Կորչի աշխատանքը, կեցցե հանրահավաքը

Կորչի աշխատանքը, կեցցե հանրահավաքը
Այսօր՝ ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ հանրահավաք է հրավիրել՝ ամփոփելու իր գլխավորած կառավարության 100 օրը։ Թե ինչ ծրագիր է լինելու, հանրահավաքի ժամանակ ով է խոսելու, ինչ հերթականությամբ, եւ առհասարակ ինչ է տեղի ունենալու, դեռեւս պարզ չէ, սակայն ակտիվ ֆեյսբուքահայերն արդեն «իվենթներ» են բացում հավաքից առաջ, որպեսզի միավորվեն ու տարբեր վայրերից երթով շարժվեն Հանրապետության հրապարակ։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանն էլ է հայտարարել, որ Երեւանի թաղամասերից մեկից երթով գալու է դեպի հրապարակ, եւ 10 հազարի չափ լայք է արել այդ գրառումը։ Ենթադրվում է, որ մարդկանց մոտ նոստալգիկ տրամադրություններ են, եւ դեմ չեն լինի հիշել իրենց ոչ հեռավոր հեղափոխական անցյալը, երբ երթեր էին անում, փողոցներ փակում, Սերժին մերժում եւ իշխանություն փոխում երկրում։



Բայց եթե նախկինում մենք իշխանություններին մեղադրում էինք, թե վարչական ռեսուրս են օգտագործում, իրենց միջոցառումներին ավտոբուսներով ու հրահանգված մարդ են բերում, ապա, փաստորեն, այդ երեւույթներն ամբողջությամբ չեն անցել անցյալի գիրկը։ Նախ, օրեր շարունակ տարբեր կուսակցություններ ու կազմակերպություններ հայտարարություններ էին տարածում, որ պատրաստվում են մասնակցել հանրահավաքին, եւ իրենց անդամներին ու համակիրներին նույնպես մասնակցության կոչ էին անում։ Ապա սփյուռքյան ինչ-որ կազմակերպությունից հայտարարություն տարածեցին, թե՝ եկեք մենք էլ նույն երեւանյան միտինգի ժամին աշխարհի տարբեր քաղաքներում հավաքվենք ու մեր զորակցությունը հայտնենք ՀՀ իշխանություններին։ Դրան հաջորդեցին տարբեր պաշտոնյաների ու մարզային ղեկավարների հրավեր-հրահանգ-կոչերը, որ 17-ի կեսօրին հավաքվենք ինչ-որ տեղում, ապա՝ մի մասը երթով, մյուսները՝ ավտոբուսներով, շարժվենք դեպի Երեւան, Հանրապետության հրապարակ։ Հարցադրումներ հնչեցին՝ կնշանակի օգոստոսի 17-ը հայտարարվում է ոչ աշխատանքայի՞ն օր։ Բայց հարցերին պատասխաններ չհնչեցին։ Միայն այն փաստը, որ մարդիկ Գյումրիից ու Վանաձորից, Սյունիքից ու Նոյեմբերյանից պետք է կտրեն հասնեն Երեւան՝ հանրահավաքին մասնակցելու, խոսում է այն մասին, որ համաժողովրդական մոբիլիզացիա է հայտարարված, եւ այդ օրը Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք չի աշխատելու։ Թե որն է այս հանրահավաքի իմաստը եւ ինչ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը չեն կարողանում փոխանցել հայ ժողովրդին լրատվամիջոցների, հեռուստատեսության, ուղերձի կամ իրենց սիրելի «լայվերի» միջոցով, պարզ չէ։



Երեկ մենք արձանագրեցինք, որ մի տեսակ մրցակցություն է սկսվել տարբեր պաշտոնյաների ու կառույցների միջեւ, թե ով է ավելի իշխանամետ, ով է ավելի շատ սիրում վարչապետին, եւ որ մարզից ու կառույցից են ավելի կազմակերպված ներկայանալու հանրահավաքին։ Օրինակ, Լոռվա փոխմարզպետ, «Քաղպայմանագրի» անդամ Անդրեյ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում նախօրեին գրառում է կատարել՝ վանաձորցիներին հիշեցնելով, որ այսօր, ժամը 12։00-ին հավաքվում են Վանաձորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում, իսկ «14։00-ին բոլորով մեքենաներով հավաքվում ենք Սպիտակի մուտքի մոտ եւ ավտոշարասյունով շարժվում Երեւան»: Սա՝ մի փաստ, որ Լոռու մարզպետարանը ժամը 12։00-ից սկսած՝ չի աշխատելու։



Փոխմարզպետը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը թույլտվություն ունի այսօր չաշխատելու․ «Ես թույլտվություն ունեմ, մարզպետարանից տեղյակ են, որ ես ու պարոն Խաչատրյանն ենք մասնակցելու, մնացածի մասին տեղեկություն չունեմ, կարծում եմ, որ չեն մասնակցելու ոչ մեկ, բայց հստակ չեմ կարող ասել, ամեն դեպքում՝ համատարած չէ դա»։



**Աննա ՊԱՊԻԿՅԱՆ**