Քաղավիացիայի հարցերով նախարարին կից աշխատանքային խումբ է գործելու

Քաղավիացիայի հարցերով նախարարին կից աշխատանքային խումբ է գործելու
Քաղավիացիայի ոլորտի կանոնակարգումն ու այդ անչափ զգայուն ոլորտում նորարարական լուծումներ առաջարկելը եղել են ավիացիայի ոլորտի նախկին եւ ներկա մասնագետներից շատերի, շահագրգիռ խմբերի  մտահոգության առարկան։  Ոլորտին խորագետ մասնագետներն առաջարկում են վերանայել ոչ միայն ավիացիայի մասին օրենսդրությունը, այլ նաեւ կառավարության համար օրվա հրամայական դարձնել   ազգային ավիափոխադրող ունենալու հարցը։ Հայկական ավիացիայի ներկայով ու ապագայով մտահոգների ձայնը վերջապես լսելի դարձավ  պատկան մարմնին՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, որտեղ երեկ  նախարար Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քաղավիացիայի խնդիրների շուրջ քննարկում։ Մասնակցել են նաեւ  քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը, վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, ոլորտի մեկ տասնյակից ավելի  մասնագետներ եւ շահագրգիռ այլ կողմեր։



Նախարարը նշել է, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում  բազմաթիվ գրավոր դիմումներ է ստացել ավիացիայի նախկին եւ ներկա աշխատակիցներից, հանդիպումներ ունեցել ավիացիայի ոլորտի տարբեր մասնագետների հետ,  ովքեր իրենց մտահոգություններն են հայտնել ավիացիայում այսօր տիրող իրավիճակի, նաեւ ավիացիային վերաբերող տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ։ Հակոբյանը հավաստիացրել է, որ կիսում է բոլոր մտահոգությունները եւ անձամբ  ինքն էլ մտահոգ է տիրող իրավիճակով։ «Երբ հետադարձ հայացք ենք ձգում սրանից 20 տարի առաջ, մենք ունեինք լավագույն ավիացիան, լավագույն ավիափոխադրումների համակարգը։ Ես ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը, նախաձեռնողականությունը բոլոր խնդիրների քննարկմանը»,-ասել է նախարարը։ 



Հանդիպում-քննարկման նպատակը  աշխատանքային խումբ ձևավորելն էր, որը պետք է զբաղվի քաղավիացիայի խնդիրների վերհանմամբ եւ դրանք լուծելու առաջարկություններ ներկայացնի։ Խումբը, նախարարի խոսքով,  պետք է աշխատի թափանցիկ, կամավորության սկզբունքով` տարբեր մասնագետների ներգրավմամբ: Քննարկումը բազմակողմանի էր՝ չշահագործվող օդանավակայաններից մինչև Հայաստան մտնող ավիավառելիքի գներ, տարիներ շարունակ գործող կոռուպցիոն սխեմաներ, օրենսդրական դաշտի  բացթողումներ։ Քննարկման առանցքային թեման ազգային ավիափոխադրող ունենալու հարցն էր, որն, ըստ ներկաների, ոչ միայն անհրաժեշտ է, այլև ոլորտի առաջընթացի նախապայման։ Հայաստանում գրանցված ընկերություններն այս պահին 6-ն են, սակայն  դրանցից փաստացի միայն մեկն է չվերթներ իրականացնում։



Հանդիպմանը ներկա, 2016-ին լուծարված «Էյր Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի  խոսքով` աշխատանքային այս խմբի գերխնդիրը բոլորին ապացուցելն է, որ ավիացիան պետք է Հայաստանին ոչ միայն անվտանգության, այլ նաեւ տնտեսական շահավետության տեսանկյունից: Եթե 2019-ի բյուջեում նախատեսված լինի գոնե մեկ տող, որ Հայաստանը պետք է ունենա ավիափոխադրող,  այդ «պետք է»  բառը, որպես բիզնեսմեն, եթե ձեռքումս լինի, ես թե Մոսկվայում, թե ցանկացած  տեղ շատ հարցեր կլուծեմ»,-ասել է Ավետիսյանը։ Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի շահագործման կոնցեսիոն պայմանագրի խնդիրներին։ Ավիացիայի ոլորտի մասնագետները որպես այդ պայմանագրի վնասակար հետեւանքներ նշել են  բարձր սակագներն ու մրցակցության անհավասար պայմանները։ Նախարարը հանդիպման ավարտին բոլոր ցանկացողներին առաջարկեց գրանցվել՝ աշխատանքային խմբի գործունեությանը մասնակցելու համար։



Գրանցման գործընթացը դեռ ավարտված չէ. քննարկմանը ներկա չգտնված, բայց շահագրգիռ անձինք եւս կարող են կապ հաստատել նախարարության հետ։ 



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**