Մենք սպիտակ ուժերն ենք, մեր թիմի դեմը խաղ չկա․ Հայկ Մարության

Մենք սպիտակ ուժերն ենք, մեր թիմի դեմը խաղ չկա․ Հայկ Մարության
Այսօր Երևանի «Մարիոթ» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինքով մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դրամահավաք-միջոցառում էրկազմակերպել։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ դաշինքի առաջի համարը ներկայացնող Հայկ Մարությանը, ով ՔՊ-ի և «Իմ քայլը» դաշինքի քաղքապետի թեկնածուն է։



Նա բավականին ուշագրավ, տեղ-տեղ տարօրինակ, անգամ սկանդալային հայտարարություններ արեց, որոնք արդեն իսկ համացանցում դարձել են քննարկման, նաև քննադատության առարկա։



Օրինակ՝ Մարությանն ասաց, որ այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր՝ պաշտոնապես հայտարարելով, որ իրենք սպիտակ ուժերն են, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ իրենց թիմը հաջողություն ունենա, սև ուժերն են։ Ապա բացատրեց՝ ինչու է այդպես ասում․ «Որովհետև մենք և մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ որ ամբիցիաներ չունի»։ Մարությանի այս խոսքը մոտավորապես նման է այն հայտնի մտքին, որ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է», ինչը դժվար թե լավ տեղ տանի։



Հետո նշեց, որ իրենց թիմը, որը մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին, շատ ուժեղ է՝ հայտարարելով․ «Նույնիսկ կարող եմ ասել՝ մեր թիմի դեմը խաղ չկա։ Բայց հարգելիներս, երևանցիներս, հարազատներս, առանց ձեր մասնակցության, առանց ձեր ակտիվ մասնակցության մենք ոչ մի բանի չենք հասնի։ Կներեք, որ այսպես եմ ասում, այսուհետ ձեր պարտականությունն է ձեր կյանքի 20 տոկոսը նվիրել հանրային շահերին, նվիրել հանրությանը։ Միայն այսպես մենք կարող ենք հաջողություն ունենալ»։ Անդրադառնալով Երևանին ու Երևանի խնդիրներին՝ քաղաքապետի թեկնածուն ասաց, որ Երևանը շատ վատ վիճակում է, զրոյական էլ չէ, մինուս է։



«Բայց ես վստահ եմ, եթե գերմանացիները կարողացել են, իսկ իրենք էլ են մարդ, մենք էլ ենք մարդ, մենք բոլորս մսից արյունից ենք․․․ եթե իրանք կարողացել են, մենք անհնար է չկարողանանք, դա բացառվում է, մենք չենք դիտարկում այդ տարբերակը։ Մենք մեր քաղաքը այնպիսի քաղաք ենք սարքելու, որ գերմանացիները գնան պատմեն իրենց մոտ մեր քաղաքի մասին»,-վստահ հայտարարեց դերասան-քաղաքապետացուն։