Առաջարկում եմ ձկնորսությունը կազմակերպել կոմունաների միջոցով

Առաջարկում եմ ձկնորսությունը կազմակերպել կոմունաների միջոցով

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը վերջերս տարբեր հարթակներում քննարկում է Սեւանում ձկնապաշարի օգտագործումը կանոնակարգելու հարցը, նույնիսկ անցել է արդյունաբերության, ձկնորսության ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը։ Քննարկվում է նաեւ տարբերակ, որ ձկնորսությունն ամբողջովին պետականացվի, այսինքն՝ որսը եւ դրա իրականացումը կատարվեն միայն պետության կողմից` հիմնական նպատակը համարելով այն, որ ձկնորսները կընդունվեն աշխատանքի պետության կողմից եւ ստիպված չեն լինի լիճ մտնել առանց պետության վերահսկողության ու կունենան կայուն աշխատավարձ, նույնիսկ այն ժամանակ, երբ պարապուրդի մեջ լինեն։ Այս քննարկումները կատարվում են նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ։ Այս առաջարկությունը, ինչ խոսք, շատ դրական է, հատկապես ձուկ որսացողների համար։ Այսպիսով վերադառնում ենք խորհրդային տարիների իսկապես գեղեցիկ փորձին եւ, բնականաբար, կարծում ենք, որ ձկնորսները սիրով կհամաձայնեն ունենալ պետական երաշխիքներ՝ մինիմում աշխատավարձ ստանալու համար, բայց քանի որ դա անհույս երազանք է, չեմ կարծում, որ մեր պետական այրերն այսպիսի «փայլուն» մտքեր են արտահայտում ու մտածում են իրացման կամ ձկնորսների կենսամակարդակի բարձրացման մասին։ Գուցե իրոք ցանկություն ունեն վերականգնել խորհրդային տարիներին գոյություն ունեցող գեղեցիկ սովորույթները՝ ամբողջովին անցնելով Հայաստանի սովետականացմանը։ 

Եթե իսկապես այդպիսի անիրականանալի ցանկություն կա, ապա ես միայն կողջունեի ու կառաջարկեի մտածել նաեւ տաքսի ծառայություն կատարող հազարավոր վարորդների մասին․ դրանք նույնպես պետականացնել՝  ստեղծելով պետական տաքսամոտորային պարկեր, շինարարներին ընդգրկել շինարարական պետական տրեստների մեջ, նույնը կատարել նաեւ հանքարդյունաբերությունում, եւ այսպես շարունակ։

Հետաքրքիր է՝ նախարարությունը մտածե՞լ է ձուկ որսալուց հետո ձկան տեղափոխման, պահպանման եւ, վերջապես՝ իրացման մասին։ Եթե մտածել է, ապա այն պետք է կատարվի պետական խանութներո՞ւմ, թե՞ հանձնվելու է բիզնեսին, որոնք եւ ստանալու են տասնապատիկ ավելի գումար, քան ձուկ որսացողները։ Իսկ գուցե այդ բոլոր իրավունքները տրվեն ձկնորսների՞ն, որոնք եւ կիրացնեն իրենց քրտինքով աշխատած ապրանքն ու կստանան եկամուտը։
Ես, ծնված լինելով Սեւան քաղաքում, ծանոթ եմ ձկնորսներին ու նրանց աշխատանքին եւ կարծում եմ, որ դրա կարգավորումը պետք է կատարվի աշխարհում գոյություն ունեցող ժամանակակից ձեւերով, եւ եթե պետությունն իսկապես որոշել է զբաղվել ձուկ որսացող հազարավոր ընտանիքների կենցաղային հարցերով, ապա անհրաժեշտ է ուսումնասիրել եւ հասկանալ, որ ձկան որս անողների աշխատանքը բավականին տանջալից եւ վտանգավոր աշխատանք է։ Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ ձկորսները վերավաճառողներին իրենց տանջալի աշխատանքի արդյունքը վաճառում են չնչին գումարներով։ Սեւանի սիգը եւ դրան հավասարեցված ձկան տեսակները Եվրոպայում վաճառվում են տասնապատիկ թանկ գներով։ Ուստի, ելնելով համաշխարհային փորձից, առաջարկում եմ կամ ձկնորսությունը կազմակերպել կոմունաների (կամավորական միություններ) միջոցով, որտեղ կընդգրկվեն տվյալ շրջանին հատկացված տերիտորիայում բնակվող ձկնորսները, որոնց եւ պետության կողմից կտրամադրվեն արտոնյալ վարկեր, կմշակվեն նրանց՝ ձուկ որսալու անվտանգության, տեղափոխման եւ իրացման պայմանները։

Ձկնային տնտեսության կազմակերպման մյուս հայտնի ձեւը համապատասխան կարգով մշակված բիզնեսային մրցութային պայմաններին համապատասխան կազմակերպությունների ստեղծումն է՝ իրենց համար հատկացված տարածքում, որոնց համար պետությունը կմշակի ձկնորսության համապատասխան կարգ, այդ թվում՝ ձկնորսների անվտանգության պայմանների, աշխատանքային ժամերի, կազմակերպության համապատասխան գույքային առկայության, տվյալ տարվա որսի թույլատրելի քանակի ու որսի համար այլ չափանիշներ, որպեսզի բիզնեսը նախապես հասկանալի լինի մրցույթի մասնակիցներին։ Բնական է, որ մրցույթի հաղթողը շատ ավելի լավ կվերահսկի իրեն հատկացված տարածքը, քան պետական տարբեր տեսակի վերահսկիչները։

Միաժամանակ, տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ է մշակել աշխարհում հայտնի ռեկրացիոնային պայմաններ։ Ես դեռեւս մեկ տարի առաջ վարչապետի հետ հանդիպման ժամանակ մանրամասն ներկայացրել եմ Սեւանի զարգացման հեռանկարները` ելնելով միջազգային փորձից, եւ համոզված եմ, որ այն հարցի ամբողջական լուծման լավագույն տարբերակն է։
Երկրում գոյություն ունեցող բոլոր խնդիրների լուծումը ոչ թե կառավարությունը պետք է վերցնի իր վրա, այլ պետք է ստեղծի դրա զարգացման համար համապատասխան պայմաններ։

Վալտեր Մարության
Սեւանի պատվավոր քաղաքացի
ՄԱԿ բարձրագույն դիվանագետ