Ինչպես ընդարձակել վերելակները

Ինչպես ընդարձակել վերելակները
Բայց ի՞նչ չուզող մարդ է «Կենտրոնի» Պետրոսը: Ուրեմն էն խեղճ Հայկոն, հաշվի առնելով նաև Պետրոսի «գաբարիտները», առաջարկում է ընդլայնել Երևանի վերելակները, իսկ Պետրոսը, որի ակնհայտ շահերից է բխում Հայկոյի առաջարկը, չի ուզում հավատալ: Բայց ի՞նչ մի անիրականանալի բան է ասում Հայկոն: Ահավասիկ մեր առջև մի կերպ ոտքերի վրա կանգնած երևանյան 9 հարկանի «վիսոտկան» է, որտեղ ապրում են N թվով հպարտ քաղաքացիներ, որոնք, մինչև հեղափոխությունը և հեղափոխությունից հետո էլ մինչև ավագանու քարոզարշավի բորբ օրերը, վերուվար են անում «Ժիգուլու» բեռնախցիկ հիշեցնող վերելակներով: Ի՞նչ անել:



Առաջին քայլով` պետք է տվյալ «վիսոտկայից» տարհանել նրա հպարտ բնակիչներին և ուղարկել բարեկամների տներով: Դա Երևանցիների տեմպերով ամիս, ամիսուկես կպահանջի: Հետո պետք է սկսել հին վերելակի ապամոնտաժումը: Հաջորդ քայլով` ապամոնտաժված հին բեռնախցիկը պետք է լուսանկարել և այդ լուսանկարները տարածել «ֆեյսբուքում», որպեսզի աշխարհի բոլոր անկյունների հայ գործարարները տեսնեն և ներդրումներ կատարեն նոր ու ավելի մեծ վերելակներ գնելու համար: Հենց վերելակների առաջին խմբաքանակը հասնի Երևան, պետք է ընտրել դրանցից ամենամեծը և մոտեցնել 9 հարկանի «վիսոտկային»: Ու եթե պարզվի, որ այն չի տեղավորվում նախկին վերելակի հորանում (շախտա), առանց ժամանակ կորցնելու (ինչքա՞ն կարող են այդ «վիսոտկայի» հպարտ բնակիչներն ապրել Հյուսիսային պողոտայի իրենց բարեկամների տներում), սկսում ենք ապամոնտաժել 9 հարկանին, որովհետև միայն վերելակի հորանն ապամոնտաժել մեզ չի հաջողվի: Շենքը քանդելուց հետո, երբ մեր առջև կլինի դատարկ հիմքը (կատլավան), կսկսենք նոր շենքի շինարարությունը, բնականաբար, մեծ վերելակի համար համապատասխան հորան-աշտարակով: Երևանի տեմպերով դա կարող է տևել 2-3 տարի, իսկ եթե կոռուպցիա չլինի և աշխատանքներն ընթանան անհավես, ինչպես ոստիկանությունում, հնարավոր է դա տևի մինչև 10 տարի: 10 տարին ի՞նչ է մեր հպարտ քաղաքացիների համար: Բակի բարեկարգումն ու շինաղբից ազատումն էլ թող նոր սերունդն անի, վերջապես: Թե չէ ամեն ինչ պատրաստի են տեսել…



Կներես, սիրելի ընթերցող, որ Պետրոսից սկսեցի ու միանգամից անցա Հայկոյի առաջարկը պաշտպանելուն: Այնպիսի զգացում ունեմ, որ Հայկոյի համար անհնարին ոչինչ չկա` աղբը հավաքելն ու վերելակները մեծացնելը նրա համար նույն ոլորտի խնդիր են, մեկը մյուսից հեշտ: Բայց Պետրոսը, որ Հայկոյի չափ սպիտակ չէ, սիրում է ամեն ինչ բարդացնել: Պետք է ավելի լավատես լինել: Ես, օրինակ, վերելակները մեծացնելու այլ առաջարկ ունեմ` ինքներս պետք է նիհարենք: Ոչ ծախսատար այդ տարբերակն ընդունելու դեպքում մենք նաև Երևանի բյուջեն կխնայենք:



