում է պատել ինձ, ինչն անվանում դեռևս չունի՝ չնայած տեղյակ եմ ծագմանը: Այն է՝ իրենց գրագետ ու նույնիսկ խելացի համարողներն այնքան  կռկռացին երբեմնի դաշնակից Ռուսաստանի հասցեին, որ վերջինս գոնե ԱՄՆ-ի աչքում փոխարինվեց Թուրքիայով: Մնում է պատկերացնել, թե ինչպես է Թուրքիան նպաստելու  Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռված խաղաղության հաստատմանը: Այն երկիրը, որ մերժում է ցեղասպան լինելու պատասխատվությունը: Դա՝ մեկ, և երկրորդ՝ 44-օրյա պատերազմում ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանը պարտվեր: Եվ երրորդ՝ ամեն ինչ անում է, որպեսզի կյանքի կոչվի, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը: Թե այդ երկրի ջանքերով ինչպիսի  հավասարակշռված խաղաղության է հաստատվելու՝ կարծում եմ, որ որևէ մեկը կասկած ունենալ չի կարող: Ինչ մնում է կայունությանը, ապա դրանում ևս կասկած լինել չի կարող. թուրքական զինված ուժերի հովանու ներքո կհաստատվի հնարավորինս կայուն կապիտուլյացիոն խաղաղություն: 

Իսկ ես զարմացած եմ, որ ֆեյսբուքյան մեկ-երկու արձագանքից բացի այլ արձագանքներ չեղան: Երևի «մեղավորը» շաբաթ օրվա պահն էր: Ասում եմ երևի, քանի 2020 թվականի աշնան սկզբից այս կողմ ինձ համար գոյություն չունեն աշխատանքային և ոչ այդպիսի օրեր: Բայց եթե նույնիսկ «մեղավորն» իսկապես աշխատանքային շաբաթավերջն էր, ապա հույս ունեմ, որ երկուշաբթի օրը գրագետ մարդիկ կարթնանան ու կփորձեն ճշտել, թե ինչպես է ցեղասպան պետությունը խաղաղություն հաստատելու մեր տարածաշրջանում: Իսկ այդ երկիրը չէր կոչվի ցեղասպան, եթե ընդուներ իր նախորդի հանցագործությունը և մեղա գար: Ինչը երևի կլիներ ֆանտաստիկայի ոլորտից: