Քաղաքակրթական որակներ չեն փնտրում ոչ քաղաքակիրթ հասարակությունում

Քաղաքակրթական որակներ չեն փնտրում ոչ քաղաքակիրթ հասարակությունում

Դեռևս 100 տարի առաջ էին հայոց մեծերն ու մեկ-երկու քաղաքագետ արձանագրել, որ մեր հասարակությունը փչացած է ներսից: Եվ որ հայրենասիրության առումով մեր խնդիրները պայմանավորված են այդ հանգամանքով: Ու այդ փչացածության կնիքն են կրում բազմաթիվ մարդիկ: Որոնք նորածին պետության նկատմամբ որդեգրել էին այնպիսի վերաբերմունք, ինչպիսին կորդեգրեր թուրքը: Ու այդ պատճառով էլ դրանց համապատասխան անվանում էին տվել՝ թրքացած հայեր: Դժբախտաբար, 100 տարի անց շատ քիչ բան է փոխվել մեր հայրենիքում: Ինչի արդյունքում դրա կեսն անտարբեր է (առնվազն 2021-ին ընտրությունների ժամանակ թքած ուներ) հայրենիքի ճակատագրի նկատմամբ: Մյուս կեսի մեծամասնությունն էլ պահում է իրեն այնպես, ինչպես կպահեր թուրքը: Այսինքն, ամեն կերպ կաջակցեր խայտառակ պարտության խորհրդանիշ հանդիսացող վարչապետին:

Որպես հենարան կծառայեր ազգադավ իշխանության ղեկավարին: Այն ղեկավարին, որի քաղաքական առումով հոգևոր հայրը վերջերս նրան բնութագրել էր որպես ազգակործան պատուհասի: 
Որը, սակայն, փորձում է արդարացնել պետությունը կործանման տանող իր գործունեությունը: Լինի դա անընդհատ սխալվելով ճշմարիտ ճանապարհ փնտրելը թե այդ ճանապարհից չշեղվելն ու չհանձնվելը: Առանց գիտակցելու, որ այն ինչ կարող է ճշմարիտ լինել անհատի համար, պարտադիր չէ, որ  այդպիսին լինի հասարակության համար: Եվ ոչ միայն այդպիսին չէ, այլև կարող է վտանգավոր լինել նույն այդ հասարակության համար: Որովհետև հասարակությունն ինքնաբավ չէ և կտրված չէ արտաքին աշխարհից: Իսկ եթե արտաքին աշխարհում առկա են նաև թշնամիներ, ովքեր ցանկանում են այդ հասարակության վերացումը, ապա նման փորձարկումները չեն կարող սպառնալիքներ չգեներացնել: Դա՝ մեկ: Եվ երկրորդ՝ թեկուզ ենթագիտակցության մակարդակում ընկալելով իր գաղափարի խախուտ լինելը՝ անընդհատ փնտրում է արդարացումներ: Ու դրա հետ միասին անընդհատ ջարդում է իր ղեկավարած երկրի ազգաբնակչության ոգին՝ վախ սերմանելով նրանում:  

Եվ որպես նախկինում արտաքնապես «դուխով», սակայն իրականում համարձակությունից ու վճռականությունից զուրկ անձնավորություն՝ նրան թվում է, թե թշնամին ևս իր նման դիմելու է արդարացումների ու բացատրությունների: Թե՛ ֆեյսբուքում և թե՛ «Հրապարակ»-ի էջերում բազմիցս եմ ասել. թշնամին դրա կարիքը բացարձականապես չունի: Նա նման է վայրի գազանի, ասենք վագրի, որ կարող է ժամերով դարանակալել զոհին ու հարմար պահը որսալով՝ մի ցատկով և թաթի մեկ հարվածով վերջ տալ դրան: Այդպիսին է գիշատիչ կենդանու բնույթը, և ճիշտ այդպիսին է նաև Ադրբեջան կոչվող պետության և նրա ղեկավարի բնույթը: Քաղաքակրթության զուտ արտաքին ատրիբուտներ որդեգրած հասարակության առումումով քաղաքակրթական որակներ փնտրելը սխալ ճանապարհ է: Իսկ քաղաքականության մեջ թեկուզ մեկ անգամ սխալվելն է վտանգավոր՝ ո՜ւր մնաց սխալվելով ճշմարտություն գտնելը: Սա է, որ չի գիտակցում ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը: Ու անընդհատ փորձում է արդարանալ խոսքային ձեռնածություններով՝ պետությունն էլ տանելով կործանման: