«Արմենիայում» շատ բարդ իրավիճակ է, գնում ենք լայնածավալ ստուգման

«Արմենիայում» շատ բարդ իրավիճակ է, գնում ենք լայնածավալ ստուգման
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, Սերժ Սսրգսյանի խնամի Արա Մինասյանը տեւական ժամանակ է՝ պատերազմի մեջ են։ Նախարարը Մինասյանին է հանձնել իրավապահներին՝ չարաշահումների համար, Մինասյանն էլ նախարարի դեմ է դիմել դատարան։ Այժմ հիվանդանոցն ունի նոր տնօրեն, որն Արսեն Թորոսյանի նախընտրած կադրն է։ Մեզ հետ զրույցում պարոն Թորոսյանն ասաց, որ հիվանդանոցում լայնածավալ ստուգումները շարունակվում են՝ Քննչական կոմիտեի պահանջով։ ՔԿ-ն պահանջել է ոչ միայն այն տարիների տվյալները, որոնք նախարարությունն էր տրամադրել, այլ նաեւ ավելի հին տվյալներ։



**-Հիմա Ձեր նշանակած նոր տնօրենը կարողանո՞ւմ է արդյունավետ կազմակերպել աշխատանքը, քանզի արդեն որոշակի դժգոհություններ կան նաեւ նրանից, որ որոշ հարցերում անվերահսկելի, քաոսային դրսեւորումներ, կրճատումներ կան հիվանդանոցում։**



-Ոչ մի քաոսային դրսեւորում էլ չկա, հակառակը՝ բաժին առ բաժին աշխատանքն արդեն կարգավորվում է։ Էնտեղ հիմնական պրոբլեմատիկ բաժինը վերակենդանացման բաժինն էր, հիմա արդեն շուտով էնտեղ էլ կունենանք էական արդյունքներ։ Չնայած արդեն ունենք, վճարովի ծառայությունների էական, շեշտակի աճ ունենք հիմնարկում, քանի որ ստվերային շրջանառությունը պրակտիկորեն վերացել է, բժիշկների աշխատավարձերի բոնուսների աճ ունենք, որովհետեւ փաստացի ստվերից մտնում է դրամարկղ, դրամարկղից վճարվում է աշխատավարձ։ Ունենք կանոնակարգում անձնակազմի հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի, որովհետեւ ժամանակին ամբողջն օրենքի խախտումով է կնքված եղել, էն աստիճանի, որ, օրինակ, բուժքույրը սանիտարից ցածր աշխատավարձ է ստացել։



**-Բացի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից, այլ՝ մասնավոր հիվանդանոցներում ստուգումներ կա՞ն, օրինակ՝ «Արմենիայում», «Էրեբունիում», «Նաիրիում» եւ այլն։**



-Իհարկե կան, «Արմենիան» հիմա հերթի մեջ է, «Էրեբունին» էլ է լինելու, «Աստղիկն» էլ է լինելու։ Մենք երկու տեսակի ստուգում ունենք հիմա․ մեկը կոչվում է մշտադիտարկում, երբ ամեն երեկո մեր առողջապահական գործակալության մի խումբ աշխատակիցներ այցելում են Երեւանի խոշոր բուժհաստատություններն ու ստուգում էդ պահին եղած պացիենտների հոսքը։ Այդ խախտումների հիմնական ձեւն այն է եղել, որ պացիենտը ներկա է եղել, բուժօգնություն չի ստացել, բայց ձեւակերպվել է որպես բուժօգնություն։ Էդ մասով մենք կարող ենք ասել, որ ունենք իդեալականին մոտ վիճակ։ Նման դեպք վերջին մի ամսում չի արձանագրվել, որ մտնեն տեսնեն 100 պացիենտ կա պառկած, բայց պարզվի, որ այդ 100 պացիենտն առկա չէ։ Մենք դա ստուգել ենք բոլոր խոշոր հիվանդանոցներում։ Այս պահին ավարտում ենք ստուգումը Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ինստիտուտում, Կուրորտաբանության ինստիտուտում, ստուգում է ընթանում թիվ 1 համալսարանական կլինիկայում եւ Մուրացանի անվան հիվանդանոցում, Վեդու բժշկական կենտրոնում է ստուգում ընթանում, Այրվածքաբանության կենտրոնում է ստուգում գնում։ Ի դեպ, այրվածքաբանությունը մենք չենք նախաձեռնել, ոստիկանության ցուցումով ենք ստուգում անում։



