Հայաստանը պետք է կտրուկ քայլեր անի, ու առաջին հերթին դա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալն է

Հայաստանը պետք է կտրուկ քայլեր անի, ու առաջին հերթին դա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալն է

«Հրապարակը» զրուցել է «Ժառանգություն» կուսակցության նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Արմեն Մարտիրոսյանի հետ։

- ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանը պետք է փոխի աշխարհաքաղաքական ուղղությունը։ Փաշինյանը պահանջեց Ռուսաստանից՝ բացել Բերձորի միջանցքը, այլապես Հայաստանը միջազգային դիտորդներ կբերի երկիր։ Ո՞ւր է մեզ տանելու այս քաղաքականությունը։

- Ինձ համար միանշանակ է, որ այն արտաքին քաղաքականությունը, որ այս տարիների ընթացքում վարվել է, անարդյունավետ է եւ սխալ։ Այսպես ասեմ․ հարյուր տոկոսանոց դեպի Ռուսաստան քաղաքականությունը լավ արդյունք չի ունենալու։ Եվ դա ակնհայտ էր այն ժամանակվանից, երբ Ռուսաստանը սկսեց լայնածավալ զենք վաճառել Ադրբեջանին։ Ակնհայտ էր, որ մենք ունենալու ենք պատերազմ Ադրբեջանի հետ, որի ժամանակ Ռուսաստանն իր դաշնակցային պարտավորությունները չի կատարելու եւ ոչ միայն չի կատարելու, այլեւ, ըստ էության, Արցախն ու Հայաստանը որպես մանրադրամ օգտագործեց Թուրքիային Ուկրաինայի դեմ պատերազմում։ Ցավոք սրտի, մենք մինչեւ այժմ տեսնում ենք, որ դաշնակցային որեւէ քայլ չի կատարվում Հայաստանի անվտանգության ուղղությամբ։ Նույնը նաեւ Արցախին է վերաբերում, որովհետեւ շատ հանգիստ կարող էր միջամտել, ինչպես ժամանակին միջամտեց Օսիայում, Աբխազիայում, կամ ինչպես տարբեր ժամանակներում տարբեր պետություններ իրենց դաշնակիցներին պաշտպանել են։ Ինչպես Միացյալ Նահանգները պաշտպանեցին Թայվանին։ Դրա համար էլ կարծում եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է փոխվի, եւ չնայած ներկա իշխանությունների՝ մինչեւ այժմ կատարած սխալ քայլերին, ես չեմ տեսնում, որ իրենք այդ ամենն ուղղելու ուղղությամբ քայլեր կատարում են։ 

- Նիկոլ Փաշինյանի իշխանությունն առանձնանում է հակառուսական քայլերով, ինչպե՞ս եք գնահատում հակառուսականության այդ ծայրահեղ դրսեւորումները։

- Որոշակի դեմարշներ դեպի Ռուսաստան կատարում են, բայց ես տեսնում եմ, որ այդ դեմարշները նպաստավոր են Ռուսաստանի համար, ինչպես, օրինակ, ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի իրականացրած քայլերը։ Ըստ էության, այդպիսով ՀԱՊԿ-ին հնարավորություն ընձեռեցին նորից չեզոք, ավելի ճիշտ՝ պրոադրբեջանական դիրքերում հանդես գալ։ Կարծում եմ, որ եթե իսկապես պրոարեւմտյան քաղաքականություն է ցանկանում իրականացնել Հայաստանը, ապա պետք է կտրուկ քայլեր իրականացնի, ու առաջին հերթին դա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալն է։ Որովհետեւ ես տեսնում եմ, որ Արեւմուտքը, այնուամենայնիվ, շահագրգիռ է Հայաստանի անվտանգության հարցով եւ բավականին գործուն քայլեր է  իրականացնում, քաղաքական կարեւոր հայտարարություններ է անում, եվրոպական դիտորդական խումբ է ուղարկում մշտադիտարկման համար, եւ, ըստ էության, դրանք կարող են նախորդել ռազմական օգնությանը։ Բայց որպեսզի ռազմական օգնություն լինի, պետք է առնվազն Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա։

- Բայց չե՞ք կարծում, որ այդ դեպքում հավաքական Արեւմուտքն իր քաղաքականությունն իրագործելու է Թուրքիայի միջոցով՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։

- Ես դրա հետ բացարձակ համաձայն չեմ, որովհետեւ հենց այս պահին Արեւմուտք-Թուրքիա բավականին հակասություններ կան, եւ Արեւմուտքը բացարձակ կարիք չունի Թուրքիայի դեմքով հանդես գալու այստեղ։ ՆԱՏՕ-ի ընդլայնման եւ Ֆինլանդիայի ներգրավման քայլերը ցույց են տալիս, թե ինչպիսի մեծ հակասությունների մեջ են արեւմտյան երկրները Թուրքիայի հետ։ Ի դեմս Արեւմուտքի, մենք այստեղ չենք կարող ունենալ Թուրքիա՝ որպես առաջին ջութակ։ Արդեն իսկ ակնհայտ է, որ Ֆրանսիան է փորձում դերակատարում իրականացնել, եւ նաեւ ակնհայտ է, որ առանց Միացյալ Նահանգների այդ դերակատարությունը չի լինի։ Արեւմուտքը  Թուրքիան չէ եւ երբեք չի լինելու, Հայաստանի պարագայում Արեւմուտքը կարող են լինել Ֆրանսիան, այն երկրները, որոնց հետ Հայաստանը լավ հարաբերություններ ունի։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Արեւմուտքը ցանկանո՞ւմ է, ապա պետք է նշեմ, որ դեռեւս 2010-ական թվականներին, երբ ազատ առեւտրի եւ ասոցացման պայմանագրի շուրջ բանակցություններ էին տեղի ունենում, հանդիպումներ եմ ունեցել եվրոպական  ամենաբարձր անձանցից՝ Շտեֆան Ֆյուլեից սկսած մինչեւ տարբեր պատվիրակությունների ներկայացուցիչների հետ, եւ դեռեւս այն ժամանակ ակնհայտ էր, որ ԵՄ-ն խիստ շահագրգռված է Հայաստանի՝ այդ պայմանագրին միանալու հարցում։ Ընդ որում, 6 հետսովետական երկրներից ամենալավ պայմանները Հայաստանին էր առաջարկել, եւ այնպիսի պայմաններ էին, որ Հայաստանին հնարավորություն կտային, առանց որեւէ տնտեսական խնդրի, այդ հարմարման ժամանակահատվածը հանգիստ անցնել։ Իմիջիայլոց, բացարձակ որեւէ խնդիր չէր լինելու նաեւ Արցախի հարցով։ Ոչ միայն տնտեսապես Արցախը կշահեր այդ պայմանագրից, այլեւ քաղաքական առումով։

Չմոռանանք, որ Ալիեւն այն ժամանակ բողոքում էր, որ Արեւմուտքը ստիպում է իրեն ճանաչել Արցախի անկախությունը, իսկ ներկա պահին ակնհայտ է, որ Արեւմուտքը շահագրգռված է, որ Անդրկովկասը եւս դուրս գա Ռուսաստանի ազդեցության գոտուց, եւ, բնականաբար, ինքը տեսնում է, որ միակ երկիրը, որն ապահովում է Ռուսաստանի ներկայությունն այստեղ լայնամասշտաբ կերպով, դա Հայաստանն է։ Դրա համար շահագրգռված է, որ Հայաստանը դուրս գա Ռուսաստանի ազդեցության գոտուց։ Ես կարծում եմ, որ դա դրական քայլ կլինի, որովհետեւ մինչեւ այժմ ռուսական ազդեցության գոտում լինելով, Հայաստանը կորցրել է՝ չի շահել։ Մենք հաղթանակ տարել ենք 1990-ականներին, երբ Ռուսաստանը եւս այս գոտուց հեռացել էր, եւ մեր հայրենանվեր զինվորների շնորհիվ էր, որ մենք արցախյան ազատամարտը շահեցինք։ Երկրորդի ժամանակ Ռուսաստանը, ըստ էության, վերադարձավ տարածաշրջան եւ աջակցեց Ադրբեջանին եւ Թուրքիային, ավելի ճիշտ՝ պայմանավորվածություն տեղի ունեցավ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, որի արդյունքում որոշակիորեն շահեց նաեւ Ադրբեջանը։ Ուստի Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունն ինչպես նախկինում, այնպես  էլ հիմա, կարծում եմ, անհրաժեշտ է։

- Եվրամիությունը հայտարարեց, որ Ադրբեջանի դեմ սանկցիաներ չեն կիրառելու, որ գազի պայմանագիրն Ադրբեջանի հետ իրենց համար մեծ նշանակություն ունի, ուստի աչք են փակում Բերձորի միջանցքի փակման վրա։ Սա ԱՄՆ-ի հետ համաձայնեցվա՞ծ է, թե՞ ոչ։

- Միանշանակ է, որ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան համատեղ են գործում այս պարագայում, որովհետեւ իրենք անվտանգային գլոբալ առումով որեւէ հակասություն չունեն, տնտեսական որեւէ խնդիր չկա։ Չենք մոռանում, որ ե՛ւ Միացյալ Նահանգներն են շատ խիստ ձեւով անհրաժեշտ համարել Բերձորի միջանցքի բացումը, ե՛ւ եվրոպական դիտորդների տեղակայումը Հայաստանի հետ սահմանին որոշակիորեն, ոչ ուղիղ, բայց անուղղակի անվտանգային հնարավորություն է նաեւ Արցախում բնակվող մեր հայրենակիցների համար։ Ակնհայտ է նաեւ, որ ռուսական խաղաղապահներն իրենց պարտականությունը չեն իրականացնում, եւ իսկապես անհրաժեշտություն կա միջազգային խաղաղապահներով փոխարինելու։ Ընդ որում՝ նախկին բանակցություններում այդ հարցը միշտ շեշտվել է, որ միջազգային խաղաղապահներ պետք է լինեն, իսկ ավելի ստույգ՝ քննարկվում էր սկանդինավյան խաղաղապահների տարբերակը՝ նկատի առնելով այն, որ խաղաղապահները չեն կարող լինել Մինսկի խմբի համանախագահության՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, եւ հարակից պետությունների զինվորներ, այն է՝ Թուրքիայի, Իրանի, Վրաստանի։ Դա հնարավորություն կտա խոսել նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։

Չենք մոռանում ԵՄ վերջին բանաձեւը, որտեղ ակնհայտորեն խոսվում էր դրա մասին, այն կոնտեքստում, որ ԵԱՀԿ շրջանակներում պետք է տեղի ունենան հետագա գործընթացները։ Կարծում եմ, այս դեպքում ակնհայտ է, որքան էլ գազի խնդիրն այս տարի շատ կարեւոր է եվրոպացիների համար, որովհետեւ իրենք խնդիր ունեն գազի ընդունման մեծ պահեստարաններ կառուցելու, որն այս տարի պետք է արդեն ավարտեն՝ մյուս ձմռան շեմին արդեն դրանք պատրաստ կլինեն։ Եվ նրանք որեւէ խնդիր չեն ունենա նաեւ ադրբեջանական գազ ստանալու հետ կապված։ Առավել եւս՝ նրանք էլ գիտեն, որ դա Ադրբեջանի գազը չէ, այլ՝ Ռուսաստանի։ Դրա համար այս պահին սանկցիաներ չեն կիրառվում, եւ ինչպես եվրոպական պաշտոնյաներից մեկն ասաց՝ սանկցիաները գործիքակազմերից մեկն են, սակայն մյուս գործիքակազմերի ուղղությամբ աշխատում են։ Հնարավոր է մի փոքր ավելի ուշ մենք նաեւ այդ սանկցիաները տեսնենք։ 

- Իրանի վրա հարձակում եղավ, սակայն Հայաստանի ներկայիս իշխանությունները լռություն պահպանեցին՝ ոչ մի արձագանք չեղավ։ Ինչպե՞ս եք գնահատում այդ լռությունը։

- Կարելի էր որոշակի հայտարարություն անել․ այնպիսի հայտարարություն, որը ցույց կտար Հայաստանի մտահոգությունը տարածաշրջանում նոր պատերազմի հնարավորության վերաբերյալ եւ որոշակիորեն իր ուղերձը հղեր եղած խնդիրները բանակցություններով լուծելու ուղղությամբ։ Բայց, երեւի թե, ներկա իշխանություններն այնքան մտահոգ են իրենց հարցերով, որ չեն կարողանում լուծել, եւ այդ կարողությունն էլ չունեն եւ փորձել են չխոսել ու ավելորդ, այսպես ասեմ, գրգիռներ չառաջացնել թշնամի պետությունների համար։ Եվ փորձել են գլուխը, չակերտավոր ասած, ավազի մեջ պահելով՝ հեռավորություն պահել ստեղծված իրավիճակից։

