Կախե՛լ․ Սիմոնյանը՝ ՌԴ-ի և Պուտինի ընդդիմախոսների դեմ պայքարի մասին

Կախե՛լ․ Սիմոնյանը՝ ՌԴ-ի և Պուտինի ընդդիմախոսների դեմ պայքարի մասին

«Ռոսիա Սեգոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Россия 1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ պայքարի միջոցներ է առաջարկել նրանց դեմ, ովքեր դեմ են Ռուսաստանի և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը։

Հայազգի մեդիագործիչը ռուս-ուկրաինական պատերազմից սկսվելուց հետո ՌԴ-ից հեռացածներին անվանել է «հեռացած վիրուսներ»։ Սիմոնյանի խոսքով, հեռացողների մոտ գարնանը սրացումներ են դիտվել, կարոտախտն ավելի է ակտիվացել է․ «Նրանք ունեն մեկ հակադեպրեսանտ դրա համար՝ աուտոթրեյնինգ, ինքնահոգեթերապիա։ Նրանք բոլորն իրենց համարում են կախաղան հանողներ։ Այս շաբաթ նրանք կրկին ստորագրեցին, թե ինչպես են մեզ բոլորիս կախելու»:

Սիմոնյանը դժգոհել է, որ արեւմուտքում հերոսացնում են ռուս ընդդիմադիրներին ու անկախ լրագրողներին. նա հիշեցրել է Նիկոլայ I-ի օրինակը, ով ֆրանսիական իշխանություններին ստիպեց հրաժարվել Եկատերինա II-ի արկածների մասին ներկայացման բեմադրությունից՝ սպառնալով այնտեղ ուղարկել «մոխրագույն վերարկուներով 300 հազար հանդիսատես», ինչպես 1812 թվականին։ Երկրի ներսում իշխանությունների հակառակորդների համար Սիմոնյանն առաջարկել է վերադառնալ կոմս Միխայիլ Մուրավյովի գործելաոճին, ով 1863 թվականի լեհական ապստամբությունը ճնշելուց հետո ստացել է բոլորին հայտնի «կախաղան բարձրացնող» մականունը։ «Մեր պատմության մեջ այսպիսի կոմս Մուրավյով կար՝ բոլորին հայտնի կախաղան բարձրացնողը։ Նա կախաղան հանված դեկաբրիստի՝ մեկ այլ Մուրավյովի ազգականն էր։ Եվ երբ նրան մեղադրեցին դրա համար, նա ասաց. «Ես այն Մուրավյովներից չեմ, որոնց կախել են։ Ես այն Մուրավյովներից եմ, ովքեր կախում են»։

Եվ իսկապես, նա հրապարակավ կախաղան հանեց 128 գրոհայինների, որոնց, բնականաբար, արևմտյան մամուլը անվանեց ոչ թե զինյալներ, այլ՝ ապստամբներ... Եվ ինչ եմ ուզում ասել՝ ահա այսպիսի կախաղան հանող դահիճներ են մեզ պետք... Չգիտեմ՝ կհասնի Լեհաստան, թե՝ ոչ, բայց այն տարածքներում, որոնք արդեն մերն են, մեզ իսկապես պետք է... կարգապահություն...»: