Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում․ քաղաքապետի թեկնածու

Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում․ քաղաքապետի թեկնածու
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ իրականացվող նախընտրական քարոզարշավի 5-րդ օրը Ռեֆորմիստների կուսակցության 1-ին համար Արտակ Ավետյանին հարցրինք, թե ինչպե՞ս է ընթանում նախընտրական քարոզարշավը, խոսակցություններ կան, որ որոշ քաղաքական ուժեր ընտրակաշառքներ են բաժանում, իրենք շարունակո՞ւմ են հավատալ, որ ընտրությունները անցնելու են թափանցիկ և արդար։ Ավետյանը նշեց, որ ընտրակաշառքների մասով տեղեկություններ չունի, միայն լսել է, որ համախոհների ու մտերիմների ցուցակներ են կազմվում, ինչի մեջ ինքը վատ բան չի տեսնում․



«Իհարկե, ես ակնկալում եմ, որ արդար և թափանցիկ ընտրություններ են լինելու։ Ընտրակաշառքների վերաբերյալ ես այս պահին ինֆորմացիա չունեմ։ Եղել է ինֆորմացիա, որ կազմվում են մտերիմների, համախոհների ինչ-որ ցուցակներ, բայց ինձ թվում է, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, մարդիկ կարող են դա անել։ Իսկ ընդհանրապես ես շատ գոհ եմ քարոզարշավի կազմակերպումից, նորմալ մթնոլորտում է անցնում։ Քարոզարշավի տարբեր ձևեր կան, մենք ընտրել ենք ավելի հանգիստ ձևը թանգարանային այցեր, փոքր խմբերով այցելում ենք զանազան կրթօջախներ։ Կրթօջախներ ասելով՝ նկատի չունեմ դպրոցներ կամ ինստիտուտներ, այլ համախմբված մարդիկ, որոնք իրենց մտքերը ունեն, կիսվում են մեզ հետ։ Օրինակ՝ երեկ այցելել էինք Կոնդ, այնտեղ շփվեցինք դպրոցի նախկին տնօրենի հետ, ով մեզ բավականին շատ բաներ պատմեց Կոնդի վերաբերյալ։ Ասեմ, որ ես շատ գոհ եմ»։