Փոխառողները 2 անձ են, որոնք պետական ծառայության մեջ չեն գտնվել

Փոխառողները 2 անձ են, որոնք պետական ծառայության մեջ չեն գտնվել

Ապրիլի 25-ին դատարանը որոշում կայացրեց 2 ամսով կալանավորել «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին։ Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը «Հրապարակին» փոխանցեց, որ դատարանը կալանավորումը պատճառաբանել է նրանով, որ Առուստամյանը կարող է թաքնվել եւ խոչընդոտել նախաքննությանը, սակայն որեւէ հիմք որոշման մեջ բերված չէ։ «Բացարձակ որեւէ հիմնավորում չկա, դատարանն իր որոշման մեջ 2 բան է գրում՝ կարող է թաքնվել, կարող է խոչընդոտել, բայց որեւէ տվյալ, որեւէ հիմք, թե ինչու է ինքն այդ համոզման եկել, ինչ մտավախություն ունի, որեւէ հիմնավորում չկա։ Այսինքն՝ դատարանն ուղղակի գտնում է, որ այդպես է պետք, բայց թե դրա տակ ինչ փաստ կա․․․ Որոշումը պետք է լինի ողջամիտ, պետք է բխի գործի նյութերից, որեւէ տվյալ պիտի ներկայացված լինի, որը դատարանին կհամոզի, որ մարդը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից կամ նախաքննությանը կարող է խոչընդոտել, որեւէ փաստ չկա դրված։ Գոնե տեղեկություն լիներ՝ փաստը մի կողմ»,- ասաց Առուստամյանի պաշտպանը։

Սուքիասյանն ասաց, որ Առուստամյանին մեղադրում են կաշառք տալու մեջ, բանն այն է, որ Առուստամյանը փոխառությամբ գումար է տվել 2 անձի, սակայն գումարի տոկոսները, ըստ մեղադրանքի, չի ստացել, ինչն էլ քննչական մարմնին եզրահանգելու առիթ է տվել, որ դա կաշառք է։ «Դա քաղաքացիաիրավական հարաբերություն է, այդ պայմանագրերը կան, օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեն, կան այդ պայմանագրերը երկարաձգելու համաձայնագրերը՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Այսինքն՝ այդ պայմանագրերը մինչ օրս գործում են, ունեն իրավական արժեք, կողմերի միջեւ հակասություններ չկան, քաղաքացիաիրավական վեճ չկա։ Մեղադրում են կաշառք տալու մեջ եւ դրա հետ փոխկապված փողերի լվացում։

Հիմնականը կաշառք տալն է։ Ասում են՝ քանի որ փոխառության գումարներն ու տոկոսները չեք ստացել, դա նշանակում է, որ Դուք կաշառք եք տվել, բայց թե ինչի համար պետք է կաշառք տրվեր, ինչ գործողություններ են կատարվել ի նպաստ իրեն եւ իր ղեկավարած ընկերության, որեւէ փաստ չկա, տրամաբանական որեւէ կապ չկա այս ամենի մեջ»,- ասաց Սուքիասյանը՝ հավելելով, որ դեռեւս չգիտի, թե ինչ ընթացք կստանա գործի քննությունը, բայց այն դրվագով, որով մեղադրում են, կարծում է, որ որեւէ հանցակազմ չկա։ Սուքիասյանը նաեւ ասաց, որ այս մեղադրանքը որեւէ կերպ կապված չէ նախորդ 2 մեղադրանքների հետ․ «Սա առանձին դրվագ է»։ Սուքիասյանին հարցրինք՝ փոխառությամբ գումար վերցրած անձինք գուցե պետական պաշտոնյանե՞ր են՝ նկատի ունենալով, որ սովորաբար կաշառք է համարվում պետական պաշտոնյային ինչ-որ ծառայության դիմաց տված գումարը։ «Փոխառողները 2 անձինք են, որոնք պետական ծառայության մեջ չեն գտնվել, իրենք ասում են, թե, իբր, միջնորդավորված է եղել։ Մեկ այլ շատ կարեւոր հանգամանք․ այդ փոխառության գումարները փոխանցվել են բանկային հաշվեհամարների, ամեն բան շատ պարզ երեւում է, որ կա փոխառության պայմանագիր եւ այդ պայմանագրի հիման վրա կատարված բանկային փոխանցումներ, որեւէ հանգամանք թաքցված չէ Սեդրակ Առուստամյանի կողմից»։

Չնայած փաստաբանը խուսափում է անուններ հնչեցնելուց, սակայն մենք տեղեկացանք, որ խոսքը Գագիկ Խաչատրյանի մասին է։ Տարիներ առաջ Առուստամյանը փոխառություն է տվել Խաչատրյանի որդուն՝ ԱՄՆ-ում տուն գնելու ժամանակ։ Այդ փոխառությունը պատշաճ ձեւակերպված է։ Այն երկու անձի միջեւ քաղաքացիաիրավական հարաբերություն է, սակայն նախաքննության մարմինը ենթադրություն է արել, որ Առուստամյանը քողարկված կաշառք է տվել ՊԵԿ նախագահին։ Պարզապես հասկանալի չէ, թե ինչու էին կաշառքը «փաստաթղթավորում», եւ ինչ գործողություն է կատարել դրա դիմաց Խաչատրյանը, որի օրոք ՊԵԿ-ը բազմիցս ստուգումներ է արել «Մուլտի գրուպ»-ում, տուգանքներ դրել, պատժել ընկերությանը։

Հիշեցնենք նաեւ, որ Սեդրակ Առուստամյանն անցնում է եւս 2 քրգործով․ մեկն առնչվում է Երեւանի կենտրոնում ընկերության ձեռնարկած շինարարությանը՝ Աբովյան փողոցի վրա «Մուլտի գրուպը» 2018-ին սկսել էր հյուրանոց կառուցել։ Եվ երբ այդ տարածքում բիզնես ծավալող ընկերության ներկայացուցիչը բողոքել էր դատարան, ընկերությունը, ըստ նախաքննական մարմնի, շինարարությունը չէր դադարեցրել։ Առուստամյանն այս գործով մեղադրվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ շինարարությունը չդադարեցնելու համար։ Երրորդ քրեական գործն առնչվում է «Հյուսիս-հարավ» ծրագրի հետ։ Գագիկ Ծառուկյանի ընկերը մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաեւ փողերի լվացման համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ 2008-2010 թվականներին տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը Առուստամյանի եւ այլ անձանց գործակցությամբ «Սթոնս» ընկերությանն իբր մատուցված ծառայությունների համար դուրս է գրել ընդհանուր 177 միլիոն դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Գումարի մեծ մասը փոխանցվել է Առուստամյանին, ով երեք գործով էլ մեղադրանքը չի ընդունում։ Այս մեղադրանքով մեկ անգամ արդեն կալանավորել էին Առուստամյանին, ապա գրավով ազատ արձակել։ Ակնհայտ է, որ խնդիր է դրված ամեն գնով կալանավորել նրան, եւ դա ուղիղ առնչություն ունի Ծառուկյանի հետ։