Ո՞ր ապրանքները կթանկանան Ռուսաստանում 2019-ին

Ո՞ր ապրանքները կթանկանան Ռուսաստանում 2019-ին
Ռուբլու թուլացումը եւ 2019 թվականին նախատեսված ավելացված արժեքի հարկի տոկոսային դրույքաչափի բարձրացումը կարող են հանգեցնել Ռուսաստանում շատ ապրանքատեսակների գնաճի։ Այս մասին գրում է **topnews.ru**-ն։ Այսպես՝ հագուստեղենն ու կոշկեղենը Ռուսաստանում 2019-ին կարող են թանկանալ 5-20 տոկոսով։



**МК**-ն պարզաբանում է, որ ներկայումս Ռուսաստանում գործում է ավելացված արժեքի հարկատեսակի երեք դրույքաչափ՝ 0 տոկոս, 10 տոկոս եւ հիմնականը՝ 18 տոկոս։ Զրոյական ԱԱՀ-ն տարածվում է տրանսպորտային ծառայությունների բազմաթիվ տեսակների վրա։ 10 տոկոսանոց ԱԱՀ վճարում են այն սննդարտադրողները, որոնց արտադրանքը մտնում է հիմնական սպառողական զամբյուղի մեջ, ինչպես օրինակ՝ միս, կաթ, ալյուր, հաց, ձուկ եւ այլն։ Միաժամանակ 10 տոկոսանոց ԱԱՀ-ով գործում են նաեւ մանկական իրեր եւ մանկական սնունդ արտադրողները, հրատարակչությունները, բուժամիջոցների եւ դեղերի արտադրողները։ Մնացյալ բոլորը արդեն աշխատում են 18 տոկոսանոց ԱԱՀ-ով, որն էլ հաջորդ տարեսկզբից կբարձրանա 2 տոկոսով եւ կդառնա 20 տոկոս։ Ըստ տնտեսագետների կանխատեսումների, թանկացման ենթակա կլինեն կենցաղային տեխնիկան եւ էլեկտրոնիկան, ավտոմեքենաները, կահույքը, ալկոհոլը եւ ծխախոտային ապրանքատեսակները, բենզինը, ժամանցի հետ կապված ողջ սպեկտրը, տուրիստական ուղեգրերը, բնակարանները եւ բնակկոմունալ ծառայությունները։



**TelecomDaily** լրատվական վերլուծական կենտրոնի մասնագետներն էլ կարծում են, որ ողջ թվային տեխնոլոգիաները եւ գաջեթները հաջորդ տարվանից Ռուսաստանում կթանկանան 5 տոկոսով։ Ընդ որում թանկացումները իրենց զգացնել կտան արդեն փետրվար-մարտ ամիսներին։ Այսպես, եթե նորմալ սառնարանը կարելի էր գնել 30 հազար ռուբլով, ապա հաջորդ տարվանից այն կարժենա արդեն մոտ 32 հազար ռուբլի։



Բավական ուշագրավ պատկեր է ստացվելու նաեւ ռուսաստանյան անշարժ գույքի շուկայում։ Այսպես շինարարական նախագծերի իրականացման ինքնարժեքը կբարձրանա 2-3 տոկոսով, իսկ որոշ մասնագետների կարծիքով էլ գնաճը կկազմի մինչեւ 10 տոկոս։ Կահույքի դեպքում գնաճը կկազմի 1-2 տոկոս։