Գագիկ Սարգսյանին մեղադրում են ՔՊ-ականների նկատմամբ «ահաբեկչության փորձ» կատարելու համար

Գագիկ Սարգսյանին մեղադրում են ՔՊ-ականների նկատմամբ «ահաբեկչության փորձ» կատարելու համար

Մենք երեկ գրել էինք, որ ԱԱԾ հատուկ ջոկատայինները ներխուժել են դաշնակցական Գագիկ Սարգսյանի տուն և բերման ենթարկել նրան։ Ապա Գ.Սարգսյանի որդին` լրագրող Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ հորը Քննչական կոմիտե են տարել: Ավելի ուշ պարզեցինք, որ Գ.Սարգսյանին հրավիրել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի տան մոտ տեղի ունեցած պայթյունի հետ կապված, նրան կասկածում են այդ պայթյունը կազմակերպելու մեջ: 

Քիչ առաջ տեղեկացանք, որ Գագիկ Սարգսյանի նկատմամբ նախաքննության մարմինը կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան։ Շուտով դատարանը կքննարկի հարցը։ Ինչ վերաբերում է մեղադրանքին, Գագիկ Սարգսյանի պաշտպան Վահե Եփրիկյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Սարգսյանը չի ընդունում իր մեղքը. 

«Ցանկանում եմ ներկա պահին հայտնել, որ պաշտպանյալս` Գագիկ Սարգսյանը ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին` մեր գնահատմամբ մեղադրանքը խիստ վերացական է, ակնհայտորեն չի համապատախանում քրեադատավարական չափորոշիչներին, մասնավորապես` հայտնի չէ, թե Գ. Սարգսյանը հատկապես ի՞նչ գործողություններ է իրականացրել նշյալ հանցակազմի իմաստով, ուստի ՔԿ-ի տարածած հաղորդագրության վերնագիրը, թե «...ահաբեկչության դեպքերը բացահայտվել են» խստագույնս չափազանցված է։ Կալանավորման միջնորդություն է ներկայացվել, դատարանը հեռացել է առանձին սենյակ` որոշում կայացնելու համար: Այն կհրապարակվի այսօր ժամը 16:00-ին», - ասաց փաստաբանը: 

Իսկ ի՞նչ հիմքով են միջնորդել, որ Սարգսյանը կալանավորվի. «Ասում են իբրև ահաբեկչության փորձ, չեմ ցանկանում նախաքննության գաղտնիքի բովանդակությունը խախտել, միայն կարող եմ ասել, որ պաշտպանյալս չի ընդունում իր մեղավորությունը, քանի որ չի կատարել իրեն վերագրվող առերևույթ հանցանքը: Նույն գործով այլ կալանավորված անձ ևս կա, սակայն չեմ կարող ասել, թե ով, նա իմ պաշտպանյալը չէ: ՔԿ-ի տարածած հաղորդագրության վերնագիրը, թե «...ահաբեկչության դեպքերը բացահայտվել են» խստագույնս չափազանցված է», - ասաց փաստաբանը: