Հարուցվել է քրգործ` Մկրտումյանի նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ

Հարուցվել է քրգործ` Մկրտումյանի նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ձորաղբյուրում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։



Նախնական տվյալներով՝ 2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի  առանձնատան տարածք են մուտք գործել  դիմակավորված ու զինված 3 անձ։ Տանտերերի ցուցաբերած դիմադրության արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է, մյուս երկուսը, ինքնաձիգից անկանոն կրակոցներ արձակելով, դիմել են փախուստի։ Դեպքի պահին տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։



Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Մեկ անձ ձերբակալվել է։



Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է 20 պարկուճ, մեկ ինքնաձիգ՝ լիցքավորված փամփուշտներով։ Նախնական տվյալներով՝ նշված ինքնաձիգը եղել է վնասազերծված ենթադրյալ հանցագործություն կատարած անձի մոտ։



Առգրավվել  են տուժողի տան տարածքում գործող անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։



Մշակվել է քննչական պլան, և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, կատարված առերևույթ ավազակային հարձակմանը մասնակցություն ունեցած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Նշանակվել են փորձաքննություններ։