Շեղբի վրայով
Գուցե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ադրենալինի պակա՞ս ունեն, եւ դա է պատճառը, որ շեղբի եզրի վրայով են անընդհատ քայլում՝ սահմանային որոշումներ կայացնելով եւ մեր ժողովրդի համբերության սահմանները ստուգելով։
Իսկ գուցե նպատակ ունեն ապացուցելու, որ հայ ազգը ողորմելի, վախկոտ, հանդուրժող, ստրկամիտ ա՞զգ է՝ իրենց նման «իզմ»-եր չունեցող, ամեն նվաստացման դիմացող եւ անարժանապատիվ։ Այսպես ասած՝ որոշել են ե՛ւ մեզ համար, ե՛ւ աշխարհի համար բացահայտել հայի իրական դեմքը, որը կարող է իր զավակին զոհել ու նրա զոհվելու մեջ թիվ մեկ մեղավորին երկրպագել, քանի որ միանվագ մի քանի միլիոն դրամ է ստացել որդու արյան դիմաց։ Կարող է 30 տարուց ավելի պայքարել մի գաղափարի, մի կտոր հող-հայրենիի համար, ապա սառնասրտորեն թույլ տալ, որ այդ հողը հանձնվի թշնամուն։
Կարող է հանգիստ դիտել, թե ինչպես են իր հայրենակիցներին ճնշում, հալածում, բանտ նետում, իսկ ինքն այդ հալածողներին ու ճնշողներին մեծարում է, եւ մտքով անգամ չի անցնում ընդվզել նրանց դեմ։ Գուցե ուզում են ապացուցել, որ մենք ոչնչով իրենցից լավը չե՞նք՝ մենք էլ ենք պատրաստ թուրքի հետ ախպերություն անել, մեր զավակներին կոտորած ադրբեջանցիների հետ բարեկամանալ, որ ամեն ինչից վեր մեր ֆիզիկական գոյությունն է, ինչպես իրենց համար ամեն ինչից վեր աթոռն ու իշխանությունն են։
Գուցե մտածում են՝ մենք պարզ մանկուրտնե՞ր ենք՝ հիշողություն չունեցող, եւ պատրաստ ենք մոռանալ մեր վերքերն ու կորուստները, մորթված զինծառայող կնոջը, Բաքվի բանտերում խոշտանգվող գերիներին, Ալիեւի հայհոյանքներն ու հոխորտանքները։ Եթե սա չէ ՔՊ-ի ծրագիրը, այսքան ցինիկ ու աննպատակ քայլեր անելու իմաստը ո՞րն է։ Ինչո՞ւ են զոհվածի մորը կալանավորում, մարդկանց նվիրական զգացմունքները տրորում, ծաղրում, անարգում։
Կարծիքներ