«Բռնել ու բաց թողնել», «ծեփել-պառկեցնել»՝ նոր հոդվածներ ՀՀ քրօրենսգրքում

«Բռնել ու բաց թողնել», «ծեփել-պառկեցնել»՝ նոր հոդվածներ ՀՀ քրօրենսգրքում
Այն արարքը, որի կատարման համար կարող է ՀՀ պետպաշտոնյաների նկատմամբ կիրառվել Քրօր․ «բռնել ու բաց թողնել» հոդվածը, Հայաստանում պատմականորեն արմատավորված սոցիալական եւ պետաիրավական նորմալ երեւույթ է, որը պահանջված է եղել միջազգային ասպարեզում ՀՀ պետականության դիրքերն ամրապնդելու, հայ ժողովրդի ազգային կերպարն էլ ավելի բարձրացնելու, ԱԺ կամ այլ ընտրությունների ժամանակ ընտրազանգվածի քաղաքական դիրքերը հստակեցնելու, ՀՀ քաղաքական դաշտը հլու-հնազանդ պահելու, ՀՀ պաշտպանության կառույցները հզորացնելու համար։



Այդպիսի հանցագործություն կարող է համարվել.



1. Ներդրողների հետ փայ մտնելը, եթե այն գերազանցել է ներդրված գումարի 50 տոկոսը եւ, հատկապես, եթե այն կատարվել է առանց իշխանությունների համաձայնության։



2. Հիմնադրամների միջոցների չհիմնավորված ու ոչ նպատակային ծախսելը, եթե այն կատարվել է կազինոների տարածքներից դուրս։



3. Պետական բյուջեի միջոցները գիտական կեղծ ծրագրերի կատարման պատրվակով ծախսելը, եթե նույն ծրագրով արտասահմանյան ներդրողներից գցված գումարները չեն գոհացրել ՀՀ Գիտության կոմիտեի ղեկավարությանը։



4. Քոչարյանի կամ Սերժի քիլլերների կողմից կատարված քաղաքական սպանությունները, եթե տասից ոչ պակաս մարդիկ են յուրաքանչյուր քիլլերի ձեռքով կյանքից զրկվել։



5. ՀՀ ՊՆ ԶՈՒ գեներալների այն գործողությունները, որոնց ժամանակ նրանք խաղաղ ցուցարար հայերին կոտորել են՝ ազերիներին աջակցելու նպատակով։



6. Պետական հարկերից խուսափելու ճանապարհով պետությանն առանձնապես չնչին չափերով գումարի վնաս հասցնելը, որը գերազանցել է 50 միլիարդ դրամի շեմը։



7. Մարդկանց ու պաշտոնյաների այնպիսի գործողությունները, որոնց հետեւանքով երկրի ռեստորանային համակարգը, տարիներով անվճար սպասարկելով նրանց ու նրանց մարմնավաճառներին, զրկվել է շրջանառու միջոցներից, կապիտալ ու ընթացիկ վերանորոգում կատարելու հնարավորությունից եւ ստիպված բազմապատկել է սպասարկման գները։



8. Ցածրորակ՝ միջազգային որակական չափանիշներին չհամապատասխանող կոկաին ներկրելը եւ ՀՀ տարածքներում ՆԳ շահագրգիռ կառույցներին կիսատ-պռատ մուծվելով՝ հավայի քոլ աճեցնելն ու իրացնելը։



9. Անօրինական հարստացումը, եթե այն տվյալ պաշտոնյայի կողմից ժողովրդից ու պետությունից թալանվածը ժամանակին օրինականացնելու գործում անփութության դրսեւորման հետեւանք է։



10. Պետական պաշտոնյաներին կաշառք տալը, եթե կաշառքի չափը չի գերազանցել ստորացուցիչ սահմանները՝ մեկ միլիոն դոլարի շեմը։



11. Կաշառք ստանալը, եթե այն կատարվել է պետական պաշտոնյա ձեւացած անձի կողմից, ու կաշառքի առարկան նպատակին չի հասել, առավել եւս՝ վերեւներին չի փոխանցվել։



Այս հոդվածը չի տարածվում այն մարդկանց ու պաշտոնյաների վրա, որոնք իրենց իմունիտետը բարձրացնելու համար, Ռուսաստանի կամ այլ երկրների արտադրության դեղահաբերն են օգտագործել, եւ երկնային նախախնամության հովանավորյալի՝ Մեծն Սաշիկի վրա։



Ժողովուրդ ջան, բարին ու չարը բնորոշ են մարդկային յուրաքանչյուր հասարակությանը, սակայն նախնադարյան հասարակության մեջ կատարվող հակահամայնքային գործողությունների համար վոժդերը չարագործներին բռնում, մի բան անում ու նոր բաց էին թողնում։ Դրա համար էլ այսօր այդպիսի ավանդույթներ ունեցող ազգերը հզոր պետություններ են կառուցել՝ մարդու իրավունքների ձեւավորման հաշվին։ Թե չէ՝ այն մարդկանց ու պաշտոնյաներին, որոնց մեր երկրում բռնում են ու առանց բան-ման անելու բաց թողնում, դա հենց նրանց՝ մեղադրյալների իրավունքների կոպիտ խախտում է հանդիսանում։ Օրինակ՝ եթե Արմեն Աշոտյանի հետ այդ վոժդերի նման մարդավարի վերաբերվենք, նրա մազերն էլ կգան տեղը, լեզուն էլ տիրոջը հանգիստ կթողնի։ Կամ՝ հանցագործությունս ո՞րն է, սաղս էլ հանցագործ կյանքով ապրած, վիզ դրած տղերք ենք, եկեք հավաքվենք, ում որ հասնում ա, սուչիտ անենք, մեր օբշչագն էլ կշնչի, մենք էլ մեզ լավ կզգանք։ Թե չէ՝ էս դատավոր-մատավորներն ավելի շատ կռիսություն են անում, քան օբշչագ փող են մտցնում։



Ինչ մնում է «ծեփել-պառկեցնելուն», վատ գործ չէ։ ԱԱԾ-ի շեֆը, կտեսնեք, կգա ժամանակ, երբ ամենահարուստ փոդրադչին կլինի։ Նա փորձառություն ձեռք բերած իր տղերքին կտանի խոպան ու ինչքան սվաղի ու ծեփագործության գործ կա, իրենով կանի Ռուսաստանում։ Нет худа, без добра։ Այն միայն մի բանով է վատ՝ Երեւանում ճանապարհներն ասֆալտի շերտերով կարելի է հաշվել, թե քանի քաղաքապետ է այդ խեղճ քաղաքը տեսել, ինչպես որ ծառի կտրվածքի վրա երեւացող օղակների թվով հաշվում են ծառի տարիքն ու որոշում տարիների անձրեւառատ ու չոր լինելը։ Ամեն մի քաղաքապետ, պաշտոնի գալով, ասֆալտի իր շերտն է փռել։ Այդ շերտերի հաստությունից ելնելով՝ կարելի է հաշվել, թե նա «Երեւանն ավելի բարեկարգ» դարձնելու համար ինչ փողեր է բռնել։ Բա մեկը չկա՞ ասի՝ այ Նիկոլ ջան, մեր պատմական հուշարձանները հեղափոխությանն ինչո՞վ են խանգարում, որ հազար ու մի իսանի դրանց վրա ծեփելով՝ ճաքերը մեծացնում ես, չե՞ս մտածում, որ հեծանիվիդ ակները վարի կտաս։ Կամ էլ դրանց այնպես պետք է ծեփել, որ դարեր հետո հնագետները «երեւանյան ճանապարհների Նիկոլի շերտը» թեմաներով գիտական աշխատություններ գրեն։



Լավ, գլուխներս գնաց էս իրավաբանությունից էլ, հնագիտությունից էլ, համ էլ թերթերը մի թիզ բան են՝ Հայաստանի գողերի ու ավազակների անունները եթե նույնիսկ Երեւանի ասֆալտե ճանապարհների վրա գրես, էլ տեղ չի մնա կարմիր գծեր քաշելու համար, ինչ մնաց դրանց անուններն անմահացնես էս թառլան թերթերում։ Դուք մի բան ասեք՝ ե՞րբ է մեր իշխանությունը ժողովրդին փողերով ծեփելու, որ հնագետները հետո մեր մասին էլ գոնե մի տող գրեն եւ պեղումների ժամանակ փաստարկեն, թե 21-րդ դարում Հայաստանի բնակիչները շոր ու կոշիկ էլ են հագել։ Ե՞րբ ենք այս քաղաքական բոհեմից ու տնտեսական գեհենից դուրս գալու։ ԱԺ-ի փչացած պլաստինկան ե՞րբ ենք ասֆալտին ծեփելու՝ պրծնենք։ Հեղափոխությունն սկսել է գիտությամբ չալել, Աստված խեր անի։ Կադրային քաղաքականությունը խեղճ Նիկոլի բկին կանգնեց։ Որին վերցնում ես, ծեփելու բան է եղել, դե արի ու ղեկավարներ գտիր հանցագործ կյանքով ապրողների մեջ՝ գողական Հայաստանում։ Էնա՝ ԱԺ շենքի բակում վառավայկան սպասում է, էլի ծեփելու-սվաղելու, բռնել-բաց թողնելու գործ ա կպել։ Ձմեռն էկավ, այ մարդ, էս ինչքա՞ն քաղաքական աղբ ենք հավաքել։ Դա ո՞նց թաղենք, ինչո՞վ ծածկենք, որ գարշահոտությունից չխեղդվենք։ Մի բառ կար՝ «լյուստրացիա» էր կոչվում։ Այդ աղբին ե՞րբ ենք լուցկին տալու՝ լյուստրացիա անենք։



**Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ**



_«Գրավիտոն» գիտական կենտրոն_