Ինձ մի պահ թվաց, թե հայը Մակրոնն է

Ինձ մի պահ թվաց, թե հայը Մակրոնն է
Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի միջոցառումները երեկ ավարտվեցին։ Սա մեծ և կարևոր իրադարձություն էր Հայաստանի համար, որի տակից Հայաստանի իշխանությունները պատվով դուրս եկան։ Նրանց հաջողվեց այն կազմակերպել և անցկացնել ընդհանուր առմամբ բարձր մակարդակով՝ չհաշված որոշ թերություններ։ Բայց այդ ամենը դժվար է վերագրել միայն ՀՀ նոր իշխանություններին և կառավարությանը։ Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի՝ Հայաստանում անցկացման պայմանավորվածությունը ձեռք է բերվել ու դրա իրագործման մեկնարկը տրվել է դեռ նախորդ իշխանությունների օրոք, որում իր կարևոր դերակատարումն է ունեցել ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Իսկ միջոցառումների կազմակերպման ողջ ծանրությունն ու բեռը ընկած էր ԱԳՆ-ի վրա, որը ևս կարողացավ հաղթահարել։ Նկատենք, սակայն, որ միջոցառումների կազմակերպման աշխատանքներն իրականում այս ամիսներին վերահսկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը՝ նրանք են այցելել Հայաստան, ուսումնասիրել հյուրանոցները, դահլիճներն ու ամեն ինչ, գծել միջոցառումների անցկացման քարտեզը, ցուցումներ տվել, թե որտեղ ինչը ոնց պետք է արվի, և ԱԳՆ-ին մնացել է միայն իրագործել այդ ամենը։



Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը, ում սրտի «մենաշնորհած» կազմակերպությունն է Ֆրանկոֆոնիան և ամբողջ հոգով կապված է դրա հետ, մեզ հետ զրույցում շատ բարձր գնահատեց գագաթնաժողովի անցկացումը մեր երկրում։



«Էն նշաձողը, որ դրված էր երկու տարի առաջ, երբ որ Հայաստանը սկսեց նախապատրատսական աշխատանքները, էդ նշաձողը պահպանվեց՝ չհաշված որոշ մանր-մունր, տեխնիկական, կազմակերպչական հարցեր։ Բայց դրանք լինում են ցանկացած նման հսկայածավալ աշխատանքի մեջ։ Միջազգային կազմակերպության այն պաշտոնյաները, որ պատասխանատու էին այս գագաթնաժողովի անցկացման համար, իրենք շատ գոհ են, որ Հայաստանի ներկա կառավարությունը շարունակեց նախկինի գծած ընթացքը, և բոլոր պայմանավորվածությունները պահպանվեցին»,-ասաց տիկին Եսայանը։



**-Իսկ եղա՞վ շնորհակալության, երախտիքի խոսք նոր իշխանությունների կողմից նախկիններին դրա համար։**



-Դուք եթե լսել եք վարչապետի երեկվա խոսքը, այդ խոսքում նման վերաբերմունք չկար, ես չլսեցի։ Բայց ես կուզեի, որ դա լիներ, որովհետև, որքան էլ մարդկանց դա դուր գա, թե չգա, Էդվարդ Նալանդյանի դերակատարությունը այս միջոցառման նախաձեռնության, անցկացման և այլնի հետ կապված՝ ուղղակի անգնահատելի է։ Եվ նախկին նախագահի դերակատարությունը։ Բայց գիտե՞ք, շնորհակալությունը բարեկրթության ձև է, որը տվյալ մարդուն է բնութագրում, նրան, ով հնչեցրեց։



**-Ասացիք՝ մանր-մունր բացթողումներ, վրիպակներ եղել են, արդյոք այդ վրիպակներից մե՞կն էր նաև Ազնավուրի ծննդյան թիվը սխալ գրելը, թե՞ դա մեծ վրիպակ կարելի է համարել։**



-Դա կարելի է մեծ վրիպակ համարել, անկեղծ ասած, որովհետև ահռելի գումար է ներդրված եղել էս միջոցառմանը (բյուջեով նախատեսված էր շուրջ 1,5 միլիարդ դրամ), և կատարողները պիտի մաքսիմալ ուշադիր լինեին, որովհետև աշխարհի 84 երկրից պատվիրակություններ էին եկել, 38 առաջին դեմք էր եկել։ Էդ կարգի բաներ միշտ են լինում, բայց պիտի ծայրահեղ ուշադիր լինեին, դա իսկապես ամոթ էր։ Բայց չեմ կարծում, որ դա ստվերեց միջոցառումը, քանի որ այն ինչպես պլանավորված էր, այնպես անցավ, և՛ որակով, և՛ ջերմությամբ, և՛ էներգետիկայով հոյակապ անցավ էդ ամեն ինչը, ինչի համար իսկապես ես ուրախ եմ։



**-Դուք ի՞նչ կարևոր մեսիջներ նկատեցիք թե՛ Նիկոլ Փաշինյանի ելույթում, թե՛ Մակրոնի և մյուսն ղեկավարների ելույթներում։**



-Ես կարծում եմ, որ Մակրոնն իր ելույթում վերանայեց Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը, կարծում եմ՝ Ֆրանսիայի վերաբերմունքը միշտ է շատ բարձր եղել Հայաստանի հանդեպ, բայց հիմա շատ ավելի լավ կլինի վստահաբար։ Իմ սուբյեկտիվ տպավորությամբ, Մակրոնը կարծես որդիաբար Շառլ Ազնավուրին խոստացել էր, որ ինքը լինելու է և մնալու է Հայաստանի բարեկամը։ Բոլոր ելույթները լսելու ընթացքում ինձ մի պահ թվաց, թե հայը Մակրոնն է, իսկական Հայաստանը սիրող պետական քաղաքական գործիչը հենց Էմանուել Մակրոնն է․․․



**-Իսկ Նիկոլ Փաշինյա՞նը։**



-Թույլ տվեք էդ հարցին չպատասխանել, որովհետև․․․ չանդրադառնանք, ես Մակրոնի մասին եմ հիմա խոսում։ Եվ, անկեղծ ասած, շատ հուզվեցի և հասկացա, որ Մակրոնի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, եթե դրական էր, հիմա լինելու է շատ ավելի դրական։



**-Իսկ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին ի՞նչ կասեք։**



-Ի տարբերություն Շառլ Ազնավուրի արարողության ելույթի՝ մի փոքր կարծես վերանայված էր, և փորձում էր ավելի հանդարտ տոնայնությամբ խոսել։ Ի դեպ, պիտի ասեմ, որ շատ լավ ֆրանսերեն էր կարդում, ինձ դա դուր եկավ։ Բայց ես գիտեմ, որ նախկին իշխանության պարագայում էլ, ով էլ որ ելույթ ունենար, նա նույնպես ֆրանսերեն էր խոսելու, և պայմանն էր էդպիսին։



**-Ի դեպ, այս օրերին շատերն են հարցնում, թե ինչ է Ֆրանկոֆոնիան և ինչ է տալիս դա մեզ։ Դուք՝ որպես Ֆրանկոֆոնիայի մասնագետ, այսպես ասած, կարո՞ղ եք մեկ-երկու բառով ներկայացնել՝ ի՞նչ է Ֆրանկոֆոնիան և ի՞նչ կապ ունենք մենք դրա հետ։**



-Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը մոտ 50 տարեկան է, ձևավորվել է ժամանակին որպես ֆրանսերենը և ֆրանկոֆոն արժեհամակարգը աշխարհում տարածելու միջոց, լեզվամշակութային կառույց է ձևավորվել, և, հիմնականում, ձևավորվել է աֆրիկյան երկրներին եվրոպական արժեհամակարգին կապելու համար։ Իսկ մենք միշտ էլ Ֆրանկոֆոն ենք եղել դեռ Լևոն 4-րդ թագավորի ժամանակվանից, Կիլիկիայի թագավորության ժամանակներից, և ֆրանսերենը հայերի համար միշտ էլ եղել է սիրված լեզու։ Իսկ կոնկրետ այս միջոցառումից մեր սպասելիքը պիտի լինի տնտեսական, և մեր կառավարությունը պիտի ամեն ինչ անի, որ ֆրանսախոս աշխարհի հետ տնտեսական կապերը սերտացնի։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**