Եթե հայհոյանքի համար մարդկանց հետապնդենք, ՀՀ մեծամասնությանը պետք է հետապնդենք

Եթե հայհոյանքի համար մարդկանց հետապնդենք, ՀՀ մեծամասնությանը պետք է հետապնդենք

Հայաստանում քաղբանտարկյալների թիվն օր օրի ավելանում է, սակայն ակտիվ մշակութային գործիչները, իրավապաշտպանները, միջազգային իրավունքի ջատագովները լուռ են, ասես ոչինչ չի պատահել: Նախկինում նրանք ակտիվ քննադատում էին նախորդ իշխանություններին, աղաղակում նրանց սխալների եւ բացթողումների մասին, պաշտպանում մարդու իրավունքներն ու անմեղության կանխավարկածը, պայքարում խոսքի ազատության եւ դատական անկախության համար: 

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Բաց հասարակության հիմնադրամների խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանը, անդրադառնալով Ֆեյսբուքում իշխանությունների դեմ գրառումների համար քրեական հետապնդումներին, նշում է, որ հայհոյանքը նույնքան դատապարտելի է, որքան հայհոյողին դատապարտելը: Նրա կարծիքով` պետք է ուղղակի արհամարհել ցանկացած տեսակի հայհոյանք եւ առաջ անցնել։

 «Ովքե՞ր են կալանավորվել, չգիտեմ, բայց ես բացասական եմ վերաբերվում հայհոյանքներին եւ հայհոյանքների համար հետապնդումներին: Կարծում եմ` դա բարոյականության մեջ տեղավորվող հարց է պարզապես, ընդ որում` կապ չունի, թե քաղաքացին ով է` արցախցի է, հերոսի հարազատ է, թե ով է: Սա բարոյականության հարց է, այլ ոչ թե Քրեական օրենսգրքի: Խնդիրը սա է: Եթե ես համարեի, որ նման հարցերը պետք է կարգավորվեն Քրեական օրենսգրքով, ապա ինձ, Ձեզ որքա՞ն են հայհոյում: Եթե այդ սկզբունքով առաջնորդվեի, ես դատարաններից չպետք է դուրս գայի, բայց ես արհամարհում եմ ամեն ինչ եւ կարծում եմ, որ հայհոյանքի դեմ այլ ձեւով պետք է պայքարել»,- նշում է Բաբայանը: 

Մեր այն հարցին, թե ինչպես էր վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հայհոյանքներին` այն ժամանակ, երբ նա լրագրող էր, Բաբայանն ասաց. «Ես Նիկոլ Փաշինյանի կենսագրությանը չեմ հետեւել: Ձեզ թվում է՝ ես նրա թերթում քաղաքականության մասին կարդացե՞լ եմ: Չկա՞ ավելի հետաքրքիր թեմա, քան քաղաքականությունն է: Նիկոլ Փաշինյանն ինչ է արել լրագրող եղած ժամանակ՝ դա ինձ չի հետաքրքրում: Այս աշխարհում ինձ համար ավելի կարեւոր բաներ կան, քան միաբջիջ լրագրողները: Նորից եմ կրկնում` հայհոյանքը բարոյական հարթության վրա է: Իմ կարծիքով` մշակութային գործիչը, մտավորականը պետք է կարողանա գնահատել փաստերը: Հայհոյանքը, իմ կարծիքով, ոչ մի կապ չունի ազատ խոսքի հետ, միեւնույն ժամանակ չեմ կարծում, որ հայհոյանքի համար արժե մարդկանց քրեական հետապնդման ենթարկել: Մեր հասարակությունն իր քաղաքակրթական մակարդակով այն աստիճանի վրա է գտնվում, որ հայհոյանք ասվածը դարձել է ամենատարածված շփման ձեւը: Եթե մենք հայհոյանքի համար սկսենք մարդկանց հետապնդել, ապա կստացվի, որ Հայաստանի Հանրապետության մեծամասնությանը հետապնդում ենք, այլ հարց է, որ, ցավոք, մեր հասարակության մեջ չկա հայհոյողի հանդեպ կոնկրետ վերաբերմունք, օրինակ՝ չընդունել, չհիանալ, արհամարհել.... Այսօր հայհոյանքն ավելի շատ գովասանքի է արժանանում, այլ ոչ թե պարսավանքի: Այստեղ պետք է նկատենք, որ պրոբլեմը ո՛չ իշխանության մեջ է, ո՛չ էլ՝ ընդդիմության, այլ` հասարակության: Հայ հասարակությունը, ցավոք, չի հասել լուրջ քննարկումների մակարդակի: Այնպես որ, հասարակությունն ինձ շատ է մտահոգում, իսկ իշխանությունն ու ընդդիմությունն արտացոլում են նույն այդ հասարակության դեմքը: Այնպես որ, հայհոյողներին պետք է այլ եղանակով դատապարտել»: 

Ինչպե՞ս դատապարտել, եւ վերջապես՝ ո՞վ պետք է դատապարտողը լինի այս պարագայում։ «Հայհոյանքը տհաճ է: Հայհոյողին չպետք է ձեռք մեկնել: Պետք է անտեսել, արհամարհել: Նման մարդիկ ուղղակի արժանի չեն, որպեսզի իրենց ձեռքը սեղմեն: Երբ հայհոյողի ձեռքը սեղմող չլինի, այդ ժամանակ էլ մեր հասարակությունը, որպես հասարակություն, կառողջանա: Քրեական օրենսգրքով հասարակությունը չի առողջանալու, հասարակությունն առողջացնում են կրթությամբ, մշակույթով: Քրեական գործերը վերջին` ստիպողական մեթոդներն են»,- եզրափակեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը: