Լավրովի ակնարկը ՀՀ-ում չե՞ն հասկացել

Լավրովի ակնարկը ՀՀ-ում չե՞ն հասկացել

«Հարավկովկասյան երկաթուղիներում» չարաշահումների եւ յուրացումների փաստով հարուցված քրեական գործերը հստակ քաղաքական ենթատեքստ են ստանում: Օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր հիշատակել այս թեման՝  այն տեղավորելով գազի գնի «շրջանակներում»։ Լավրովը մասնավորապես հասկացրել էր՝ եթե ուզում ենք, որ գազի գինն իջնի, մենք էլ պետք է վերանայենք Հայաստանում ռուսական կապիտալով ընկերությունների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մեր քաղաքականությունը, եւ, որպես օրինակ, մատնանշել էր «Հարավկովկասյան երկաթուղու» դեմ հետապնդումը։

Մենք հետաքրքրվեցինք Քննչական կոմիտեից, որտեղ հարուցված են այս քրեական գործերը, թե ինչ փուլում են դրանք, եւ ինչ նորություն կա: Նաեւ հարցրինք՝ ինչպե՞ս կմեկնաբանեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այս հայտարարությունը, որտեղ հստակ ակնարկ կա ՀՀ Քննչական կոմիտեի՝ ՀԿԵ-ում չարաշահումների մասով հարուցված քրեական գործերի վերաբերյալ։ Քննչական կոմիտեից, սակայն, շրջանցել էին քաղաքական ենթատեքստ պարունակող մեր հարցը՝ այն փաստացի թողնելով անպատասխան։ Փոխարենը քրգործի մասով հայտնեցին հետեւյալը. «ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության պատասխանատու աշխատակիցների կողմից առերեւույթ հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու, իրենց լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու եւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով նախաքննությունը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, քրեական գործով կատարվում է լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն՝ հայտնաբերված չարաշահումներին ու խախտումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու, նրանց արարքներին իրավական գնահատականներ տալու եւ պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ»:

Մենք տեղեկություն ունեինք նաեւ, որ ՀՀ եւ ՌԴ քննչական մարմինները պետք է համատեղ քննչական խումբ ձեւավորեին «Հարավկովկասյան երկաթուղիներում» չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրգործերն ուսումնասիրելու նպատակով։ Հարցրինք` ի՞նչ փուլում է այդ գործընթացը, ստեղծվե՞լ է, արդյոք, համատեղ քննչական խումբը, եւ ո՞վ է այն գլխավորում։
«Քրեական գործով, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների եւ դատախազությունների միջեւ շարունակվում են համատեղ քննչական խումբ կազմելու ուղղությամբ աշխատանքները: Քրեական գործով մեղադրյալի, կասկածյալի դատավարական կարգավիճակով անձինք չկան»,- ասացին մեզ Քննչական կոմիտեից, որից հասկացանք, որ համատեղ քննչական խումբը չի ստեղծվել, հայտնի էլ չէ, թե երբ կստեղծվի։
Դիմեցինք նաեւ ԱԳՆ խոսնակին՝ մեկնաբանելու Լավրովի այս հայտարարությունը։ ԱԳՆ-ից էլ բովանդակային բան չասացին այս մասով․ «ԱԳՆ-ն չի մեկնաբանում ենթադրություն պարունակող հարցումները»։ Փաստորեն, ՌԴ արտգործնախարարը հստակ մեսիջ է հղում մեր երկրին, որով գրեթե ուղիղ կերպով առաջարկում է «բարտեր» անել գազի գինը ռուսական ընկերությունների դեմ հարուցված քրգործերի հետ, սակայն մեր պետական կառույցները դա չհասկանալու են տալիս ու չեն մեկնաբանում։

Նշենք, որ Լավրովի հայտարարությունը պետական ապարատի վերին էշելոնից մեկնաբանել է միայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով․ «Օտարերկրյա, այդ թվում`ռուսական կապիտալով ընկերությունները նախեւառաջ հայաստանյան ռեզիդենտ ընկերություններ են, հանդիսանում են գործատու ու հարկատու, եւ մենք առնվազն ոչ պակաս շահագրգռվածություն ունենք վերջիններիս բնականոն եւ արդյունավետ գործունեության համար ստեղծել եւ ապահովել նպաստավոր պայմաններ: Միեւնույն ժամանակ, կառավարությունը չի հանդուրժի, որ որեւէ հանգամանքով պայմանավորված՝ որեւիցե ընկերություն գործի օրենքից դուրս, եւ այս մասով ռուսաստանյան մեր գործընկերների հետ կա փոխըմբռնում քաղաքական ամենաբարձր մակարդակով»։ Ակնհայտ է, որ հայկական կողմն ու ռուսականը իրականությունը տարբեր կերպ են ընկալում, եւ Լավրովի հայտարարությունը բոլորովին չի խոսում «քաղաքական ամենաբարձր մակարդակով փոխըմբռնման մասին»։

Ճիշտ հակառակը՝ խոսում է այն մասին, որ մեր ռազմավարական դաշնակիցն արդեն ուղիղ տեքստով է արտահայտում այդ դժգոհությունը եւ հայ հանրությանն է ուղղում իր խոսքը՝ հասկանալով, որ իշխանությունների հետ փոխըմբռնման հասնելն ավելի ու ավելի է դժվարանում։