Միացյալ Նահանգներում գաղտնազերծել են Ելցինի եւ Քլինթոնի խոսակցությունը

Միացյալ Նահանգներում գաղտնազերծել են Ելցինի եւ Քլինթոնի խոսակցությունը
Պուտինի մասին ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի գրադարանը գաղտնազերծել է նախկին նախագահներ Բիլ Քլինթոնի եւ Բորիս Ելցինի խոսակցությունը՝ Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։ Այս մասին հայտնում է Snob.ru-ն։ 1999-ի սեպտեմբերի 8-ին, մեկ ամիս անց այն բանից, ինչ Ելցինը հայտարարել էր, որ գալիք ընտրություններում աջակցելու էր Վլադիմիր Պուտինին, նա զանգահարում է Քլինթոնին, եւ որոշում ավելի մանրամասնորեն խոսել իր ընտրած թեկնածուի մասին։



«Առաջիկա օրերին մենք հանդիպելու ենք պարոն Պուտինի հետ։ Ես ուզում եմ ներկայացնել ձեզ, թե ինչ տեսակ մարդ է նա։ Ես երկար եմ մտորել այն հարցի շուրջ, թե ով կկարողանա ղեկավարել Ռուսաստանը 2000-ի ընտրություններից հետո»,- հայտարարել է Ելցինը՝ շեշտադրելով, որ արժանի թեկնածու չի գտել, քանի դեռ չի կանգ առել Պուտինի թեկնածության վրա։ Ելցինը Պուտինին բնութագրել է, որպես հուսալի, ուժեղ, կամային եւ շփվող մարդու, ով հեշտությամբ լեզու է գտնում գործընկերների հետ։



Քլինթոնն էլ պատասխանել է, որ արդեն ծանոթ է Պուտինին եւ սպասում է նրա հետ առաջիկայում անձնապես հանդիպելու, հավանաբար, նկատի ունենալով Ասիական-Խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովը, որը նույնպես 1999-ին է տեղի ունեցել՝ սեպտեմբերի 12-ին։ Ապա Քլինթոնը Ելցինին հարցրել է, թե ով կհաղթի առաջիկա ընտրություններում, եւ Ելցինը պատասխանել է, որ միանշանակ Պուտինը։ Ելցինը նաեւ նշել է, որ Պուտինը խիստ եւ խելացի մարդ է եւ ինքը ամեն բան կանի, իհարկե օրենքի սահմաններում, որպեսզի Պուտինը հաղթի։ Հիշեցնենք, որ Ելցինն իր հրաժարականի մասին հայտարարեց 1999-ի դեկտեմբերի 31-ին։