Լրագրողի սպանության գործի քննությամբ զբաղվում են հատուկ ծառայությունները

Լրագրողի սպանության գործի քննությամբ զբաղվում են հատուկ ծառայությունները
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը սկսել է զբաղվել սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության գործով։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսի հայտարարությունը, ԿՀՎ ղեկավար Ջինա Հեսփելը օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացրել լրագրողի սպանության գործի քննության ընթացքը։ Նշենք, որ մինչ այդ Հեսպելը գտնվում էր Թուրքիայում եւ նոր է վերադարձել այնտեղից։ Նա նախագահ Թրամփին ներկայացրել է, թե ինչ է հաջողվել պարզել եւ ինչ խոսակցություններ է ունեցել գործի քննության շրջանակներում»։ Նշենք, որ չնայած ամերիկյան հասարակության լուրջ ճնշմանը, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ այնքան ժամանակ, քանի դեռ արժանահավատ տեղեկություններ չի ստանա Հաշուքջիի սպանության հետ կապված, քայլեր չի ձեռնարկի ընդդեմ Սաուդյան Արաբիայի։ Reuters լրատվական գործակալությունը ավելի վաղ հաղորդել էր, որ Թուրքիայում ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը նաեւ լսել է Հաշուքջիի սպանության հետ կապված հայտնի ձայնագրությունը, սակայն եւ ԿՀՎ-ն եւ Թուրքիայի Ազգային հետախուզական գործակալությունը չեն մեկնաբանել այդ լուրը։