Կկարողանա՞ն Խաչատուրովին հետ կանչել, բայց պահպանել այդ պոստը

Կկարողանա՞ն Խաչատուրովին հետ կանչել, բայց պահպանել այդ պոստը
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու գործընթացը։ Հիշեցնենք․ Նիկոլ Փաշինյանն ու նոր Հայաստանի իրավապահները որոշեցին Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել՝ առանց նրան հետ կանչելու, առանց հաշվի առնելու նրա կարգավիճակն ու այն, որ նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է։ Ստացվեց, որ ոմանց անձնական ամբիցիաների բավարարումը սպառնում է էապես վնասել Հայաստանի հեղինակությանը։ Եվ հիմա մեծ է հավանականությունը, որ Խաչատուրովին հետ կանչելուց հետո մենք դժվար թե կարողանանք այլեւս գլխավոր քարտուղարի նոր թեկնածու ուղարկել, քանզի ՀԱՊԿ-ում զայրացած են այս քրեական հետապնդումից, կարծում են, որ դրանով ստվերել ենք ՀԱՊԿ հեղինակությունը, եւ քիչ հավանական է, որ Հայաստանը պահպանի իր քարտուղարությունը։ Ամենայն հավանականությամբ, այն կփոխանցվի Բելառուսի Հանրապետությանը։



«Շարունակվում են քննարկումները, կոնսուլտացիաներն այն առումով, որ մեզ անհրաժեշտ է հարցը դիտարկել ավելի լայն կոնտեքստում, որովհետեւ նման իրավիճակները կարող են ի հայտ գալ տարբեր պատճառներով հետագայում, եւ կանոնակարգերը կազմակերպության պետք է պատրաստ լինեն նման իրավիճակներին»,- մեր հարցին ի պատասխան ասաց նախարարը։



Հարցին՝ դիվանագիտական առումով ճի՞շտ քայլ էր առանց նրան հետ կանչելու նրա նկատմամբ քրեական գործ հարուցելը, Զոհրաբ Մնացականյանը նախ նկատեց, որ դա ներքաղաքական բնույթի հարց է։ «Մեր կողմից Հայաստանի Հանրապետությունն առաջին քայլերից մեկն արել է էն, որպեսզի մեր ներքաղաքական գործընթացը որեւէ կերպ չազդի կազմակերպության վրա։ Եվ կազմակերպության հեղինակությունը մեզ համար այնքան կարեւոր է, որքան ցանկացած մյուս անդամի համար»,- անորոշ պատասխան տվեց նա։ Իսկ ԱԳՆ լրատվական ծառայությունից էլ այս հարցին տվեցին հետեւյալ պատասխանը․ «Ինչպես բազմիցս նշվել է, Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը, որին հաջորդել է ՀԱՊԿ տարբեր հարթակներում խորհրդակցությունների փուլ՝ ինչպես գործող կանոնակարգի հիման վրա կոնսենսուսային լուծումներ գտնելու ուղղությամբ, այնպես էլ այդ կանոնակարգերը հստակեցնելու ուղղությամբ»։



Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ ընթացակարգ է նախատեսվում նման դեպքերում, եթե հետ կանչեն Խաչատուրովին, Հայաստանը կկարողանա՞ նոր թեկնածու առաջադրել նույն պաշտոնում, ԱԳՆ-ից ասացին․ «Այս հարցում որոշակի սահմանված ընթացակարգ չկա, եւ, ինչպես արդեն նշեցինք, դրա շուրջ էլ են ընթանում խորհրդակցություններ: Այդ խորհրդակցությունների արդյունքներն այնուհետեւ ներկայացվելու են Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը, որի մասին արդեն իսկ հանրությունը, ըստ կարգի, տեղեկացվելու է»։



Այսինքն՝ դեռեւս անորոշ է ամենակարեւոր հարցը՝ Խաչատուրովին կփոխարինեն Հայաստանից մեկ այլ թեկնածուո՞վ, թե՞ քարտուղարությունը կփոխանցվի այլ պետության, այս դեպքում ռոտացիայով՝ Բելառուսին։ Նկատենք, որ Հայաստանի իշխանությունները՝ որպես մխիթարանք իրենց թույլ տված կոպիտ սխալի, վստահեցնում էին, որ եթե Խաչատուրովին հետ կանչեն, նոր թեկնածու կուղարկեն ՀԱՊԿ, բայց սա ՀՀ իշխանությունների ցանկությունն է սոսկ, ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին դա կարծես թե այնքան էլ չի հետաքրքրում։ Եվ եթե Խաչատուրովին հետ կանչելուց հետո մենք կորցնենք գլխավոր քարտուղարի պոստը, սա կլինի բավականին ծանր ապտակ Հայաստանի իշխանություններին։



Այս պարագայում ՀՀ իշխանություններին «չփրկեց» անգամ այն, որ Խաչատուրովի նկատմամբ կալանք չկիրառվեց, ավելին՝ նրան թույլ տրվեց ազատ մեկնել Ռուսաստան, եւ, դատելով այս գործի հետ կապված տեղեկատվության բացակայությունից, այն գնում է դեպի զրոյացում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**