Փաշինյանի խոսքում սպառնալիքներ չկային․ ԽԱՊԿ նախագահ

Փաշինյանի խոսքում սպառնալիքներ չկային․ ԽԱՊԿ նախագահ
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրվանը նվիրված հանրահավաքի ընթացքում մի միտք արտահայտեց, որը հետո սոցցանցերում որակվեց որպես սպառնալիք, բռնություն խոսքի ազատության նկատմամբ և այլն։ Մասնավորապես Փաշինյանն ասաց․



«Քաղաքացիական պատերազմ կարող է միայն ձեր օֆիսների ներսում լինել, ձեր օֆիսներից դուրս դուք քանի՞ քաղաքացու աջակցություն ունեք, որ քաղաքացիական պատերազմ լինի. 17 նախկին կոռուպցիոներ և 22 ֆեյք, սա է ձեր քաղաքացիական աջակցությունը: Ուրեմն եթե որևէ մեկը սրանից հետո քաղաքացիական պատերազմով սպառնա, իրենով Ազգային անվտանգության ծառայությունն է զբաղվելու, լա′վ իմացեք: Ուրեմն ես խորհուրդ եմ տալիս բոլորին, խոսելուց առաջ մտածել, հետո էլ ասում են մեր խոսքի ազատությունը սահմանափակում եք: Դուք դեռ պետք է խոսելուց առաջ մտածել սովորեք, որ հետո ձեր խոսքի ազատության իրավունքի մասին մտածեք»,- մասնավորապես նշեց Փաշինյանը։



Վարչապետի այս հայտարարություններին հետևեցին նաև ՀՀԿ-ականների կոշտ պատասխանները։ Մասնավորապես Արմեն Աշոտյանը այն որակեց ճնշում այլակարծության վրա՝ ասելով, որ վարչապետը ուժային կառույցների գործադրմամբ ցանկանում է պահպանել իր իշխանությունը․



«Օրեր առաջ Հայաստանի նոր իշխանություններին անվանեցի թավշյա խունտա, ինչին հետևեց պետական քարոզչամեքենայի ինտենսիվ գործադրումը: Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը լավագույնս հաստատեց իմ տրված գնահատականը: Ճնշումների գործադրմամբ իշխանության եկած, ուժային կառույցների գործադրմամբ սեփական իշխանությունը ամրացնելու փորձեր անող, երկրում այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն ձևավորող իշխանության ղեկավարը երեկ հարձակվեց իշխանության մյուս ճյուղերի՝ օրենսդիր և դատական մարմինների վրա»,- գրել է Աշոտյանը։



Արդյոք վարչապետի այս հայտարարությունը բռնություն է ազատ խոսքի նկատմամբ, փորձեցինք պարզել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից:



«Ես եղել եմ հանրահավաքին և հիշում եմ, որ կոնտեքստը ոչ թե խոսքի ազատության սահմանափակումների մասին է, այլ քաղաքացիական պատերազմ հրահրելու առումով է։ Ինչպես հայտնի է, խոսքի ազատությունը ունի իր սահմանափակումները՝ և ՛ օրենսդրական, և՛ միջազգային փաստաթղթերով, որոշ սահմանափակումներ կան, և քաղաքացիական պատերազմ հրահրելը կարող է այդ սահմանափակումների տակ ընկնել։ Ես Նիկոլ Փաշինյանի ասածը այդ տեսանկյունից հասկացա, և ոչ թե խոսքի ազատության սահմանափակման առումով»։



Աշոտ Մելիքյանին հարցրինք՝ հնարավո՞ր է, որ որևէ քաղաքական գործիչ կարծիք հայտնի, օրինակ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացների վերաբերյալ՝ ասելով, որ դրանք տանում են դեպի պատերազմ, և դա ընկալվի որպես պատերազմի հրահրում, ինչի համար էլ ենթարկվի քրեական հետապնդման․



«Ես կարծում եմ, որ այդ ելույթի ժամանակ բավականին հետաքրքիր կոչեր ու հորդորներ հնչեցին, մեծ մասամբ ընդհանուր կոչեր և հորդորներ էին, ինչպես Դուք նկատեցիք, ոչ մի կոնկրետ անուն չկար, և սպառնալիք չեղավ, որ ԱԱԾ-ին կուղարկեմ ձեր ետևից։ Իհարկե, պետական պաշտոնյան կարող է իր կարծիքը ազատորեն արտահայտել նաև այդ լուրջ խնդրի վերաբերյալ, և ցանկացած քաղաքացի իրավունք ունի կարծիք արտահայտելու, և որևէ մեկը չպետք է սահմանափակի այդ լուրջ հարցի վերաբերյալ կարծիք արտահայտելու հնարավորությունը, բայց երբ ինքն ասում է՝ սկզբից մտածեք, հետո նոր խոսեք, ես կարծում եմ, որ այստեղ խոսքը գնում է պատասխանատու հայտարարություններ անելու մասին, անպատասխանատու հայտարարությունները նման զգայուն հարցերում կարող են նաև ճակատագրական դեր խաղալ և ավելորդ լարվածություն մտցնել։



Չէ՞ որ մենք ասում ենք, որ խոսքի ազատությունը ազատ և պատասխանատու խոսքն է։ Մինչդեռ եթե այս կոչը կամ հորդորը դիտարկենք Քոչարյանի հարցազրույցի լույսի ներքո, ապա մենք այնտեղ տեսնում ենք, որ Քոչարյանը ակնհայտորեն մանիպուլացիա է կիրառում և, չգիտես ինչու, համարում է, որ բանակն է վարկաբեկվել, իր նկատմամբ քրեական հետապնդում սկսելը ոչ ճիշտ քաղաքական որոշում է և այլն։ Այս կառավարությանը չի կարելի վերագրել, որ բանակ է վարկաբեկվել է, այլ ճիշտ հակառակը՝ ես կարծում եմ, որ այս կառավարությունը ավելի ուշադիր է բանակի նկատմամբ, դա ևս մեկ անգամ երեկվա հանրահավաքում ընդգծվեց։ Այնպես, որ եթե անպատասխանատու հայտարարություններ են արվում, այս դեպքում վարչապետի ուղերձը՝ որ մտածեք, նոր խոսեք, երևի տեղին էր։ Ես կարծում եմ, որ ուղղակի կառչելով ու կոնտեքստից դուրս հանելով որոշ արտահայտություններ չի կարելի վարկաբեկել երեկվա ելույթը, որը, ըստ իս, շատ հաջողված է»։



**Կորյուն Սիմոնյան**