Ութոտնուկները նույնպես ցանկություն են ունենում փաթաթվելու

Ութոտնուկները նույնպես ցանկություն են ունենում փաթաթվելու
Մարդկանց եւ ութոտնուկներին բաժանում է մոտավորապես էվոլյուցիայի 500 միլիոնանոց մի դարաշրջան, սակայն մարդու եւ ութոտնուկի միջեւ կան բավականին շատ ընդհանրություններ։ Ինչպես հաղորդում է BBC-ն, պարզվում է, որ թմրանյութը կարող է ազդել նաեւ ութոտնուկի վրա, ընդ որում ճիշտ նույն կերպ, ինչ որ մարդու։ Այսպես մարդու մոտ թմրանյութի ազդեցությունն արտահայտվում է էքստազով, որը առաջանում է նյարդային վերջավորություններում առկա մի սպիտակուցի հետ տեղի ունեցած ռեակցիայի հետեւանքով, ինչի արդյունքում ակտիվորեն արտածվում է սերոտոնին հորմոնը։



SLC6A4 գենը, որը կոդավորում է այդ սպիտակուցը մարդու ԴՆԹ-ում, առկա է նաեւ ութոտնուկի գենոմի մեջ։ Գիտնականների փորձերը ցույց են տվել, որ թմրանյութի ազդեցության տակ ութոտնուկները նույնիսկ փորձել են փաթաթվել իրար եւ սովորաբար մենակյաց այդ արարածները բավական երկար ժամանակ անցկացրել են այսպես ասած՝ ընկերային շրջապատում։