ԵԽԽՎ-ն հանդես է եկել կոչով՝ ուղղված Հայաստանի իշխանություններին եւ քաղաքական ուժերին

ԵԽԽՎ-ն հանդես է եկել կոչով՝ ուղղված Հայաստանի իշխանություններին եւ քաղաքական ուժերին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) հանդես է եկել կոչով՝ հորդորելով Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին խոսքով եւ գործով հարգել ժողովրդավարական սկզբունքները և օրենքի գերակայությունը: Լովոչկինայի հայտարարությունը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում։



Հայտարարությունում անդրադարձ է արվել Երեւանի ավագանու ընտրություններին, որտեղ նշվել է, որ դրանք ցույց տվեցին, որ հայ ժողովուրդն ունի ձգտումներ դեպի ժողովրդավարությունը, թեեւ մյուս կողմից մասնակցության ցածր ցուցանիշը խոսում է այն մասին, որ քաղաքական պրոցեսների հանդեպ կա վստահության պակաս։ Սա նկատի ունենալով համազեկուցողը հայտարարել է, որ «չափազանց կարևոր է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները բոլոր քաղաքական մրցակիցների և շահագրգիռ կողմերի կողմից ընկալվեն և ընդունվեն որպես ժողովրդավարական և արդար»:



Լովոչկինան կոչ է արել եւ իշխանություններին, եւ բոլոր քաղաքական շահառու կողմերին երաշխավորել, որ արտահերթ ընտրությունները կանցկացվեն եվրոպական չափանիշներին և ժողովրդավարական ընտրությունների համար անհրաժեշտ նորմերին համապատասխան, և որ բոլոր քաղաքական ուժերը կունենան պատշաճ և բավականաչափ ժամանակ ընտրություններին պատրաստվելու համար։ ԵԽԽՎ բարձրաստիճան պաշտոնյան նաեւ ընգծել է, որ շատ կարեւոր է, որպեսզի փոփոխվի Ընտրական օրենսգիրքը , իսկ փոփոխություններն էլ պետք է լինեն այնպիսին, որ լիակատար կերպով հարգեն Վենետիկի հանձնաժողովի ցուցումները եւ «հիմնված լինեն բոլոր քաղաքական ուժերի միջև հնարավորինս առավելագույն կոնսենսուսի վրա»։



Հայտարարությունում կա անդրադարձ նաեւ հայաստանյան վերջին զարգացումներին։ Այս առնչությամբ ասվում է, որ ԵԽԽՎ-ն բազմիցս ողջունել է Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական իշխանափոխությունը, եւ ընդունել է իշխանությունների հավաստիացումներն առ այն, ժողովրդավարական սկզբունքները պետք է հարգվեն, եւ դատական համակարգում քաղաքական միջամտություններն անընդունելի են։ «Ես ընդգծում եմ, որ չի կարող լինել անպատժելիություն քրեական գործողությունների համար՝ անկախ, թե ով է դա իրագործել: Մենք, հետևաբար, ողջունում ենք 2008 թվականի մարտյան ողբերգական դեպքերի ժամանակ գրանցված 10 զոհերի վերաբերյալ ցանկացած արժանահավատ քննություն: Այնուամենայնիվ, ցանկացած հետաքննություն, այդ թվում՝ կոռուպցիոն մեղադրանքների վերաբերյալ հետաքննությունները, պետք է իրականացվեն օրենքի գերակայության, դատական անկախության և արդար դատավարության սկզբունքների պահպանմամբ՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի»,- ասված է հայտարարությունում: Հայտարարությունում նշվում է, որ համազեկուցողները դիտորդական հանձնաժողովի խնդրանքով մոտ ապագայում կայցելեն Հայաստան՝ քննարկելու վերջին զարգացումները բոլոր շահագրգիռ կողմերի հետ: