Ուսանելի պատմություն հայհոյախոսների համար

Ուսանելի պատմություն հայհոյախոսների համար
Ազատամարտիկներից մեկը մեզ ուշագրավ պատմություն ներկայացրեց։ Նա վերջին շրջանում հանդես է գալիս քննադատությամբ՝ նոր կառավարության հասցեին, անգամ ասուլիս է տվել, հարցազրույցներ։ Բնականաբար, ֆեյսբուքում հայտնված յուրաքանչյուր նյութ արժանացել է կառավարության հանդեպ պաշտամունք ունեցող հեղափոխականների կատաղի արձագանքին եւ մասնավորապես՝ տղամարդու համար ոչ մարսելի հայհոյանքներ տվողներ էլ են եղել։ Մեր զրուցակիցը, որը լավ կապեր ունի հատուկ ծառայություններում, գործի է դրել այդ կապերը եւ օրենքը խախտելով՝ փորձել է գտնել իրեն սեռական հայհոյանք տվող ֆեյքերին։ Դրանց ցանկը բավականին մեծ է եղել, բայց համակարգչային «այփի» հասցեով ստացել է նրանցից մեկի բնակության հասցեն եւ գնացել ուղիղ նրանց տուն։



Դուռը բացել է տարեց մի մարդ։ Զինվորականը ներս է մտել եւ սենյակում տեսել համակարգչի առաջ նստած մի փոքրամարմին, մոտ 24-25 տարեկան, կարճահասակ, ակնոցն աչքին երիտասարդի։ Առանց բառ անգամ ասելու բռնել է երիտասարդի վզից ու մի լավ մուշտի տվել։ Հայրը, որի աչքի առաջ է տեղի ունեցել միջադեպը, փորձել է խառնվել կատարվողին եւ հաշիվ պահանջել։ Հյուրը բացել է համակարգիչը, ցույց տվել, թե համակարգչային «հերոսն» ինչ հայհոյանքներ է գրել իր հասցեին։ Երբ հայրը համոզվել է, որ տեւական ժամանակ մարդուն տեռորի ենթարկող, մայր ու կին հայհոյող ֆեյքն իր սուսիկ-փուսիկ որդին է, մի մուշտի էլ ինքն է հասցրել։ Ելնելով թեմայի նրբությունից ձեռնպահ ենք մնում անուններ հրապարակելուց։