«Հրապարակ»․ Ի՞նչ սպասել Վրաստանից եւ Վրաստանի նոր վարչապետից

«Հրապարակ»․ Ի՞նչ սպասել Վրաստանից եւ Վրաստանի նոր վարչապետից

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն փոխարինելու է «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Վրացագետ Ջոնի Մելիքյանին հարցրինք, թե վարչապետի հրաժարականը որքանով կազդի հայ-ադրբեջանական փոխհարաբերություններում Վրաստանի դերակատարման եւ տարածաշրջանում վարվող քաղաքականության վրա։ Իշխող «Վրացական երազանքն» արդեն 12 տարի իշխանություն է եւ 6-րդ կամ 7-րդ վարչապետն է առաջադրում։ «Սա նորմալ է, չնայած կա կարեւորագույն հարցերի շուրջ ընտրված ուղղվածություն, բայց պարբերաբար նոր թիմ է ձեւավորվում, որը որոշ էլեմենտներ է ավելացնում։ Ամեն մի վարչապետ մի նոր էլեմենտ է ավելացրել, բայց հիմնական քաղաքական ուղուց չի շեղվել այս կառավարությունը կամ իշխող կուսակցությունը, կարողացել են ինչ-որ կերպ դիվերսիֆիկացնող տարբեր ուղղություններով ձեռքբերումներ ունենալ»,- ասաց Մելիքյանը։

Որոշ վարչապետներ եվրոպական ուղղությամբ են ավելի ակտիվ եղել, մյուսները՝ մի քիչ ավելի պասիվ։ Ղարիբաշվիլին հասել է նրան, որ Եվրամիությունում Վրաստանն անդամակցության թեկնածու երկիր է դարձել։ Կարողացել է նաեւ 2 տարվա ընթացքում հայ-ադրբեջանական հարաբերություններում ինչ-որ առաջարկներ անել, ինչ-որ առումով միջնորդի դերում հանդես գալ, Հայաստանի հետ նոր որակի հարաբերությունների պայմանավորվածության գալ։ «Անցած տարի Վրաստան-Չինաստան փոխհարաբերությունները նոր որակի՝ ռազմավարական դարձան․․․ Նոր վարչապետը եւս իր թիմը կձեւավորի եւ հիմնական արտաքին հարաբերությունների գերակա ուղղություններն էլ ավելի կզարգացնի, գուցե իրենց ուրույն ձեռագիրն ունենան՝ թե՛ երկրի ներսում ներքին գործընթացների, թե՛ միջազգային, թե՛ տարածաշրջանային»,- ասաց Մելիքյանը։

Սա հնարավորություն է տալիս թիմի ներսում լիդերներ փոխել, որ նոր մարդիկ ստանձնեն պարտավորություններ եւ փորձեն աշխատել, որպեսզի նաեւ ոչ մեկը դժգոհ չմնա, որ իրեն կամ որեւէ մեկին հնարավորություն չտրվեց։ Նման քաղաքականությունը, ըստ մեր զրուցակցի, շատ կարեւոր է, քանի որ նոր մարդիկ են առաջ բերվում, նրանք նոր մոտեցումներ են ունենում եւ հնարավորություն՝ նոր ասելիքով հանդես գալու։
«Երբ նույն մարդիկ են՝ տասնյակ տարիներ, դա հոգնեցնում է մարդկանց, եւ դժգոհություն է լինում։ Վրաստանի պարագայում ոսկե միջինն իրենք գտել են եւ փոփոխությունների արդյունքում փորձում են նվազեցնել ընտրություններից առաջ դժգոհությունն ընտրողների շրջանում եւ, ինչու ոչ՝ նոր թիմի շուրջ ձեւավորել նոր նախընտրական շտաբ, որը մաքսիմալը կանի, որպեսզի իրենք վերընտրվեն այս տարվա հոկտեմբերի ընտրություններում»,- ասաց վրացագետը։

Իսկ ի՞նչ է հայտնի նոր վարչապետի մասին։ Մելիքյանն ասաց, որ եթե Ղարիբաշվիլին ուներ իր մոտեցումն ու կարծիքը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով եւ ուներ ցանկություն՝ ինչ-որ ձեւով այս պրոցեսին մասնակցել, ապա նոր վարչապետը գուցե նույն մոտեցումը չունենա՝ հատկապես տեսնելով բրյուսելյան հարթակի, Ադրբեջան-Արեւմուտք խնդիրները։ «Նոր վարչապետը որեւէ պարտավորվածություն իր վրա չի վերցրել, գուցե գա, սպասի հարեւան ռազմավարական գործընկեր Ադրբեջանի եւ Հայաստանի արձագանքներին, որոնց հետ հարաբերություններն արդեն հավասարակշռվեցին․․․ գուցե ինքը համարի, որ այն, ինչ Ղարիբաշվիլին արել է, ճիշտ էր, բայց այսօր արդեն բարդ պրոցեսներ են, եւ բոլորս ականատես ենք, որ Ադրբեջանը ոչ կոնստրուկտիվ է, ռեւանշիստական է եւ իր զավթողական քաղաքականությունից չի հրաժարվում, եւ ինչու հավելյալ գլխացավանքի մեջ մտնել։ Այս մասով գուցե Վրաստանն ավելի պասիվ լինի, բայց տարածաշրջանային գործընթացներում ես չէի ասի` գուցե առանձին երկրների հետ հարաբերությունները, հայ-վրացական կամ վրաց-ադրբեջանական, ակտիվություն լինի, այցեր տեղի ունենան, բայց որեւէ համատեղ կամ եռակողմ ֆորմատ կամ ինչ-որ միջնորդական բան չլինի»,- նկատեց մեր զրուցակիցը։

Իսկ ռուս-վրացական փոխհարաբերություններում կոնսենսուս կա, եւ Թբիլիսիում հասկանում են, որ ունենալով տարածքային ամբողջականության հետ կապված կարեւորագույն խնդիր՝ պետք չէ ռուսների հետ ավելի լարել հարաբերությունները, անհրաժեշտ է գոնե կանխատեսելի մակարդակում պահել, մինչեւ հասկանալի դառնա, թե Ուկրաինայում պատերազմական կոնֆլիկտը կամ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունն ինչ հանգրվանի է հասնում։ Դրանք բարդ պրոցեսներ են։ Մելիքյանը նշում է, որ Արեւմուտքի նկատմամբ տարվող քաղաքականությունը շարունակելու են, ասոցացման այս գործընթացում արդեն թեկնածու երկիր են ու ցանկություն ունեն բարեփոխումներ իրականացնել, Եվրոպական Միության կողմից առաջարկված նախապայմաններն իրականացնել, որ անդամակցության շուրջ բանակցությունները քայլ-քայլ առաջ տանեն։ ԱՄՆ-ի հետ հարաբերություններն էլ կփորձեն ակտիվացնել, քանի որ վերջին մեկուկես տարվա ընթացքում դրանք սառել են։ «Իմ կարծիքով, հիմնական այս ուղղություններում իրենք բալանսավորված քաղաքականություն են շարունակելու վարել, որեւէ վերանայում, վեկտորի փոփոխություն՝ որեւէ այդպիսի քայլեր ես չեմ ակնկալում»,- եզրափակեց Ջոնի Մելիքյանը։