Վանեցյանը չպետք է հրաժարական տա

Վանեցյանը չպետք է հրաժարական տա

Ինչ-որ ուժեր գաղտնալսել են ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը։

Մինչ բուն նյութի մասին խոսելը, արձանագրենք, որ այդ ուժերը լրջագույն հարված են հասցրել ՀՀ ազգային անվտանգությանը։ Հայաստանի հատուկ ծառայությունները պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկեն հակապետական այդ տարրերին հայտնաբերելու և նրանց վնասարար գործունեությունը չեզոքացնելու, արմատախիլ անելու համար։ Փաստորեն՝ սա տեղեկատվական դիվերսիա է Հայաստանի Հանրապետության դեմ։

Կոնկրետ ինձ համար տարակուսելի էր ոչ թե բուն ձայնագրությունը, այլ այն փաստը, որ ինչ-որ ուժեր կարողացել են գաղտնալսել ՀՀ ԱԱԾ տնօրենի խոսակցությունը։ Հասկանո՞ւմ եք՝ ԱԱԾ տնօրենի։ Եվ դրանից ելնելով՝ պարզապես չենք կարող չկշտամբել պարոն Վանեցյանին, ինչպե՞ս կարելի է այդպիսի անփութություն գործել։

Բայց նշենք նաև, որ կատարվածը աններելի ու մահացու մեղք չէ։ Դա ավելի շուտ վրիպում է, որը կարելի է շտկել։ Դրանից ելնելով՝ ես ոչ թե պահանջում եմ Վանեցյանի հրաժարականը, այլ, ընդհակառակը, պահանջում եմ, որ ԱԱԾ տնօրենը դասեր քաղի կատարվածից ու անցնի առաջ։

Նա չպետք է հրաժարական տա, դա կլինի հեղափոխական Հայաստանի խոշորագույն պարտությունը։ Վանեցյանը հանուն արդարության պայքարի առաջնային շարժիչ ուժն է, լոկոմոտիվը ու վճռական հարվածի մարմնավորողը։

Եվ սրանից ելնելով պատահական չէ, որ գաղտնալսվել է հենց նրա հեռախոսային խոսակցությունը։ Ինչ-որ ուժեր խաղադրույքը դրել են այն հանգամանքի վրա, որ չեզոքացնելով Վանեցյանին՝ կարող են գոտկատեղից ներքև հարված հասցնել ՀՀ իշխանություններին։ Խոստովանենք, որ հակակառավարական ուժերը ճիշտ հաշվարկ են իրականացրել, բայց միայն անձի ընտրության հարցում։ Մնացյալ դեպքերում նրանք նորից ձախողվեցին, քանի որ ձայնագրությունն այդ բավարար հիմք չէ Վանեցյանին չեզոքացնելու համար։

Մի փոքր խոսենք խոսակցության մանրամասների վերաբերյալ։ Նշենք, որ այդ ձայնագրության մեջ չափազանց շատ են խնդրահարույց էպիզոդները։ Բայց հետո ի՞նչ, չէ՞ որ դա մասնավոր խոսակցություն է, այլ ոչ թե՝ պաշտոնական հայտարարություն։ Բոլոր բանական մարդիկ էլ կհամաձայնեն, որ մասնավոր խոսակցություններում մենք ինչ ասես, որ կարող ենք խոսել, նույնիսկ մեր զրույցները կարող են հասնել աբսուրդի։ Օրինակ, երբ ես կառավարությունում էի աշխատում, մասնավոր խոսակցություններում կատակով հաճախ խոսում էի դիկտատուրայի անհրաժեշտության, բռնությունների և տարատեսակ այլ աբսուրդ թեմաների մասին։ Բայց դրանից չի կարելի ենթադրել, որ ես բռնությունների ու դիկտատուրայի ջատագով եմ։

Մասնավոր խոսակցությունների ընթացքում ես կատակներ եմ հորինել կառավարության գրեթե բոլոր անդամների մասին, նույնիսկ անթույլատրելի հումորներ եմ արել հենց այդ նույն Վանեցյանի ու արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի մասին։

Վստահ եմ, եթե այդ խոսակցությունները հանրայնացվեին, ապա ոչ ոք ինձ չէր հասկանա, և ոչ էլ պետք է, քանի որ դա մասնավոր տիրույթ է ու կապ չուներ մեր իրական դիրքորոշումների ու մոտեցումների հետ։

Հիմա նույնը կատարվել է նաև պարոն Վանեցյանի հետ, և դրանից ելնելով՝ խորհուրդ կտամ չխորանալ այդ խոսակցության մանրամասների մեջ, այլ կենտրոնանալ ԱԱԾ տնօրենի արդյունավետ գործունեության վրա։