Մարությանը անթույլատրելի սխալ է թույլ տվել, բայց այդ սխալը կարելի է շտկել

Մարությանը անթույլատրելի սխալ է թույլ տվել, բայց այդ սխալը կարելի է շտկել

Իհարկե, անընդունելի է անհատի արտաբերած ամեն մի խոսքից կառչելն ու ինչ-որ հեղհեղուկ, անորոշ հիմքերի վրա նրան ոչնչացնելը։ Յուրաքանչյուր ոք կարող է սխալվել ու վրիպել, ավելին՝ առանց սխալների կյանքն ունայն է ու անհետաքրքիր:

Ահա, հանրային խոսքում ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել «Իմ քայլը» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը։ Արդյունքում մամուլում և համացանցում ձևավորվել է քննարկումների թեժ միջավայր, որտեղ քննադատության թիրախում քաղաքականությանն ու դրա առանձնահատկություններին դեռևս ամբողջությամբ չադապտացված դերասանն է։

Միանգամից շեշտադրենք, որ մենք ամենևին էլ նպատակ չունենք անարգանքի սյունին գամել Հայկ Մարությանին, ընդհակառակը՝ ակնարկն այս թո՛ղ դիտարկվի որպես քննարկման փորձ կամ էլ փորձագրություն, որի առաջնային խնդիրն է շեշտադրել քաղաքապետի թեկնածուի ելույթի խնդրահարույց կետերը։

Նշենք նաև, որ քննադատողների մի զգալի մասը կենտրոնացել է Մարությանի խոսքի ոչ այնքան կարևոր էպիզոդի վրա, որն է՝ «Մեր դեմ խաղ չկա» արտահայտությունը։ Միգուցե խոսքն այս մի փոքր կոպիտ է հնչում, բայց իմ խորին համոզմամբ դրանում որևէ խնդիր չկա։ Պարզապես ընտրական կամպանիայի նախապատրաստվող գործիչը մարտական է տրամադրված, վստահ է իր թիմի ներուժին ու անկեղծորեն հավատում է հաղթանակի հեռանկարին։ Կրկնում եմ՝ միտքն այս իր մեջ որևէ խնդրահարույց տարր չի պարունակում, ավելին՝ արժեքային տեսանկյունից դժվար թե հնարավոր լինի կասկածել դրա բովանդակային ճշմարտացիությանը։ Շատերը կարող են նշել, թե «Մեր դեմ խաղ չկա» արտահայտության մեջ ցինիզմի մասնաբաժինը չափազանց մեծ է, իսկ մենք էլ կարող ենք հակադարձել, որ ցինիզմն ու ռացիոնալ մտածողությունը հակադիր բևեռներ չեն։ Ընդհանրապես ցինիզմը հակահամակարգ է։ Դրա խորքային տիրույթում կարելի է գտնել այնպիսի ճշմարտություններ, որոնց հետ հնարավոր չէ կամ էլ չափազանց ցավոտ է առերեսվել այլ միջավայրերում։ Այսինքն՝ ցինիզմը որպես այդպիսին քաղաքական մշակույթի կարևորագույն բաղադրիչներից մեկն է, որի գոյությունն անհրաժեշտ պայման է քաղաքական տեքստի կենսունակության ապահովման համար։

Այսպիսով՝ Հայկ Մարությանը արձանագրել է ճշմարտությունը, այո՛, ՔՊ-ն ներկայումս չափազանց ուժեղ է ու անկասելի։ Կուսակցության մրցակիցներն ու հակառակորդները Հայկի ցինիզմին կարող են պատասխանել ընդամենը մեկ ճանապարհով, որն է՝ որպես քաղաքական միավոր կայանալն ու արժանի մրցակից դառնալը։ Կարծում եմ՝ սա առաջին հերթին բխում է հենց մեր պետության շահերից, քանի որ կայացած քաղաքական համակարգ ունենալը կենսունակ պետություն ստեղծելու առաջնային գրավականներից մեկն է։

Անցնենք բուն խնդրո առարկային։ Ո՞րն է ի վերջո Մարությանի խոսքի խնդրահարույց հատվածը։ Սխալված չենք լինի, եթե պնդենք, որ «սև ու սպիտակ»-ի մասին հայտարարությունը ոչ միայն խնդրահարույց է, այլ՝ առաջին հերթին հենց արժեքային տեսանկյունից մերժելի ու անընդունելի։ Բայց նույնիսկ այս դեպքում չենք պատրաստվում մինչև վերջին շունչը «ոչնչացնել» Հայկ Մարությանին, քանի որ մենք ավելի շատ արժևորում ենք քաղաքական գործչի խոսող ու բանավեճերի առիթ տվող տեսակը, քան տիպաբանորեն այն լուռ, անդեմ ու ամորֆ մարդակույտը, որի ներկայացուցիչներն ամբողջ օրը ստանդարտ, ամբոխահաճո տեքստեր են արտաբերում՝ ջանք չխնայելով արժանանալու ֆեյսբուքյան դատարկ ծափահարությունների ու «լայքերի»։ Այլ խոսքով ասած՝ Մարությանը անթույլատրելի սխալ է թույլ տվել, բայց այդ սխալը կարելի է շտկել և շտկել հենց այսպիսի քննարկումների միջոցով։ Կարծում եմ՝ նա որևէ մահացու մեղք չի գործել, ընդհակառակը, սխալ արտահայտությունն անուղղակիորեն վկայում է այն իրողության մասին, որ, այո՛, իսկապես Հանրապետությունում սև ու սպիտակի որոշակի տարրեր են նկատվում։ Այսինքն՝ սխալը հանրային ընկալման տեսանկյունից կարող է բուժիչ նշանակություն ունենալ, քանի որ այլ պարագայում «Մենք ու նրանք»-ի արատավոր պրակտիկան դժվար թե լուրջ քննարկման ու վերլուծության առարկա դառնար։

Այստեղ պետք է մատնանշենք ՔՊ-ի ու կառավարության մի շարք ներկայացուցիչների երեսպաշտությունը։ Նրանք հանրային խոսքում իբրև թե անուղղակիորեն դատապարտում են Հայկի խոսքերը, բայց հոգու խորքում և առօրեական վարքագծում ամբողջությամբ համերաշխ են այդ արտահայտության հետ։ Չի կարելի այդպես, ընդամենը պետք է լռել ու դասեր քաղել գործընկերոջ սխալներից, այլ ոչ թե՝ սրբակենցաղի դերի մեջ մտնել ու զբաղվել ամբոխահաճությամբ։ Եթե ցինիզմը քաղաքական մշակույթի անբաժանելի մասնիկներից մեկն է, ապա երեսպաշտությունը բարոյական տեսանկյունից քայքայում ու կազմաքանդում է ամեն դրականն ու լուսավորը։ Մեծ հաշվով Մարությանն արտահայտել է շատ շատերի տրամադրություններն ու ընկալումները արդի իրավիճակի մասին։

Ամբողջ խնդիրն այն է, որ «Կարգին Հայկոն» պարզապես չունի հասարակագիտական տեսական գիտելիքներ ու հնարավոր է լավ չի հասկացել, թե ինչ վտանգավոր մտքեր է շարադրում։ Պարզապես էմոցիոնալ ելույթ է ունեցել՝ հետևանքների մասին չմտածելով։

Բայց տեսական գիտելիքներ չունենալն ամենևին էլ չի նշանակում քաղաքական գործունեության անհամատեղելիություն։ Գիտելիքներ կարելի է ձեռք բերել նաև պրակտիկայում՝ գործնական ամենօրյա աշխատանքում։

Հույս ունենանք, որ Հայկն ու նրա գործընկերները, ի վերջո կընկալեն այն պարզ ճշմարտությունը, որ սոցիումը բազմագույն է՝ կազմված տարասեռ ու տարաբնույթ միավորներից։ Միավորներ, որոնք ինքնաբավ են ու եսասեր։ Այլ խոսքով ասած՝ հանրույթը նման է խճանկարի, որն ունի հազարավոր գունագեղ քարեր։ Տիեզերքը չի կարող կառուցվել Մենք-ի ու Նրանք-ի հիմքի վրա, քանի որ դրանց տիրույթում անպայման պետք է գոյություն ունենա չեզոք տարածություն՝ պայմանական Դուք-ը։ Առանց այդ տիրույթի Մենք-ն ու Նրանք-ը անշարժ են ու անկենդան։

Հեղափոխությունը, իհարկե, համընդգրկուն գործընթաց էր և համանման լայնմասշտաբ տարածություններում սև ու սպիտակի գոյությունը միգուցե օրինաչափ էր։ Բայց մեր պետության առաջնային խնդիրը պետք է լինի հաղթահարել հեղափոխության հետևանքներն ու անցնել բնականոն կյանքի՝ գոյի շարժունակ ու բազմաձև կերպին։ Հակառակ պարագայում պետք է ականատես լինենք սև ու սպիտակի, չարի ու բարու հավերժ պայքարի, պարզունակ, պերմանենտ մի շղթա, որը մշտապես կարգելակի քաղաքական համակարգի կայացումն ու կենսագործունեությունը։