- Այսպիսի մի սցենար է քննարկվում, որ ուկրաինական ճգնաժամով պայմանավորված՝ Պուտինի ու Փաշինյանի պայմանավորվածությամբ Արցախը մնալու է ռուսական ազդեցության գոտի, իսկ Հայաստանը դուրս է գալու Ռուսաստանի ազդեցության տակից։ 

- Այն, որ նման մտայնություն կար, որ Արցախը ռուսական ազդեցության գոտի լինի՝ դա միշտ եղել է, եւ այդ ձգտումը որոշակիորեն կար Արցախի իշխանությունների կողմից, բայց բացառում եմ, որ նման պայմանավորվածություն լինի, որ Հայաստանն արեւմտյան ազդեցության գոտի դառնա, Արցախը՝ ռուսական։ Չի կարող լինել մի պարզ պատճառով, որ Ռուսաստանին հենց Հայաստանն է առաջին հերթին պետք, Արցախը, ըստ էության, տվել է Ադրբեջանին կամ, այսպես ասեմ, թուրքական եղբայրությանը, Թուրքիայի հետ պայմանավորվածության շրջանակում, ուստի բացառում եմ նման պայմանավորվածությունը։ Ուղղակի պետք է նայել, թե Ռուսաստանի՝ տարածաշրջան գալուց հետո հայկական էթնոսն Արցախում ու Արցախի շուրջ ինչպես է փոխվում, որտեղ են հիմա Գարդմանի, Գանձակի, Դաշտային Արցախի հայերը։ Չենք մոռանում, որ Արցախը Հայաստանից  կտրեցին Կարմիր Քուրդիստան ստեղծելու համար, եւ այդ հատվածում բնակվող հայերն այժմ չկան, ու հայություն այսօր մնացել է Արցախի մի հատվածում միայն։ Հաջորդ հանգրվանը Ռուսաստանի իշխանության համար լինելու է նաեւ այդ հատվածի հայազրկումը եւ թուրքական աշխարհին նվերը։

- ՌԴ արտգործնախարարի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն օկուպացրած է պահել Ադրբեջանի 7 շրջանները, ինչպե՞ս եք մեկնաբանում։

- Լավրովի ասածի մեջ նորություն չկա, որովհետեւ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը միշտ էլ այդ շրջանակում է եղել։ Իրենք մոռանում են, թե ինչու են այդ շրջանները եւ, ընդհանրապես, այդ խնդիրն առաջացել՝ նկատի ունեմ արցախյան հակամարտությունը։ Մոռանում են, որ ամբողջությամբ հայերով բնակեցված տարածքներն ինչպես այս տարիներին, այնպես էլ սրանից հարյուր տարի առաջ ռուս-թուրքական պայմանավորվածությունների շրջանակում նվիրաբերեցին կովկասյան թաթարներին եւ հետագայում տարբեր մեթոդներով՝ բռնություններից մինչեւ խաղաղ ճնշումներ, հայկական բնակչության առկայությունը հասցրին զրոյի։

Չէ՞ որ «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունն իրենից ներկայացնում է նաեւ Դաշտային Արցախը, որը նախկինում էին տվել թուրքերին, կովկասյան թաթարներին, եւ դրա արդյունքում առաջացավ այդ խնդիրը։ Բնականաբար, ինչպեսեւ ակնկալվում էր, Ռուսաստանը պաշտպանելու է ադրբեջանական կողմին, քանի որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունը դա է, եւ այդ շրջանակում է փորձում հիմնավորել իր քայլերը։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որեւէ նորություն չկա Լավրովի ասածի մեջ, ընդամենը հերթական անգամ հաստատվում է այն իրողությունը, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, եւ հայերը միտումնավոր կամ խեղաթյուրված պատկերացում են ունեցել, որ Ռուսաստանն իր դաշնակցային պարտավորությունները կատարելու է։ Դա այդպես չէ, Ռուսաստանն իր շահերն է մղում, եւ այստեղ խնդիրն այն է, թե արդյոք Հայաստանն իր շահերն առաջ կմղի՞, թե՞, ինչպես տարիներ շարունակ, նորից իր հաշվին ռուսական շահերն առաջ կտանեն։