«Իմ քայլը» դեռ չի որոշել՝ ովքեր են լինելու փոխքաղաքապետերը

«Իմ քայլը» դեռ չի որոշել՝ ովքեր են լինելու փոխքաղաքապետերը
Անցյալում է արդեն Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախնական արդյունքները, ըստ որոնց՝ բացարձակ առաջատար է «Իմ քայլը» դաշինքը, որը ստացել է ընտրողների 81,06 տոկոսը։ Այսպիսով, առանց ավագանու անդամների քվեարկության, իրավունքի ուժով դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Հայկ Մարությանը դառնում է Երեւանի քաղաքապետ։



Իսկ թե՞ 169 հոգուց բաղկացած ընտրական ցուցակում ովքե՞ր են լինելու փոխքաղաքապետերը, քաղաքապետարանի վարչությունների աշխատակիցները, փորձեցիք ճշտել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։



Կուսակցության մամուլի խոսնակ **Վահան Կոստանյանը** մեզ փոխանցեց, որ այդ թեմայով որեւէ քննարկում իրենք դեռ չեն ունեցել․ «Մոտ օրերս քննարկում կլինի, միչեւ հոկտեմբերի 10-ը նիստը կլինի»։



Ցուցակի երկրորդ համար **Սրբուհի Ղազարյանից** հետաքրքվեցինք՝ որպես երկրորդ համար իրեն առաջարկվե՞լ է փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնել, նա տվեց բացասական պատասխան․ «Առաջարկություն չի եղել, ես որոշել եմ մնալ պարզապես ավագանու անդամ, համատեղել ներկայիս աշխատանքի հետ»։



Նշենք, որ Սրբուհի Ղազարյանը այժմ աշխատում է կառավարությունում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է։



Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանում ավագանու անդամներ է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Լույս» դաշինքը



**Աննա ՊԱՊԻԿՅԱՆ**