Երբ որ Փաշինյանին ճնշեն, կասի՝ նայեք՝ էստեղ Սասնա ծռեր կան. Ստեփան Գրիգորյան

Երբ որ Փաշինյանին  ճնշեն, կասի՝ նայեք՝ էստեղ Սասնա ծռեր կան. Ստեփան Գրիգորյան
«Եթե Սասնա ծռերն իրենց քայլը չանեին, մենք տարածքներ կկորցնեինք, եկեք իրար չխաբենք»,- այսօր Գյումրիում հայտարարեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, որը Սասնա Ծռեր համահայկական կուսակցության ներկայացուցիչներից հետ հանդիպման էր եկել գյումրեցիների հետ: Քաղաքագետի կարծիքով նոր ձևավորվող կառավարությունում եւ օրենսդիր մարմնում Նիկոլ Փաշինյանին Սասնա ծռերը պետք են: «Երբ որ իրեն ճնշեն, կասի՝ նայեք՝ էստեղ Սասնա ծռեր կան: Ինքը թողնի, ծռերը կգան իշխանության; Ես հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանն այդ ամենը հասկանում է»,-ասաց քաղաքագետը՝ օրինակ բերելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որը հարց լինելու դեպքում շահարկում է պոպուլիստների իշխանության գալու վտանգը : «Պետք է լինեն քաղաքական գործիչներ, ովքեր սկզբունքներ ունեն: Հիմա էն ժամանակը չի, որ գալիս-ասում են 3կգ բրինձ կտամ, հիմա դաժան պայքար է գնում, ուրիշ է: Մենք իշխանություններին սատարել ու սատարելու ենք, բայց սաստելու ենք՝ հասկացեք տղերք, մեծամասնություն պետք է լինեք կոճակ սեղմելով ԱԺ-ո՞ւմ »,-նշում է նա՝ խոսելով միակուսակցական երևույթի մասին, ինչի վտանգն այսօր կա: «Ես Սասնա ծռերի հետ եմ, քանի որ գնում են Աժ սահմանադրություն փոխելու: Մեծամասնությունը պարզ է, որ չի փոխի, իշխանությունն իր կամքով չի փոխի: Չունենք բազմակուսակցություն, պատկերացնում եք՝ ինչ խայտառակ վիճակ է: Նախագահականը իդեալական չէր, բայց գոնե հասկանում էինք՝ նախագահ ենք ընտրում, գիտեինք՝ ում ենք քննադատում: Հիմա ո՞ւմ քննադատես»:Քաղաքագետի խոսքերով վերահսկողության մեխանիզմներ է պետք: «Մի քանի օր առաջ նախարարներից մեկին հարց տվեցին, թե ձեզ քննադատում են, ձեզ դուր չի գալիս, ասում է՝ ես հո կոնֆետ չեմ, որ ինձ սիրեն: Դու ո՞վ ես, որ լկտի-լկտի ասես: Նիկոլ Փաշինյանին ես չեմ մեղադրում: Պարտավոր չէ բոլորի հետևից վազել, դա պետք է ընդդիմությունը վերահսկի: Չպետք է մտածել, թե մի լավ տղա կա, ինքն ամեն ինչ կանի,չի կարող, դա համակարգ է»,-ավելացրեց Ստեփան Գրիգորյանը:



Անդրադառնալով ռուս-հայկական հարաբերություններին՝ քաղաքագետըն ընդգծեց. «Սուվերենության կորստի խնդիր կա մեր հարաբերություններում:Մտածում ենք՝ ինչքան ստրուկ լինենք, էնքան մեզ կտան: Բայց իմացեք՝ոչինչ չեն տալիս: Դրա համար էլ նախկին իշխանությունները կզած էին: Կզած գնում էին Մոսկվա: Վրաստանի քաղաքացիների նկատմամբ Ռուսաստանում գիտեք ինչ հարգանք կա: Այն դեպքում, երբ Վրաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ: Սասնա ծռերը չի ասում խզել հարաբերությունները ՌԴ-ի հետ: Ոչ, պետք է աշխատել Ռուսաստանի հետ: ՀԱՊԿ-ն պետք է ծառայի մեր սահմանների անվտանգությանը, չի ծառայի՝ դուրս կգանք: Սա ենք ասում: Մենք ասում ենք՝ ռազմաբազա կա, շատ լավ, բայց ասում ենք, որ կարգ ու կանոն պիտի լինի, որ դուրս չգան իրար վրա կրակեն: Այսպես են քեզ հարգում: Բայց, որ գնում, ասում ես ամեն ինչի համաձայն եմ….մարդկային հարաբերություններն էլ են այդպես, նույնն էլ պետականությունն է: Պետք է ցույց տաս քո կամքը, դա բնական է»: