Ձվի, ձեթի ու մեր «անմոտոր» նավակի մասին

Ձվի, ձեթի ու մեր «անմոտոր» նավակի մասին

Էկոնոմիկայի նախարարի խոստացած երկնիշ տնտեսական աճի փոխարեն երկնիշ գնաճ ունենք՝ ձու, միրգ, բանջարեղեն, ծխախոտ, խմիչքներ, անգամ հագուստի գները 5-8 տոկոսով բարձրացել են: Արեւածաղկի, եգիպտացորենի, զեյթունի ձեթը, որի լիտրը դեռ մեկ ամիս առաջ 500-800 դրամ էր, 30 տոկոսով թանկացել է՝ 1050-1200 դրամի սահմաններում: Եվ սա դեռ վերջը չէ: Առաջիկայում նոր կտրուկ թանկացում է սպասվում՝ կախված Ռուսաստանում արեւածաղկի ու ձեթի թանկացման հետ: 

Դեռ 2020-ին ՌԴ-ում COVID-19-ի պատճառով կրճատվեց արեւածաղկի բերքը, ինչն անմիջապես ազդեց հայկական շուկայի վրա: ՌԴ-ից ՀՀ ներմուծվող արեւածաղկի 1 լիտր ձեթի ներմուծման միջին գները բարձրացան 6-16 տոկոսով: Հայաստանի ՏՄՊՊ հանձնաժողովն ուսումնասիրություն կատարեց ու պարզեց, որ Ռուսաստանում արեւածաղկի բերքի նվազեցումը բերել է արտահանվող արեւածաղկի պահանջարկի կտրուկ բարձրացման՝ շուրջ 4 անգամ: Նաեւ ռուբլու կուրսն արժեզրկվեց, եւ ձեթի գինը բարձրացավ 26 տոկոսով:

Ըստ ՏՄՊՊՀ տվյալների, անցյալ տարի ՌԴ արեւածաղկի ձեթի շուկայում առավել մեծ մասնաբաժին ունեցող «Эфко» ընկերությունն իր «Слобода», «Altero» ձեթերի իրացման գները բարձրացրել է շուրջ 48 %-ով։ ՌԴ էկոնոմիկայի նախարարությունը փորձում է կայունացնել ձեթի մանրածախ գները երկրում, պահպանել ստրատեգիական պարենի ծավալները, պաշտպանել իր քաղաքացիներին միջազգային շուկայի վայրիվերումներից: Հուլիսի 1-ից մինչեւ սեպտեմբեր Ռուսաստանը բարձր՝ 50 տոկոս մաքս է սահմանել արեւածաղկի սերմի համար, նախկին 30-ի փոխարեն:

Ընդ որում՝ 1 տոննայի մաքսատուրքը չպետք է պակաս լինի 320 դոլարից: Սեպտեմբերի 1-ից ռուսական արեւածաղկի ձեթը մաքսվելու է լողացող դրույքաչափով: Սա նշանակում է, որ մաքսատուրքի գինը կարող է փոփոխվել ռուբլու փոխարժեքի տատանումների հետ: 
Հայաստանում որեւէ քայլ չի ձեռնարկվում սպառողին գնային թռիչքներից պաշտպանելու համար: «Հայկական շուկան այս պահին նման է առանց մոտոր մակույկի, որտեղ ալիքը տարավ, այնտեղ էլ կհայտնվենք»,- ասում է տնտեսագետ, իրավաբան Սուրեն Պարսյանը: Նրան մի քանի հարց տվեցինք։ 

- Ձեթի արտահանման մաքսատուրքերի սահմանումը ՌԴ-ում կազդի՞ մեր շուկայի վրա: 

- Մաքսատուրքը՝ ոչ: ԵԱՏՄ անդամ երկրների հանդեպ մաքսատուրք չի կիրառվում: Բացառություններ կան՝ ադամանդ, բենզին, բայց նույնիսկ սրանք էլ են դուրս եկել: Մաքսատուրքը վերաբերում է, օրինակ, Վրաստանին: 

- Այսինքն, մեզ մոտ ձեթը չի՞ թանկանա: 

- Մեզ վրա կազդի ոչ թե մաքսատուրքը, այլ՝ թանկացումը: Տեսեք, Ռուսաստանն արտահանման մաքսատուրք է սահմանում, դա նշանակում է, որ պետությունն ուզում է կանխել արեւածաղկի ձեթի թանկացումը: Պահանջարկը մեծ է, ու արեւածաղկի գները հնարավոր է էլի աճեն, իսկ մենք պարտադրված ենք լինելու ավելի բարձր գներով ձեթ բերել Հայաստան: 

- Այսինքն, այդ երեւույթները մեզ մոտ է՞լ են լինելու։

- Իհարկե: Եթե դու ներմուծող ես, չես կարողանում արտադրես, իսկ մեր ինքնաբավությունը շատ ցածր մակարդակի է, հետեւաբար, մեր հիմնական շուկայում՝ Ռուսաստանում, ինչ փոփոխություներ որ եղան, ուղիղ ազդեցություն է ունենալու մեզ վրա: Դրան գումարվում է դրամի արժեզրկումը: Այսինքն՝ 2 գործոն է ազդում, ռուսական շուկայի գների բարձրացումը եւ դրամի արժեզրկումը: 

-  ՏՄՊՊՀ նախագահն ասել է, որ չի կարող զանգել տնտեսվարողին ու ասել, որ ձվի գինն իջեցնի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:  

- Անցյալ շաբաթ նույն ՏՄՊՊՀ-ն հայտարարում էր, որ ձվի գինը կիջնի: Եթե ինքը չէր կարողանում, ինչո՞ւ էր նման հայտարարություններ անում: Ինչ վերաբերում է իրենց գործառույթներին, իրենք պետք է շուկայում մրցակցային իրավիճակը վերահսկեն: Երբ որ 2019 թ․ ձվի գինն իջավ՝ հասնելով 30 դրամի, իշխանությունները մեծ ուրախություն էին ապրում: Բայց դրա արդյունքում շուկայից դուրս մղվեցին փոքր ու միջին արտադրողները, մնացին միայն խոշորները: Այն ժամանակ ՏՄՊՊՀ-ն պետք է վարույթ սկսեր ու պատժեր դեմպինգ անելու, ցածր գին սահմանելու համար: Հիմա այս վիճակը որ մենք ունենք, նշանակում է, որ 2 տարի առաջ ՏՄՊՊՀ-ն անգործության էր մատնված, եւ շուկան հիմա մի քանի խոշոր տնտեսվարողների ձեռքում է։ Դրան գումարվել է նաեւ իրացման ցանցը: Սուպերմարկետները հիմա դարձել են փոքր ու միջին խանութների մատակարարներ: Այն ժամանակ կային միջնորդ կազմակերպություններ, հիմա փոքր խանութները գալիս են, սուպերմարկետից են ձու առնում, որ վերավաճառեն: Մենք հիմա ունենք շուկայի մենաշնորհացման հստակ միտումներ, եւ ակնհայտ է, որ գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններն օգտվում են առիթից: Թեկուզ մրցակցության հանձնաժողովը մի քանի ամիս հետո էլ պարզի, որ նման բան է եղել, հանրությունը դրանից ոչ մի օգուտ չի ստանալու, քանի որ լավագույն դեպքոմ տուգանք է նշանակվելու, որը վճարվելու է պետբյուջե: Իսկ մարդիկ արդեն կորցրին մեծ գումարներ այս բարձրացման արդյունքում: 

ՀԳ. Իրավիճակը ձվի շուկայում նոր չէ: 2010-ին նմանատիպ դեմպինգ-սկանդալ ունեցանք օլիգարխ, «Ջրաշխարհի» եւ «Վալենսիայի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի մասնակցությամբ: Նա ձվի գների կտրուկ իջեցում կազմակերպեց, որից հետո տասնյակ մանր տնտեսություններ սնանկացան, իսկ ձուն թանկացավ կրկնակի: Նույնը 2021-ի Զատիկից առաջ է: Եվ, ուրեմն, ի՞նչն է փոխվել օլիգոպոլ տնտեսության ժամանակներից: