Մենք գնում ենք չհիմնավորված վա բանկի․ Երվանդ Թարվերդյան

Մենք գնում ենք չհիմնավորված վա բանկի․ Երվանդ Թարվերդյան

Վերջին շրջանում Իրանի հետ հանդիպումները շատացել են, նույնիսկ համաձայնություն ձեռք բերվեց Իրանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել երեք միլիարդի, իսկ այժմ դրվել է 300 ԱՄՆ դոլարի հասցնելու նշաձողը։

Գործարար, «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Իրանը հազարամյակների բարեկամ պետություն է մեզ համար, որը մուսուլմանական աշխարհում Հայաստանի համար ամենամտերիմ պետությունն է, ում հետ այսօր ունենք նաև ընդհանուր շահեր։

«Բացի տնտեսական շահերից, մենք ունենք գեոքաղաքական շահեր։ Արևմուտքի՝ Հայաստան մուտք գործելու նպատակներից մեկն էլ այն է, որ Իրանի գլխավերևում այս բացը փակեն։ Կան թուրք-իրանական հակասություններ, Ադրբեջան-Իրան հակասություններ, սակայն կա բարեկամ Հայաստանը՝ Իրանի համար և ինչպես դեռևս առաջին Արցախյան պատերազմի ժամանակ Իրանն էր հանդիսանում հայկական հույսի ճանապարհը, ոնց որ 44-օրյա պատերազմի ընթացքում մեզ մոտ ռազմամթերքը հասնում էր միայն Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով, որովհետև Արևմուտքը պարտադրել էր Վրաստանին փակել ճանապարհը և նրանք փակել էին զենքի ճանապարհը Ռուսաստանից Հայաստան։ Ինչ վերաբերվում է ապրանքաշրջանառությանը, խնդրում եմ դիտարկել ապրանքների արտահանման ստրուկտուրան և տեսեք, թե ինչքան խմիչք ենք մենք արտահանում նույն ՌԴ՝ կոնյակ, գինի և այլն, որն արգելված է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ USAID-ին անցած տարի ուսումնասիրեց Հայաստանի արտահանման հնարավորությունները և իմ կարծիքով նրանք չգտան այն պետությունները, ուր կարող են այդ ապրանքները արտահանել։ Եթե մեզ առաջարկեն, թե որտե՞ղ մենք կարող ենք դա արտահանել ու վաճառել։ Չինաստանո՞ւմ, եթե նրանք նկատի ունեն Չինաստանը, ապա մենք գիտենք, որպես սկզբունքներ ունեցող պետություն, հաշվի առնելով Չինաստան-Ռուսաստան, Չինաստան-Իրան լավ հարաբերությունները, նրանք կարող են մեր ապրանքն ընդհանրապես չընդունել՝ ելնելով սկզբունքային քաղաքական մոտեցումներից»,-ասաց Թարվերդյանը։

Գործարարը հարցադրում է անում՝ ո՞ր ապրանք ենք մենք արտահանելու Իրանի Իսլամական Հանրապետություն։ Եթե գյուղմթերքը, ապա ունենք մեծ խնդիր, ու այստեղ մրցակից չենք Իրանի հետ։ Իրանում գազի գինը որքան է, և որքան է այն Հայաստանում ու որքան կդառնա, եթե խզենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ սրանք կարևորագույն հարցեր են, որոնց շուրջ պետք է մտածենք։

Ակնկալել, որ Իրանը մեզ էժան գազ է տալու այն բանից հետո, երբ թույլ տանք, որ մեր տարածաշրջան մտնեն ամերիկացիներն ու եվրոպացիները, ապա դա անհնարին է։

«Ես ինքս դեմ եմ Եվրոպայի հետ հարաբերությունները վատացնելուն, սակայն սկզբունքային փոփոխության տրամաբանությունը չեմ ընդունում։ Երբ աշխարհում ամեն ինչ գերլարված է ու անընդհատ փոփոխվում է, բժշկության մեջ տերմին կա՝ ստաբիլ վատ է, եթե մենք ուզում ենք ինչ-որ կտրուկ քայլեր անել, մենք գնում ենք չհիմնավորված վա բանկի, որովհետև տարածաշրջանի հիմնական խաղացողները չեն ուզում, որ տարածաշրջանում էլ ավելի մեծացնեն իրենց ազդեցությունը արևմտյան երկրները»,-ասաց Թարվերդյանը։

Թարվերդյանը կոչ է անում ճիշտ օգտագործել հայկական սփյուռքի ռեսուրսը․ «Պետք է փորձել մեր հայրենակիցներին հրավիրել Հայաստան, փորձել հասկանալ, թե իրենց երկրների քաղաքական շահերը որոնք են և արտաքին քաղաքականություն վարելուց մեկի հաշվին չզարգացնենք հարաբերությունները մյուսի հետ, այլ փորձենք Հայաստանը դարձնել պատերազմների կանգնեցման հարթակ»։

«Նեյտրալ պետություններ այսօր աշխարհում չկան գրեթե։ Մենք բոլորի հետ համարվում ենք, ինչ-որ առումով բարեկամ պետություններ։ Ընդ որում այդ թվարկածների մեջ այսօր մեր իշխանությունները դիտարկում են, համենայնդեպս քաղաքական գործիչները, որ Ռուսաստանից ենք վտանգ սպասում։ Բայց Ռուսաստանը հստակ ասում է՝ մեզնից վտանգ չկա, եկեք ճշտենք մեր ժամացույցները, հասկանանք, ինչ մոտեցումներով, ինչ սկզբունքներով ենք առաջ գնալու։ Եվ միակ ճիշտ դիրքորոշումը ոչ թե բալանսավորված արտաքին քաղաքականություն կազմակերպելն է արդեն, այլ Հայաստանը բանակցությունների համար հարթակ ստեղծելու մոդելն է»,-ասաց գործարարը։

Վերադառնալով արտահանման ծավալներին, Թարվերդյանը շեշտեց, որ արտահանման ծավալը , որը ՀՀ-ն իրականացնում է դեպի ՌԴ՝ 46 տոկոս է կազմում, իսկ հաջորդ պետությունը արտահանման ծավալներով 4-5 տոկոս է․ «Անհնար է տնտեսական դաշտում այդ ամբողջ ծավալը ուղղորդել մեկ այլ երկիրը։ Արտահանման ծավալը, եթե մենք դիտարկում ենք տարբեր պետությունների ղեկավարների հանդիպումները, նրանց խոսքում տեսնում ենք առաջին, երկրորդ և երրորդ նախադասությունների մեջ հնչում է, թե նրանց երկրների միջև ապրանքաշրջանառությունը որքան է կազմում և քանի տոկոսով է աճել։ Եթե մենք դիտարկում ենք ՀՀ-ի արտահանման ծավալների աճը Ռուսաստանի հետ, դա երրորդ երկրներից տարանցիկ ապրանքների փոխադրումն է Ռուսաստան, բնական աճը պետությունների առևտրի մեջ սովորաբար 5, 10, 15 տոկոսը չի գերազանցում։ Մի լավ խոսք կա, ասում են՝ համ ուզում է կույս մնալ, համ հաճույք ստանալ։ Այդպես չի լինում, չի կարելի հակասություն ունենալ քաղաքական ու ռազմաքաղաքական առումով, բայց օգտվել տնտեսական հնարավորություններից»։