Բաքուն առաջարկի՞ է սպասում

Բաքուն առաջարկի՞ է սպասում
Նոյեմբերի 8-ին ղազախական Աստանայում կգումարվի ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության խորհրդի հերթական նիստը՝ անդամ պետությունների առաջին դեմքերի մակարդակով: Տեւական ժամանակ է, ինչ փորձագիտական եւ լրագրողական շրջանակներում տեղեկություն է տարածված, որ այդ խորհրդաժողովում, հնարավոր է, քննարկվի ՀԱՊԿ կանոնդարության մեջ փոփոխություններ կատարելու հարցը: Ըստ այդմ, կկատարվեն այնպիսի փոփոխություններ, որոնք թույլ կտան ՀԱՊԿ գործընկերոջ եւ ասոցացված անդամի կարգավիճակ սահմանել՝ հետագայում այն որեւէ երկրի կամ տարածաշրջանային կազմակերպության շնորհելու նպատակով: Այս առումով ամենահավանական թեկնածու է դիտվում Ադրբեջանը:



Սեպտեմբերին թեման շրջանառության դրեց Միլլի մեջլիսի օրինականության եւ պետականաշինության հարցերով կոմիտեի նախագահ Հուսեյինլին: Ադրբեջանցի վերլուծաբան Վելիզադեն կարծում է, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ երկրների հետ, Հայաստանից բացի, ունի բարեկամական հարաբերություններ: Նա գտնում է, որ Ադրբեջանի համար եկել է ռազմաքաղաքական որեւէ դաշինքի անդամակցելու կամ դրան սերտ ասոցացվելու ժամանակը: Հասկանալի է, որ տվյալ դեպքում խոսքը կարող է գնալ միայն ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության կամ կառույցին ասոցացվելու մասին, քանի որ դեպի ՆԱՏՕ ճանապարհը չափազանց երկար եւ դժվարանց է՝ հաշվի առնելով ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցում Արեւմուտքի հետ պաշտոնական Բաքվի սուր տարաձայնությունները: Աստանայի գագաթնաժողովին ընդառաջ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության թեմային անդրադարձել է նաեւ ռուսաստանյան Regnum-ի ադրբեջանցի հեղինակը, որի տպավորությամբ՝ «վճռական խոսքի իրավունքն Աստանայում պատկանելու է Ռուսաստանին, Բելառուսին, Ղազախստանին եւ Տաջիկստանին, ոչ թե Հայաստանին»:



[https://regnum.ru/news/polit/2514034.html](https://regnum.ru/news/polit/2514034.html)



Հնարավո՞ր է, որ հիշյալ երկրներն Աստանայում փորձեն Հայաստանին համոզել, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում պետք է ունենա դիտորդի կամ ասոցացված գործընկերոջ կարգավիճակ: Աշխարհում ամեն ինչ փոխվում է բավական արագ, հաստատուն է մնում Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը: Ինչպես նաեւ՝ պոստխորհրդային տարածքն իր հովանու ներքո ռազմաքաղաքական կայուն դաշինքի մեջ ներառնելու Ռուսաստանի անթաքույց ձգտումը: