Թե ինչ եղավ Երկիր Նաիրիի հետ, երբ Աննա Հակոբյանը կորցրեց «Երկիր Նաիրին»
Որպեսզի իմանանք, թե ինչ է սպասվում Հայաստանին, ինչ նոր աղետների է հասցնելու այս իշխանությունը մեր երկիրը, բավական է թերթել Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջը: Սիմվոլիկաների լեզուն սիրող այս կինը պատահական ոչինչ չի գրում, ոչինչ չի անում: Իսկ աշխարհը կառավարվում է սիմվոլիկաների լեզվով: Այն շատ կիրառում են թուրքերը, հրեաները, բրիտանացիները:
Ահա՝ Աննա Հակոբյանը 2023-ի փետրվարի 6-ին գրառում է արել, թե ինչպես է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ մեկնելիս ինքնաթիռում կորցրել «Երկիր Նաիրին»։ Խոսքը Չարենցի վեպի մասին է: Գրում է. «Օդանավակայանում արդեն հասկացա, որ գիրքը մոռացել եմ դիմացի նստարանի ցանցավոր գրպանիկում: Շատ ծանր տարա: Զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ… Իսկ ես տանջվում էի. զգացողությունը, որ «Երկիր Նաիրիիս», որին կրծքիս սեղմած հասել էի աշխարհի ծայրը, լքել եմ, օտարների մեջ եմ մոռացել, չէր նահանջում․․․ Ի վերջո վերածվեց սուր ամոթի զգացումի։ Ամոթ, հոգու ցավ, հուսահատություն, խաբվածություն, խղճահարություն, ցասում, բայց ամենակարեւորը՝ մեծ կռիվ՝ կռիվ սեփական ես-ի հետ…. Ահա այն զգացողությունների խառնաշփոթը, որ ինձ պատեց գրքի ավարտին։ Դա մոտավորապես նման էր մի վիճակի, երբ մարդ հասուն տարիքում ծնողներից մի այնպիսի անցանկալի գաղտնիք է լսում իր մասին, որից հոգին տակնուվրա է լինում։ Ստիպված է նորովի ճանաչել եւ, որ ամենադժվարն է՝ ընդունել ինքն իրեն։ Իհարկե, առաջին, ամենամեծ կռիվը ծնողների, տատերի ու պապերի հետ է, որոնք իրեն տարիներ շարունակ ստել են կամ վախվորած ակնարկներ արել, բայց ճշմարտությունն ուղիղ չեն ասել եւ չեն սովորեցրել ապրել դրա հետ, առերեսվել դրան եւ լուծել այն…. Ես մտքումս ասում էի՝ Աստված իմ, գոնե նախորդ ճամփորդության երկրում մոռացած լինեի «Երկիր Նաիրիս», ցանկացած տեղ, բայց ոչ Ռեյկյավիկ-Ֆրանկֆուրտ օդանավում: Ոչ իսլանդացիների հողում, թեկուզ՝ նրանց օդում»:
Թե ինչու ոչ Իսլանդիայի օդում, տիկինը երկար-բարակ շարադրում է Իսլանդիայի դառը պատմությունը, թե ինչ փորձությունների միջով է անցել, փոքրացել, բայց. «Իսլանդիան ՄԱԿ-ի՝ 2022 թ․ զեկույցի համաձայն, այսօր աշխարհի ամենաերջանիկ երկրների առաջին հնգյակում է, զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը Ֆինլանդիայից ու Դանիայից հետո: Իսլանդիայում հանցագործություն գրեթե չկա: Զինված ուժեր չկան: Ոստիկանների մոտ հրազեն չկա»:
Ուշադրություն՝ երջանիկ երկրում զինված ուժեր չկան… Այնուհետեւ շարունակում է շարադրել. «Պատերազմի ժամանակ պատերազմել են, հաշտվելու ժամանակ՝ հաշտվել։ Իսլանդացիները չեն ընտրել սեփական թշվառ գոյությունը դարերով քարշ տալու համար հարմար՝ գոլ վիճակ։ Եվ վերջին 60 տարվա ընթացքում Իսլանդիային հաջողվել է կրկնապատկել իր բնակչությունը, դառնալ աշխարհի 5 ամենահարուստ եւ ամենաերջանիկ պետություններից մեկը»: Ու նորից ափսոսանք՝ գիրքը կորցնելու համար: Բայց քանի որ ուզում էր անպայման կարդալ-ավարտին հասցնել «Երկիր Նաիրին», նորից ձեռք է բերում ու կարդում: Իսկ 2023թ․ ապրիլի 5-ին մեջբերումներ է անում վեպից, որտեղ նկարագրվում է Կարսի անկումը։ «Հաջորդ առավոտ... Բայց լավ է չլուսանար այդ առավոտը, որովհետեւ այդ չարաբաստիկ առավոտը դեռ նոր էր լուսանում, երբ քաղաքում մնացած ժողովուրդը (…),- լսեց հրացանների տրաքտրաքոց եւ թնդանոթների դեռ բավականին հեռու, բայց հետզհետե մոտեցող որոտ։ ...Ոչ մի ուժ այլեւս, անգամ ոչ մի երկնային վերին զորություն, ի վիճակի չէր «տեղը նստած» պահել քաղաքում մնացած ժողովրդին։
...Հսկա, տասնյակ եւ հարյուր հազարավոր գլուխներով հաշվվող մի նախիրի նման, սարսափահար տեղահան եղավ քաղաքում մնացած ժողովուրդը. մի մասը բռնեց կայարանի ճամփան, մյուսը՝ խճուղու։ Քաղաքի տները մեկը մյուսի ետեւից սկսեցին վառվել, եւ այդ վառվող տներում, հրի ու ծխի միջից ինչ-որ բան էին փախցնում ռազմաճակատից նահանջած նաիրցի ռազմիկները։
…Հաստատ կարելի է ասել, որ այդ վայրկյանից քաղաքը կարելի էր արդեն ընկած համարել, բայց նա այդպիսին դեռ չէր համարվում, որովհետեւ ոսոխը դեռ չէր կտրել փախուստի ճանապարհը, եւ դեռ հնարավոր էր փախչել։
…Այսպես էլ հասան նրանք երկաթուղագծին եւ ճիշտ իրենց առաջ կանգնած տեսան գնացքը. գնացքը, փախչող նաիրցիներով ծայրեիծայր լեցուն, հեռացել էր կայարանից եւ ինչ-որ անհայտ պատճառով կանգ առել այդտեղ։ ․․․Վերջին գնացքն էր դա, որ դուրս եկավ նաիրյան այդ քաղաքից. երբ շարժվեց գնացքը - տրաքտրաքոցներն արդեն լսվում էին բերդի տակից։ Թշնամին, ինչպես երեւում էր, արդեն մոտեցել էր բերդին։
…Եվ այսպես՝ Քոռ Արութի ու Մեռելի Ենոքի սխրալի դիերի վրայով անցնելով՝ հեռացավ վերջին գնացքը նաիրյան այդ քաղաքից, եւ թշնամին, ոսոխը մտավ քաղաք»։
Կարդում ես, ու տպավորություն է, թե ներկայացվում է 2023-ի սեպտեմբերի 19-ի արցախյան առավոտը. թշնամու ներխուժումը, եւ «ոչ մի երկնային ուժ այլեւս ի զորու չէ պաշտպանել քաղաքում մնացած ժողովրդին»… Ժողովուրդը սկսեց սարսափահար փախչել… Ոսոխը չէր փակել փախուստի ճանապարհը, դեռ հնարավոր էր փախչել… Ու գնացքը նաիրցիներին տարավ իրենց երկրից…
Իսկ ահա գրառման վերջաբանը․ «Մենք չենք պատմի, ընթերցո՛ղ, թե ինչ պատահեց այդ վայրկյանից հետո նաիրյան այդ քաղաքում, որովհետեւ դա վեր է մեր կարողությունից. կասենք միայն, որ քաղաքում մնաց բազում ժողովուրդ, որ եւ սրի քաշվեց ոսոխի հորդաների կողմից»։ Ուղղակի զգուշացում-հորդոր Արցախում մնացած ժողովրդին՝ երբ լսեք կրակոցները, դուրս կգաք, որ սրի չքաշվեք։
Աննա Հակոբյանը պատահական չէր «կարդացել» «Երկիր Նաիրին»…
Կարծիքներ