Պոլսի Հայոց պատրիարքական ընտրություններին ընդառաջ․ ինչպես է անցել նախընտրական հերթական շաբաթը․ «ԱԿՕՍ»

Պոլսի Հայոց պատրիարքական ընտրություններին ընդառաջ․ ինչպես է անցել նախընտրական հերթական շաբաթը․ «ԱԿՕՍ»

Պոլսի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացը բավական աշխույժ կերպով առաջ է ընթանում, նորանոր ելեւէջումներ արձանագրելով։ Ինչպես գրում է պոլսահայ «Ակօս»-ը, երկու թեկնածուներ՝ գործող տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու Կրոնական ժողովի նախագահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ամբողջ թափով լծված են նախընտրական քարոզարշավին, որն ընթանում է բավական սուր կերպով։ Ամեն բան անում են, որպեսզի իրենք իրենց ավելի նախընտրելի դարձնեն ընտրողների համար։ Անցյալ շաբաթավերջին, ըստ «Ակօսի» Սահակ Մաշալյանը ընթրիք է կազմակերպել  իր պատգամավորության թեկնածուների եւ նրանց ընտանիքների համար։

Պարբերականը նկատում է, որ այդ միջոցառումը չափազանց նման էր ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցող նախընտրական արշավներին։ Արամ Աթեշյանն էլ իր հերթին Սամաթիայում է հանդիպել թաղականների հետ։ Շարունակվում են նաեւ ՆԳ նախարարության տրամադրած ընտրական կանոնագրի վիճահարույց դրույթի հետ կապված գործընթացները։ Նախաձեռնակ մարմնի անդամությունից հրաժարական է տվել երկրորդ ատենապետ Սարգիս Չավուշյանը։ Վերջինս իր հրաժարականի մասին խոսելիս ասել է, որ հրաժարականի տրամադրություններ ունեցել է սկսած այն պահից, երբ ՆԳ նախարարության կողմից տրամադրվել է վիճահարույց կանոնագիրը, սակայն չի ուզել խանգարել սկսված պրոցեսին եւ առժամապես լռել է։ Սակայն այժմ, երբ արդեն դատական հայցերի մասին է խոսվում, կապված վիճահարույց կանոնագրի՝ իրավական ընթացակարգով դատարանում բողոքարկելու հետ, որոշել է քայլ անել ու չլռել։ Սա թվով յոթերորդ հրաժարականն էր Նախաձեռնակ մարմնից, որով անդամների կեսն արդեն հրաժարական են տվել։  

Զուգահեռաբար, Բեյլօղլուի թաղական խորհրդի ատնապետ Սիմոն Չեքեմը հայց է ներկայացրել դատարան, որպեսզի լուծարվի Նախաձեռնակ մարմինը։  Հայցում փաստաբան Չեքեմը նշել է, որ նախորդ ընտրությունների ժամանակ գոյություն չի ունեցել «Ստամբուլի եպսիոկոպսաց դասին պատկանող հոգեւորական» սահմանումը, որով այս սահմանումը պետք է չեղյալ հայտարարվի, իսկ Նախաձեռնակ մարմինն էլ լուծարվի, որ չի բողոքել այս սահմանման դեմ ու այդ կերպ, չբողոքելով, դավաճանել է իր առաքելությանը։ Չեքեմը նաեւ պահանջել է, որ ՆԳ նախարարությունը վերատեսության ենթարկի արդեն տրամադրած կանոնագիրն ու պատրաստի նորը՝ նախկին ավանդության հիման վրա։ Պարբերականը եզրակացնում է, որ ընտրական պրոցեսն արդեն շատ բանով հիշեցնում է քաղաքական ընտրական գործընթացների, նույնիսկ շռայլության դրսեւորումներով, որ մի փոքր խորթ պետք է լինի, եթե հաշվի առնենք, որ խոսքը զուտ եկեղեցական ընտրության մասին է։
«ԱԿՕՍ»