Հայկոյի առաջարկի կապակցությամբ Պետրոս Ղազարյանի «սուր» արձագանքը մի մտահոգություն էլ է առաջացնում` ավելի շատ քաղաքական բնույթի: Օրինակ, սա ի՞նչ բարձիթողի վիճակ է, որ ԲՀԿ-ի երկրորդ համարը համարձակվում է «բանավիճել» «Իմ քայլի» առաջին համարի հետ, որը նույն Պետրոսից ոչ պակաս հեռուստաաստղ լինելուց բացի, նաև վարչապետի ստվերն է Երևանի վրա: Մի՞թե ԲՀԿ 1-ին համար Նաիրա Զոհրաբյանը չէր կարող ընդունել Հայկոյի մարտահրավերը և ինքը բանավիճեր վերելակների հարցով: Պարիտետը պահելու հարց կա չէ՞: Բա հիմա ինչպե՞ս չհարգես Հայկոյին, որ առաջարկում է բանավիճել բոլոր առաջին համարների հետ` նույն տաղավարում, նույն ժամին: Ճիշտ է, այդ ձևաչափը կարող է գազանանոցի կամ սերիալի տպավորություն թողնել, բայց կարևորն այն է, որ ընտրողն այդպես էլ չհասկանա, թե ով` ով է: Այլապես ընտրողի համար հեշտ կլինի հստակ հարց ուղղել հստակ թեկնածուի և դժվարացնել օրնիբուն Երևանի պրոբլեմներից ճամարտակելու նրա գործը:



Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ցուցակի 2-րդ համարի սուրբ պարտականությունը: Չեղավ, սպասեք, հերթով խոսեք, մի շտապեք պատասխանել իմ հարցին: Մի բան գիտեմ, չէ՞, որ այդպիսի աննորմալ հարց եմ տալիս: Եվ ուրեմն ի՞նչ պետք է անի Պետրոսը` որպես ԾԱՌՈՒԿՅԱՆ ցուցակի 2-րդ համար: Չգիտե՞ք: Լսեք, ուրեմն: Նա պետք է աչալուրջ հետևի իր ցուցակի 1-ին համարի, այն է` Նաիրա Զոհրաբյանի գործողություններին: Պետք չէ զարմանալ: Իմացեք, որ նախընտրական ցուցակի առաջին 3 համարներն այդ ցուցակի էլիտան են կազմում և պատասխանատու են ոչ միայն ողջ ցուցակի, այլև միմյանց գործողությունների համար, քանզի այդ եռյակի մեջ է խտացված նաև ցուցակի քաղաքական բովանդակությունը:



Եվ այսպես, սիրելի Պետրոս, ինչպե՞ս կգնահատեք Նաիրա Զոհրաբյանի` վերջերս հրապարակած լուսանկարը, որտեղ նա, ոտը ոտին գցած, թերթ է կարդում: Թերթ կարդալու մեջ, անշուշտ, կրիմինալ չկա, բայց հարցն այն է, որ Նառան «իմեննը» ֆրանսերեն թերթ է կարդում: Ինչո՞ւ, ի՞նչ է ուզում ասել դրանով և այն էլ այս օրերին, երբ վարչապետը քրտնմխած ֆրանսերեն է սովորում: Հիմա ի՞նչ է ասում Ծառուկյան դաշինքը` Նիկոլի՞ն է «դուխ» տալիս, թե՞, լեզուս պապանձվի, «ձեռ է առնում» Նիկոլի ֆրանսերեն ելույթը, որից «ուշաթափվել էին» ոչ միայն երևանցիները, այլև Երևանում հավաքված ֆրանկոֆոնները:



Լավ կլիներ, որ Պետրոսը նաև փորձեր թեթևացնել Գագիկ Ծառուկյանի հոգսը, որին վերջերս շատ են նեղում Երևանի ավագանու ընտրություններում «փող խաղացնելու» թեմայով: Ծառուկյան դաշինքի ճոխ ընտրարշավն էլ, ինչպես ասում են, «փող խաղացնելու» տեսանելի մասն է միայն: Այս օրերին մենք հաճախ ենք լսում խոսակցություններ, որ ՀՀԿ-ի «անտեր» մնացած որոշակի շրջանակներ արդեն իսկ «զինվորագրվել» են Ծառուկյանի ցուցակի հաջողության գործին: Ուրախ ենք դրա համար, բայց պե՞տք է, արդյոք, բացատրություն լինի, թե ինչո՞ւ հատկապես Ծառուկյան դաշինքին և ոչ թե «Լույսին», որի հետ ՀՀԿ-ի «ցիվիլ» բանակցությունների մասին խոսեց նույնիսկ կիսաաստված Նիկոլ Փաշինյանը: Եթե մենք խոսում ենք արդար ընտրություններից, ապա առնվազն պարտավոր ենք իմանալ նաև, թե ինչ է կատարվում այդ ընտրությունների հակառակ, չերևացող կողմում, այլապես կարող ենք ընտրություններից հետո հաճելիորեն զարմանալ կամ դառնությամբ հիասթափվել:



Էս բաները թողած` Պետրոսը Ղազարյանը Հայկոյի հետ վերելակների խնդիր է խաղացնում:



**Էդիկ Անդրեասյան**