Ստեփանակերտը կմիանա՞

Ստեփանակերտը կմիանա՞
Դուշանբեում Փաշինյան-Ալիեւ աշխատանքային երկխոսության շուրջ Ադրբեջանում ուշագրավ դիտարկումներ են հրապարակվում: Խնդրին անդրադարձել է նաեւ նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը: Նրա կարծիքով՝ իրավիճակը, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը ստեղծում են օպերատիվ կապ, որպեսզի վերահսկեն հրադադարի ռեժիմի անխախտելիությունը, «կարող է փորձություն լինել» վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ «դա Փաշինյանին կօգնի հասկանալ, թե որքանո՞վ է տիրապետում զորքերի շփման գծում դրության մասին [տեղեկատվությանը](https://ru.oxu.az/politics/277612), ինչպես նաեւ այն, թե որքանով են նրանք կատարում իր ցուցումները, ովքեր այսօր իշխանություն են Ղարաբաղում»:



Պաշտոնական Բաքուն այսպիսով, թեկուզ անուղղակի, բայց փաստում է, որ առանց օպերատիվ կապի գծին Արցախի Պաշտպանության բանակի եւ քաղաքական ղեկավարության միանալու հրադադարի ռեժիմի անխախտելիության վերահսկումը պարզապես հնարավոր չի լինի: Ճիշտ է, նման տեսակետ հնչեցվում է փորձագետի մակարդակով, այլն էլ՝ ենթատեքստային ակնարկով, բայց պետք է նկատի ունենալ, որ խոսքը վերաբերում է անմիջապես Ադրբեջանի նախագահի աշխատակազմի վերահսկողության ներքո գործող վերլուծական կենտրոնի ղեկավարին, որի մոտեցումը չի կարող էականորեն տարբերվել պաշտոնականից: Այս իմաստով կարեւոր է վարչապետ Փաշինյանի շեշտադրումը, որ Ալիեւի հետ երկխոսությունից անմիջապես հետո՝ Դուշանբեից, զանգել եւ պայմանավորվածությունների մասին տեղյակ է պահել Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Ըստ երեւույթին, դա տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ համաձայնությամբ:



Այսպիսով, կարելի է ենթադրել, որ եթե օպերատիվ կապը հաստատվի, ապա Ստեփանակերտը կմիանա դրան: Սա կարող է դառնալ բանակցային գործընթացին Արցախը ներգրավելու ուղղությամբ առաջին քայլը, որը թեեւ կունենա տեխնիկական դրսեւորում, բայց դրանով կվերահաստատվի, որ հրադադարի հաստատման համաձայնագիրը եռակողմ է: Եւ հրադադարի ռեժիմի անխախտելիության վերահսկողությունը կարող է իրական լինել, եթե գործընթացին ներգրավվի նաեւ Արցախը: Կհաջողվի՞ դիվանագիտական անհրաժեշտ տեսք տալ Դուշանբեի պայմանավորվածություններին, առհասարակ դրանք կյանքի կկոչվեն՝ պարզ կլինի առաջիկայում: Բայց Ադրբեջանում, կարծես, հակված են ճանաչելու պաշտոնական Ստեփանակերտի առնվազն տեխնիկական դերակատարությունը: