Այս հարցերը կարելի էր լուծել 10 օրում, եթե լիներ կազմակերպվածություն, կամք

Այս հարցերը կարելի էր լուծել 10 օրում, եթե լիներ կազմակերպվածություն, կամք

ՀՀ կառավարության որոշմամբ, արցախցիներին առաջարկվեց դիմել՝ փախստականի հատուկ պաշտպանության կարգավիճակ ստանալու կամ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով նոր անձնագիր ստանալու համար։ Մարդիկ պետք է հաշվառվեն իրենց ներկայիս բնակության հասցեներում, որ կարողանան աշխատանքի անցնել, թոշակ ստանալ, երկրից դուրս գալ։ Ի՞նչ խնդիրների են հանդիպում արցախցիներն անձնագրային գրասենյակներում։ Զրուցել ենք արցախցի Անուշ Ատաջանյանի հետ։

- Անձնագրային գրասենյակների դիմաց խայտառակություն է։ Պարադոքս է․ երբ 44-օրյա պատերազմից հետո հազարավոր արցախցիներ ստիպված եկան Հայաստան, անձնագրերի հարցում նման պահանջներ չկային, որից կբխեր թոշակներ չստանալը, մարդիկ չկարողանային իրենց երեխաներին դպրոցներում տեղավորել կամ աշխատանք գտնել։ Հիմա հազարավոր արցախցիներ դեռ չեն ստացել թոշակները՝ թե՛ ծերության, թե՛ հաշմանդամության։ Հազարավոր արցախցիներ, չկարողանալով ապրուստի միջոցներ գտնել, մասսայական լքում են երկիրը, եւ հիմա այս ֆոնին որոշել են բարդացնել հաշվառման հարցը։ Այս պահին իմ տղան կրթությունը շարունակելու համար պետք է երկրից դուրս գա, որի համար պետք է նոր անձնագիր ստանա՝ նոր հաշվառմամբ։ Գնացել ենք․ բարեւ ձեզ, եկել ենք, որ երեխայի համար անձնագիր վերցնենք։ Հիմա չեք կարող, գնացեք հերթ կանգնեք կամ էլեկտրոնային տարբերակով հերթագրվեք։ Ամեն առավոտ արցախցիները հավաքվում են անձնագրային գրասենյակների դիմաց, ով շուտ է գնում, 50 կտրոն են տալիս եւ ասում են՝ դուք ձեր մեջ հերթագրվեք, հերթագրման ապարատն անջատում են, ասում են՝ ձեզ մինչեւ 1-ն ենք սպասարկելու։ 12-ին սպասարկում պրծնում են եւ թույլ չեն տալիս ապարատից նոր հերթահամար հանեն։ Էլեկտրոնային տարբերակով գրանցվում ենք՝ հերթը մինչեւ մայիս ամիսն է ցույց տալիս։ Այս հարցերը կարելի էր լուծել 10 օրում, եթե լիներ կազմակերպվածություն, կամք։ Հանրային վայրերում՝ դպրոցներում, համայնքապետարաններում բացվեին սպասարկման կետեր, որտեղ մոտենային մարդիկ, իրենց խնդիրները լուծեին եւ այսքան ժամանակ ու նյարդեր չէին կորցնի։ Ինչպես Ալիեւն էր հայատյաց քաղաքականություն իրականացնում արցախցիների նկատմամբ, այնպես էլ Նիկոլն է այստեղ վարվում արցախցիների հետ։ 

- Այն արցախցիները, ովքեր գտնվում են երկրից դուրս, ի՞նչ խնդիրներ ունեն, եթե ցանկանան գալ Հայաստան։

- Բազմաթիվ ծանոթներ ունեմ, որ Ռուսաստանում են, այնտեղ՝ հյուպատոսություններում արագ լուծվում են այդ խնդիրները։ Բազմաթիվ մարդիկ, միայն Արցախի հաշվառման կոդով գնացել են Ֆրանսիա, մինչեւ այս որոշումների կայացնելը։ Այնտեղ լավ ընդունել են, տեղ են տվել։ Խնդիրների արցախցիները հանդիպում են միայն Հայաստանում։ Շատերն աշխատանք են գտել դրսում եւ ոչ մի խնդրի առջեւ չեն կանգնում։
Թե քանի արցախցի է ստացել ժամանակավոր փախստականի կարգավիճակ, քանիսն են փոխել հաշվառումը, արցախցիների բարձրաձայնած խնդիրների մասին տեղեկություններ ենք ստացել ՀՀ ՆԳՆ Անձնագրերի եւ վիզաների վարչության մամուլի ծառայությունից։

- Արցախցիները բողոքում են անձնագրային գրասենյակների աշխատանքից` նշում են, որ օրական 50 հոգու են սպասարկում․․․

- Իրականում այդպես չէ։ Տարբեր անձնագրայիններում տարբեր վիճակ է։ Արցախցիների դեպքում չի կիրառվում էլեկտրոնային հերթագրման կարգը, բայց չունենք այնքան ռեսուրս, հնարավորություն, որ համաժամանակյա սպասարկենք, այսինքն՝ ցանկացած անձ մոտենա ցանկացած անձնագրային եւ այդ պահին սպասարկվի։ Կենդանի հերթեր լինում են, որը երբեմն կուտակումների պատճառ է դառնում։ Այս պահին խնդիր է դրված՝ կառավարել այդ կուտակումները։ Երբ օնլայն հերթագրման պարագայում բաշխվելու էր 3 շաբաթվա մեջ, կենդանի հերթի պարագայում փորձում ենք բաշխել 3, 4 կամ 1 շաբաթվա մեջ, բայց ոչ ավելին։ Աշխատում ենք նաեւ կոնֆլիկտային իրավիճակներում, բայց փորձում ենք անել ամեն ինչ, որ արագ սպասարկվեն։ Այս պահին ունենք համայնքներ, որտեղ արցախցիներով ավելի խիտ են բնակեցված, եւ ունենք համայնքներ, որ ավելի թեթեւ են բնակեցված։ Օրինակ, Դավթաշենի անձնագրային գրասենյակը թեթեւ է՝ որ պահին մոտենում են, սպասարկում են։ Բայց ունենք Մալաթիա, Նոր Նորք, որտեղ ծանրաբեռնված են աշխատում անձնագրայինները։ Այն հատվածներում, որտեղ ծանրաբեռնվածությունը շատ է, ավելացրել ենք աշխատակիցների քանակը։ Կա հստակ ցուցում, որ թոշակառուներին, սոցիալական նպաստից օգտվողներին, հղիներին եւ ճամփորդելու ցանկություն ունեցողներին արտահերթ ենք սպասարկում․․․ Մնացած հերթերը կարգավորվում են, կամ մենք ենք առավոտյան տրամադրում կտրոններ, մինչեւ 50 տրամադրում ենք, բայց այդ 50 կտրոնը բաշխվում է 50 ընտանիքի, եւ ամեն ընտանիքի սպասարկումը տեւում է 20-30 րոպե։ Աշխատում ենք մեր կարողությունների  չափով։ Չկան դեպքեր, որ օրվա կեսից դադարեցնում են աշխատանքը։

- Երկրից դուրս գտնվող արցախցիները եթե ուզում են վերադառնալ, ի՞նչ խնդիրներ կարող են ունենալ։

- Խնդիրներ չեն կարող ունենալ։ Կառավարության որոշմամբ, ելքի եւ մուտքի համար պետք է ունենան ժամանակավոր պաշտպանության վկայականը, եւ Հայաստանից դուրս գտնվողների համար հյուպատոսություններում ծառայություն ենք մատուցում՝ ժամանակավոր պաշտպանության դիմումները վերցնում ենք, որը հետ ենք ուղարկում դիմումատուի հասցեին, ավելի ճիշտ՝ տվյալ երկրում գործող հայաստանյան հյուպատոսություն։ Այն մարդիկ, ովքեր իրազեկված չեն, բայց ցանկանում են գալ Հայաստան, մուտքի խնդիր չեն ունենա։

- Այս պահին քանի՞ արցախցի է փոխել իր նախկին հաշվառումը, եւ քանի՞սն են ստացել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։

- 52 հազար մարդ փոխել է, 45 հազար 500 մարդ դիմում է լրացրել՝ ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու համար։

- Այն արցախցիները, ովքեր փոխում են իրենց 070 կոդով անձնագրերը, հայտնի է, որ հանվում են արցախյան հաշվառումից։ Նրանց նախկին հաշվառման վայրի տվյալներն ի՞նչ են արվում։ 

- Բնակչության պետական ռեգիստրում անձը պետք է ունենա հասցե։ Արցախի ռեգիստրը համակցված է Հայաստանի հետ՝ տեղահանությունից հետո, որպեսզի այս պրոցեսները հեշտ անցկացնեն։ Բայց որեւէ արցախցու նախկին հաշվառման հասցեն ջնջված չէ, չեղարկված չէ։ Այդ տվյալներն ամբողջովին հավաքագրվում են ստատիկ բազայի տեսքով՝ արխիվացված են, եւ անհրաժեշտության դեպքում՝ միջազգային իրավունքով պաշտպանելու մեխանիզմները կիրառվելու են։ Եվրոպական դատարան կամ այլ ատյաններ դիմելու համար տվյալները պահպանվում են եւ օգտագործվելու են։ Բայց քանի որ «մեկ անձ՝ մեկ հասցե» սկզբունքով է աշխատում բնակչության ռեգիստրը, նաեւ կցվում են ԼՂ-ի բնակչության ռեգիստրի տվյալները, եւ դառնում մեկ, այդ իսկ պատճառով ԼՂ-ից բռնի տեղահանված անձը պետք է ստանա նոր հաշվառման հասցե։ Նույնիսկ Հայաստանում գրանցված անձը եթե 3 անգամ փոխում է իր հաշվառման վայրը, 3 անգամ էլ նոր հաշվառում է ստանում։ Ստացվում է, որ նախկին հասցեից դուրս գալու դիմում չի ներկայացնում, բայց հասցեում հաշվառվելու դեպքում ինքնին ենթադրում է, որ այլեւս նախկին հասցեն չի գործում, եւ նորն է գործում։