Մեր երկրի իրավիճակի մտահոգությունը միայն իմ մտահոգությունը չէ, այլ եվ ԵԽԽՎ պատվիրակների

Մեր երկրի իրավիճակի մտահոգությունը միայն իմ մտահոգությունը չէ, այլ եվ ԵԽԽՎ պատվիրակների
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ **Արփինե Հովհաննիսյանը** նախօրեին տեղեկացրեց, որ ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել են ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճնշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը եւ տարածումը, երկրորդ նախագահի, նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը, հնարավոր սահմանադրական փոփոխությունները` որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ, օրենսդիր եւ դատական իշխանությունների վրա ճնշումները։ «Ներկայացրել եմ փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ։ Քննարկվել է նաեւ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի միջեւ տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը: Հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում որոշում կայացրեց Քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաեւ քաղաքական հետապնդումների կապակցությամբ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հովհաննիսյանը։ Թեմայի վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք ԱԺ փոխխոսնակին։



**-Նախ կուզեի պարզաբանեիք, թե ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստում ինչպե՞ս են քննարկվել ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները։**



-ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովն ունի հնարավորություն՝ ընթացիկ հարցերի շրջանակում քննարկելու այն իրավիճակը, որ առկա է այս կամ այն անդամ երկրներում։ Եվ, ըստ էության, հանձնաժողովի աշխատանքի բնույթն այնպիսին է, որ շատ հաճախ հարցեր են ուղղվում հանձնաժողովի անդամներին, թե ինչպիսի զարգացումներ կան անդամ երկրներում։ Այս տեսանկյունից ներկայացրել եմ, թե ինչ իրադարձություններ են կատարվում մեր երկրում, եւ հանձնաժողովի անդամներն իրենց տեսակետն են ներկայացրել։ Քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովը, բնականաբար, տեղյակ է Հայաստանում տիրող իրավիճակին։ Վերջին զարգացումների պատճառով այս շրջանում Հայաստանը գտնվում է մեր եվրոպացի գործընկերների ուշադրության կենտրոնում, եւ, ըստ էության, բազմաթիվ եվրոպացի պաշտոնյաներ արձագանքում են ստեղծված իրավիճակին՝ իրենց մտահոգությունները հայտնելով այս հարցի կապակցությամբ։ Հանձնաժողովը հարցը քննարկվելուց հետո որոշում կայացրեց այն ուղարկելու Մոնիթորինգի հանձնաժողովի արտահերթ քննարկմանը՝ այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԽԽՎ-ին անդամությունից ի վեր համարվում է մոնիթորինգի ենթակա երկիր, ուստի Մոնիթորինգի հանձնաժողովի ուղղակի պարտականությունն է դիտարկել, թե երկրում ինչ է կատարվում։ Սա ո՛չ որեւէ մեկի ցանկությամբ, ո՛չ էլ նախաձեռնությամբ պայմանավորված չէ։ Բնականաբար, մենք հնարավորություն եւ իրավունք ունենք քննարկվող հարցի կապակցությամբ արտահայտել մեր դիրքորոշումը, բայց անկախ մեր տեսակետից՝ Մոնիթորինգի հանձնաժողովը եւ համազեկուցողները՝ մասնավորապես, իրենց ուշադրության կենտրոնում են պահում համապատասխան ժամանակահատվածներում երկրում ժողովրդավարության, իրավունքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների եւ ազատությունների խնդիրները՝ գործնականորեն երկրի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական կյանքին վերաբերող բոլոր հարցերը։ Ակնհայտ է, որ վերջին իրադարձությունները, այսպիսի սրընթաց զարգացումները չէին կարող վրիպել այդ հանձնաժողովի ուշադրությունից։ Եվ քանի որ իրադարձությունները, ինչպես ասացի, ընթանում են շատ արագ, բնական է, որ հանձնաժողովը պետք է արձագանքեր եւ համապատասխան հարցն ընդգրկեր արտահերթ օրակարգ։ Այս տեսանկյունից ներկայացրել եմ իրադարձությունների շղթան՝ հնարավորինս զերծ մնալով գնահատականներ հնչեցնելուց։



**-Ի՞նչ ժամկետներ է ենթադրում Մոնիթորինգի հանձնաժողովի մոնիթորինգը, կլինի զեկո՞ւյց, թե՞ բանաձեւ, որեւէ հետեւանք կունենա՞ ստեղծված իրավիճակի վրա։**



-Կրկին ուզում եմ ասել, որ ոչ թե հրավիրվում է արտահերթ նիստ, այլ Մոնիթորինգի հանձնաժողովը մյուս շաբաթվա իր հերթական նիստի ընթացքում արտահերթ է քննարկելու այդ հարցը։ Հանձնաժողովի գործունեությունը գաղտնապահական հիմունքներով է, եւ որեւէ մեկն այս պահին չի կարող կանխագուշակել, թե ինչ որոշում է կայացվելու։ Նախ հստակ չէ, թե ինչպիսի տվյալներ կունենա Մոնիթորինգի հանձնաժողովն իր տրամադրության տակ։ Կրկնվելով պետք է ասեմ, որ հանձնաժողովն անդամ երկրներում իրադարձություններին հետեւելու պարտականություն ունենալով՝ տեղեկատվություն է ստանում տարբեր աղբյուրներից եւ հենվում է զանազան տվյալների վրա։ Այդ տվյալների հիման վրա Մոնիթորինգի հանձնաժողովը կարող է տարբեր որոշումներ կայացնել, որոնք կախված կլինեն քննարկման ընթացքից եւ բովանդակությունից։ Ի դեպ, տարբեր տարիներին թե՛ ընդդիմության եւ թե՛ իշխանության ներկայացուցիչներն ունեցել են եւ ունեն հնարավորություն՝ ներկայացնելու իրենց տեսակետներն այս կամ այն հարցի կապակցությամբ: Իհարկե, կա օրակարգ, կան հարցեր, որտեղ մենք միասնական ենք եւ այդ հարթակում այլ տեսակետներ չունենք:



**-Ի՞նչ ակնկալիքով եք դիմում ԵԽԽՎ-ին, որին ձեր քաղաքական ուժը հաճախ մեղադրել է «խավիարային դիվանագիտություն» իրականացնելու՝ ոչ անաչառության մեջ։**



-Խավիարային դիվանագիտության մեջ մեղադրվել են առանձին պատվիրակներ, որոնք Ադրբեջանի ցանցի մեջ են, ոչ թե ողջ կառույցը: Նրանց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ադրբեջանցիների համար ցանկալի ձեւակերպումներն անընդհատ այս կամ այն բանաձեւում ներառելն է եղել, կամ թույլ չտալ Ադրբեջանի հասցեին թթու խոսք ասեն։ Մենք սա բազմիցս բարձրաձայնել ենք, կան կոռուպցիային վերաբերող զեկույցներ եւ այլն։ Ի դեպ, ադրբեջանական իշխանությունների եւ նրա նախագահի հռետորաբանությունն էլ երբեք չի փոխվում, եւ դա կախված չէ նրանից, թե Հայաստանում ով է ընդդիմություն կամ իշխանություն։ Կա մի օրինաչափություն. ցանկացած անգամ Ադրբեջանի հակահայկական ձեւակերպումների դուրսբերումը հանգեցնում է ադրբեջանական կողմի հիստերիային։ Բայց այս ամենը դուրս է այն հարցի շրջանակներից, որի մասին մենք խոսում ենք: Մոնիթորինգային հանձնաժողովի համապատասխան անդամներն ունեն ԵԽԽՎ մանդատ՝ դիտարկելու տվյալ երկրում տիրող ներքաղաքական իրավիճակը, օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել հանձնաժողովին, ու խորհրդարանական վեհաժողովին եւ չեն ներքաշվում այնպիսի հարցերի մեջ, որոնք ես նշեցի վերեւում։ Ես ոչ թե որեւէ ակնկալիքով եմ դիմել, այլ ներկայացրել եմ իմ տեսակետն այն հարցի կապակցությամբ, որն այսպես, թե այնպես՝ Մոնիթորինգի հանձնաժողովի կողմից պետք է ուսումնասիրվի, դառնա քննարկման առարկա, եւ հնչեն գնահատականներ։ Կրկնում եմ՝ արտահերթ օրակարգով այդ հարցը մտցնելը պայմանավորված է երկրում տիրող իրավիճակով, որը հարուցել է ԵԽԽՎ պատվիրակների մտահոգությունը։ Եվ այս մտահոգությունը միայն իմ մտահոգությունը չէ, այլ ԵԽԽՎ պատվիրակների՝ երկրում ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության հարցերի վերաբերյալ մտահոգությունն է։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**