**-Սրանցից ամենառիսկայինը ո՞ր բուժհաստատությունն է, որտեղ հնարավոր է քրեական գործեր հարուցելու հարց առաջանա։**



-Վեդու մասով, ինչքան գիտեմ, իրավական գործընթաց կա, եւ քրեական գործ արդեն հարուցվել է կամ կհարուցվի, այրվածքաբանության մասով իրավական գործընթաց գնում է։ Կա նաեւ խնդիր, որ մենք չենք ստուգել, ոստիկանության վեցերորդ վարչությունն է ստուգել․ դա Մաշկաբանության հանրապետական կենտրոնն է, որտեղ եւս իրավական գործընթաց կա։ Այսինքն՝ բոլոր դեպքերում իրավական գնահատական տրվում է։



**-Շա՞տ են դժգոհությունները, օրինակ, «Արմենիա» ԲԿ-ից, այնտեղ ինչպե՞ս է վիճակը։**



-Չեմ ուզում անմեղության կանխավարկածը խախտել, բայց կարծում եմ, որ «Արմենիայում» շատ բարդ իրավիճակ է, եւ հիմա մենք հաջորդը գնում ենք «Արմենիա»՝ լայնածավալ ստուգման, ու էլի դա ունենալու է շատ լուրջ հետեւանքներ։



**-Պարոն Թորոսյան, այս օրերին գործեր են հարուցվում նախկինում տարբեր շենք-շինություններ կոպեկներով սեփականաշնորհելու դեպքերի առթիվ։ Նման դեպքեր կան նաեւ առողջապահության ոլորտում, երբ տարբեր պաշտոնյաներ սեփականաշնորհել են խոշոր հիվանդանոցներ։ Ձեր կողմից կա՞ նման պրոցես՝ նաեւ դրանք ստուգելու, թե այս կամ այն հիվանդանոցն ինչպես է ժամանակին սեփականաշնորհվել։**



-Մենք էս պահին մի նման դեպքի ինֆորմացիա ունենք, որի մասին որ հայտնել ենք նաեւ մամուլով։ Ես եմ հայտնել․ դա Արյունաբանության ինստիտուտի մի մասնաշենքին է վերաբերում, որի գինն արհեստականորեն իջեցվել էր, եւ վաճառվել էր ավելի էժան գնով։ Բայց էստեղ մի խնդիր կա՝ մեր նախարարությունը հաճախ ո՛չ տիրապետում է էդ ինֆորմացիային, ո՛չ էլ լիազոր մարմինն է ընթացք տալու։ Բոլոր էդ սեփականաշնորհումներն արվել են պետգույքի վարչության միջոցով՝ փոխանցելով մեր բալանսից իրենց բալանս ու էնտեղից նոր սեփականաշնորհելով։ Այսինքն՝ մենք նույնիսկ վերահսկողություն չենք ունեցել սեփականաշնորհման պրոցեսի նկատմամբ։ Եվ ես գտնում եմ, որ պետգույքի կառավարման վարչությունն իր վերստուգման շրջանակներում պետք է պարզի՝ արդյոք այս կամ այն հիվանդանոցը մասնավորեցվել է, օրինակ, արհեստականորեն իջեցված գնո՞վ, եւ դրա տակ կա՞ն հանցագործության տարրեր, որ դիմի կամ չդիմի։ Մենք, ամեն դեպքում, աշխատում ենք պետգույքի վարչության հետ։ Նաեւ մենք ունենք հիվանդանոցներ, որոնք մասնավորեցման ցանկի մեջ են, թե արդյոք դրանք պե՞տք է մասնավորեցվեն, թե՞ պետք է վերադարձվեն պետական սեփականությանը։