Հասան Արցախ

Հասան Արցախ

ԿԳՄՍ նախարարության շուրջ քննարկումները հասել են Արցախ: «Արդարություն» կուսակցությունը «վերջնագիր» է ներկայացրել Արցախի ԿԳՄ նախարարին՝ մինչեւ օգոստոսի 12-ը պահանջելով հանդիպում: Նախարարության խոսնակը պատասխանել է, որ այդ ոճն անընդունելի է: «Արդարություն» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում հղում է արել «Կուսակցությունների մասին» օրենքին հոդված 20-ի 5-րդ կետին, որտեղ, սակայն, խոսվում է ԱՀ հանրային կյանքին կուսակցությունների մասնակցության, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին հարցապնդումներ ներկայացնելու իրավունքի մասին: Ըստ այդմ, ԿԳՄ նախարարը պարտավոր չէ անհապաղ ընդունել «Արդարություն» կուսակցության հետ հանդիպման առաջարկը: Մանավանդ որ հիշյալ կուսակցությունը որեւէ սկզբունքային գաղափար չի ներկայացրել կրթության համակարգի բարեփոխումների շուրջ, այլ միայն ենթատեքստային հարցադրումներ է արել այն իմաստով, թե Արցախի ԿԳՄ-ն տեղյա՞կ է բարեփոխումների հայեցակարգից, համաձա՞յն է դրան: Սա արդեն մտահոգություն չէ, այլ քաղաքական վերաբերմունք: Մանավանդ որ «Արդարություն» կուսակցությունը հղում է անում ծնողներից ստացած «բազմաթիվ ահազանգերի»՝ առանց գոնե մեկ տող մեջբերում անելու: «Արդարությունն» Արցախի խորհրդարանում ընդդիմադիր կուսակցություն է, ունի երեք հոգանոց խմբակցություն եւ իրեն հետաքրքրող հարցերը սահմանված կարգով կարող էր գրավոր ուղարկել ԿԳՄ նախարարություն եւ սպասել պատասխանի: Ընտրվել է ֆեյսբուքյան «մարտահրավերի», ձեւը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ «Արդարությունում» մտահոգված են բոլորովին այլ խնդիրներով: Փորձ է արվում Արցախում ձեւավորել «ազգային դիմադրական շարժում»:

Ցավոք, որոշ մանկավարժներ տուրք են տվել «հայրենասիրական» գայթակղությանը եւ սկզբունքային քննարկումներն իջեցրել իրենց մասնագիտական «պատրաստվածության» մակարդակին: Որքանո՞վ  է գործընթացն ուղղորդվում՝ դժվար է ասել: Փաստ է, որ ամեն ինչ շատ հեռու է Պատկանյանի «Հիմի՞ էլ լռենք» բանաստեղծության իրավունքի համար զուտ մանկավարժական մտահոգությունից: Ավելի շուտ այն տպավորությունն է, որ խոսքը քաղաքական «հիմի՞ էլ լռենք»-ի մասին է: Բաժանարար գիծն առնվազն այս մաոսվ հասել է Արցախ: