«Հրապարակ». Արծվաշենը պահելու համար առնվազն 18 հազար զինվոր է պետք՝ ասել է Վազգեն Սարգսյանը
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական անկլավ Արծվաշենը վերադարձվելու է Հայաստանին։ «Հրապարակն» Արծվաշենի նախկին բնակիչ, համայնքապետի տեղակալ Լիզա Լազարյանի հետ է զրուցել եւ փորձել է հասկանալ, թե հնարավո՞ր է արդյոք Արծվաշենում ապրել, ու արդյոք արծվաշենցիները պատրա՞ստ են վերադառնալ Արծվաշեն։
Տիկին Լազարյանը 20 տարեկանում հարս է գնացել Արծվաշեն եւ այնտեղ բնակվել 20 տարի՝ մինչեւ Արծվաշենի գրավումը։ Գյուղն այդ պահին ունեցել է 4 հազար բնակիչ։ «Հիմա ահավոր վիճակում է Արծվաշենը։ Ոչ ոք ռիսկ չի անի այնտեղ գնալ, որովհետեւ շրջապատված է 24 ադրբեջանական գյուղերով։ Մեր ճանապարհն անցել է Ադրբեջանի տարածքով՝ մեր գյուղի միջով միջպետական ճանապարհ էր անցնում։ Ենթադրենք, ասում է՝ հետ կտան, ո՞վ ռիսկ կանի հետ գնա այնտեղ, ոչ մեկը ռիսկ չի անի, ոչ ոք հետ չի գնա։ Այնտեղ էլ լրիվ ավերակ վիճակ է, տների քարերն անգամ քանդել տարել են ադրբեջանցիները»,- մեզ հետ զրույցում ասաց Լիզա Լազարյանը։
Արծվաշենի նախկին բնակչուհին հիշում է, որ հինգ հազար հա տարածք են ունեցել, հարուստ գյուղ է եղել, հիվանդանոց ու դպրոցներ են ունեցել, գործարաններ։ «Հիմա ոչ մի բան չկա, հիմա այդքան նորից կառուցել, դա հնարավոր բան չէ, բացարձակ հնարավոր չէ»,- շեշտեց Լիզա Լազարյանը։ Գյուղում հաստոցաշինական ու կոշիկի գործարան են ունեցել, ամբողջ գյուղն ապահովված է եղել աշխատանքով, գյուղատնտեսությունն է զարգացած եղել։ «1988 թվականին, երբ շարժումը սկսվեց, ադրբեջանա-հայկական այդ խնդիրները նոր փուլ մտան, մեր գյուղի միջով էին անցնում Ադրբեջանից հեռացող հայերն ու Հայաստանից Ադրբեջան վերադարձող ադրբեջանցիները, այդ ժամանակից արդեն այդ խժդժոցը սկսվեց։ Բայց հիմնականում գյուղի վրա որ հարձակվեցին, դա 1992 թվականի օգոստոսի 6-ն էր։ Մենք արդեն զգացինք, որ մեր վիճակը վտանգված է, ավտոբուսներ ուղարկեցին՝ ղեկավարության հրահանգով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կարգադրությամբ ու այն ակնկալիքով, որ վաղը նորից հետ ենք վերադառնալու։ Հետ վերադառնալու ակնկալիքով ենք մենք դուրս եկել, գիշերը ժամը 9-ի, 10-ի կողմերը ավտոբուսներն ամբողջությամբ լցվեցին, դատարկաձեռն՝ ով ինչ հագուստով տնից դուրս էր եկել, հողաթափերով, այդպես բոլորս լցվեցինք ավտոբուսն ու գնացինք, որ հաջորդ օրը կամ երկու օր հետո վերադառնանք։ Եկանք ու մնացինք, մեր ամեն ինչը՝ 150 տարվա ունեցվածքը թողեցինք ու մի վայրկյանում դուրս եկանք»,- պատմեց մեր զրուցակիցը։
Արծվաշենի նախկին բնակիչը կարծում է, որ իրենք մեծ խաբեության զոհ են դարձել, քանի որ ղեկավարությունն իրենց չէր զգուշացրել։ Արծվաշենը լքելու ժամանակ Լազարյանի մեծ երեխան 16 տարեկան է եղել, փոքրը՝ 8 ամսական, փոքրիկի համար ընդամենը 2-3 տակաշոր ու կաթի շիշ է վերցրել ու հեռացել գյուղից անվերադարձ։ Մեր հարցին, թե ինչ երաշխիքներ պետք է տրվեն արծվաշենցիներին, որպեսզի նրանք համաձայնեն վերադառնալ հայրենի գյուղ, Լիզա Լազարյանն ասաց, որ ոչ ոք չի վերադառնա, ու վերհիշեց մի դրվագ՝ Վազգեն Սարգսյանի հետ կապված։ «Այդ լարված օրերին Վազգեն Սարգսյանը եկավ մեր գյուղ եւ ինքն իր բերանով ասաց՝ այս գյուղը պահել հնարավոր չէ, այս գյուղը պահելու համար առնվազն 18 հազար զինվոր է պետք, որ շրջապատում կարողանան հսկողություն իրականացնել։ Իսկ հիմա ասում է, որ Արծվաշենը տալու են։ Բայց եթե ադրբեջանցիները փոխհատուցում են պահանջում Հայաստանի անկլավների դիմաց, այդ դեպքում մեր գյուղի փոխհատուցո՞ւմն ով է տալու։ Մենք բազմիցս դիմել ենք, նույնիսկ ցույց ենք արել կառավարության դիմաց, Փաշինյանը հետ դարձավ, գիտե՞ք մեզ ինչ ասեց՝ դուք չուզող հարեւաններ եք, որովհետեւ մենք ցույց արեցինք, ասեցինք, որ Արցախից եկածներին տան սերտիֆիկատ են տվել, իսկ մենք էլ երեսուն տարի է՝ մեր տները թողել եկել ենք, ասեց՝ դուք չուզող հարեւաններ եք»,- ասաց Լազարյանը։ Հարցրինք՝ իրենք կողմ կլինե՞ն Տավուշի անկլավներն Արծվաշենով փոխանակելուն, Արծվաշենի համայնքապետի տեղակալն ասաց, որ անձամբ կողմ չէ։ Նա տեղեկացրեց, որ նախկին արծվաշենցիներն ամուր կապ են պահում միմյանց հետ։ Արծվաշենից դուրս գալուց հետո կառավարությունը հատուկ տողով պահում է Արծվաշենի համայնքը՝ որպես վարչական միավոր, որպեսզի բնակիչների հետ կապը լինի։
Արծվաշենի բնակիչներից շատերն անձնագիր չունեն, մյուսներին աշխատանքային հարցերով են օգտակար լինում՝ պատմում է Լիզա Լազարյանը։ Արծվաշենցիները հիմնականում Ճամբարակում են հաստատվել, մոտ 60 ընտանիք Ռուսաստանի Դաշնություն է տեղափոխվել, իսկ 10-20 տոկոսը հաստատվել է Երեւանում կամ այլ մարզերում։
Կարծիքներ