Տնտեսվարողները թքա՞ծ ունեն ՏՄՊՊՀ-ի վրա

Տնտեսվարողները թքա՞ծ ունեն ՏՄՊՊՀ-ի վրա

Հայաստանում պարբերաբար կենսական անհրաժեշտության ինչ-որ ապրանքներ թանկանում են, ու մի «կենդանի կառույց» չկա, որ այս ամենի դեմն առնի։ Հանրության միակ հույսը Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովն է՝ յուր նախագահ Գեղամ Գեւորգյանով, որը կա՛մ ինչ-որ բան այն չի անում, կա՛մ ուշացած է անում, կա՛մ այն արդյունավետությամբ չի անում, որ այս անհասկանալի, չհիմնավորված գների բարձրացումը տեղի չունենա։

Գեւորգյանն այս թեմայով մեզ հետ զրույցում հերթապահ հայտարարություններ արեց, որոնք ասում է ամեն անգամ՝ ուսումնասիրություններ ենք կատարել, վարույթ ենք հարուցել, իրենք չեն կարող զանգել տնտեսվարողներին, ասել՝ գները մի բարձրացրեք, ու այսպես շարունակ։ Արդյունքում, Զատիկից առաջ ձվի գինը «ելել տամա է հասել», ու մեկը չկա, որ այս հարցով լրջորեն զբաղվի։

Տպավորություն է, թե տնտեսվարողները թքած ունեն պետության վրա էլ, կառավարության վրա էլ, Գեղամ Գեւորգյանի ղեկավարած կառույցի ու նրա հարուցած վարույթների վրա էլ։ Գեւորգյանին ուղիղ հարց ուղղեցինք՝ այս երկրում կա՞ մի կառույց, որը պատասխանատու է գների նման անհասկանալի բարձրացումների համար։ Գեւորգյանը նախ փորձեց մասնագիտական ձեւակերպում տալ երեւույթին, այն է՝ չկա գնի բարձրացում կամ գնաճ, կա գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի կողմից չհիմնավորված գնի բարձրացում, չհիմնավորված գնի իջեցում, չհիմնավորված գնի պահպանում։ Ապա հայտարարեց․ «Այդ կառույցը մենք ենք»։

- Հրաշալի է, որ կա նման կառույց։ Հիմա այդ տնտեսվարողները չգիտե՞ն, որ ձեր կառույցի նման հզոր կառույց գոյություն ունի, եւ իրենք, այդքանով հանդերձ, տարին մի քանի անգամ ապօրինություններ են թույլ տալիս, հակամրցակցային համաձայնությունների են գալիս, չգիտե՞ն, որ կա ՏՄՊՊՀ, կա Գեղամ Գեւորգյան, որը կարող է այս պահին բռնել իրենց ձեռքն ու պատժել։

- Այս պահին չի կարող բռնել։ Պրոցես է սկսվում, անցյալ տարի մենք սկսեցինք, եւ տեսաք, որ տուգանվեցին։

- Չազդե՞ց իրենց վրա դա։

- Չեմ կարող ասել։ Իրենք ասում են, որ մեղավոր չեն։

- Այսպես ասած՝ իրենք չգիտե՞ն, որ «գայլը սարի ետեւում է», չգիտե՞ն, որ մարդ կա, կառույց կա, պաշտոնյա կա, որը կարող է գնալ ու իրենց տուգանել։

- Ես ի՞նչ իմանամ՝ իրենք ինչ գիտեն, ինչ չգիտեն։ Բայց ասում եմ՝ իրենց պարզաբանումն էլ եմ լսել, որ հավի ճտի ներկրումն ուշ են սկսել քովիդի պատճառով, դրա համար ձվադրման չեն հասել։ Բայց, խնդրում եմ, հատուկ նշեք, որ մենք դա չենք համարում փաստ։

- Բայց մի տարի է՝ քովիդ է երկրում, նոր չէ դա։

- Դրա համար էլ վարույթ ենք սկսել։ Բայց, ասում եմ՝ իրենց ասածը փաստ չենք համարում։

- Երբվանի՞ց է սկսվել այս գների բարձրացման երեւույթը։

- Գների բարձրացման առաջին էտապը, երբ մենք ուսումնասիրում էինք, դեռեւս մի փոքր տատանում կար, մենք փաստեցինք, որ կասկած չունենք, որ չարաշահումներ կան, որովհետեւ իրականում կերը թանկացել էր։ Երկրորդ ալիքը, որ տեղի ունեցավ վերջերս՝ մի 10-15 օր առաջ, այդ դեպքում մենք արդեն հարուցեցինք վարույթ։ Ընդ որում, բավականին լուրջ աշխատանք ենք տարել բոլոր կողմերի հետ, երկու-երեք անգամ հանդիպում ենք ունեցել առեւտրային ցանցերի հետ, հանդիպում ենք ունեցել թռչնաբույծների նախագահի հետ, ամենօրյա կապի մեջ ենք եղել, այսինքն՝ մենք էքստրա աշխատանք ենք կատարել։

- Հիմա՝ կա՛մ ձեր աշխատանքներն արդյունք չեն տալիս, կա՛մ իրենք չեն ազդվում դրանից, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Զատկի տոնին ընդառաջ՝ ձուն դարձել է 207 դրամ։

- 207 դրամ ձուն Զատկի տոնին ընդառաջ չի դարձել։ Էդ ձուն, որը տեսել եք, Զատկից մի ամիս առաջ էլ, հինգ ամիս առաջ էլ նույնքան բարձր գնով էր վաճառվում։ Գնացել հատուկ բրենդի ձու են նկարել։ Ձուն թանկացել է՝ ընդամենը դառնալով 90, 95, 100 դրամ։

- Թեկուզ, ստացվում է՝ կրկնակի թանկացել է, 50-60 դրամ էր, քի՞չ է։

- Ես չեմ ասում՝ քիչ է, շատ է, մոտավորապես ձվի գինը պետք է լինի 60-70 դրամ։ Էս պահին քովիդի ազդեցությունը նաեւ հաշվի առնելով՝ էդքան պիտի լինի։

- Հիմա ի՞նչն է պատճառը, որ տնտեսվարողները չեն ազդվում ձեր գործողություններից, ձեր սաստող տուգանքներից, որովհետեւ մարդիկ կոնկրետ պատասխան են պահանջում Ձեր ղեկավարած կառույցից։

- Ասացի՝ վարույթ ենք սկսում։

- Դե, դուք միշտ վարույթ եք սկսում։

- Ե՞վ, ի՞նչ անենք, իսկ ի՞նչ կարող ենք անել օրենքով, իսկ կա՞ օրենքով այլ գործառույթ։

- Գուցե ժամանակի՞ն պետք էր սկսել վարույթը, գուցե ուշացած է, կամ պետք է գուցե օրենսդրությո՞ւնը փոխվի, որովհետեւ ձեր հարուցած վարույթները չեն ազդում տնտեսվարողների վրա։

- Ոչ, ազդում են, մեր սկսած վարույթները բավականին լուրջ են։

- Դե, չենք տեսնում, մենք դեռեւս ամեն առիթով Ձեզ հարցնում ենք կա՛մ բենզինի գների բարձրացման մասին, կա՛մ ձվի, որեւէ այլ ապրանքի։

- Բայց ո՞վ ասաց՝ բենզինի գներով չարաշահում կա։ Դուք հարցնում եք նաեւ ծաղկի գներով, մենք ասում ենք՝ օբյեկտիվ է, ծաղկի գնի բարձրացումն օբյեկտիվ է, ու չկա էդտեղ չարաշահում։ Կան հազարավոր գյուղացիական տնտեսություններ, որոնք նորմալ է, որ իրենց բիզնեսը կառուցում են նման կերպ։ Լավ է, թե վատ է, դա իմ գնահատականն է, բայց այստեղ որեւէ չարաշահում գոյություն չունի։

- Այսինքն՝ կարող են կամայական գին սահմանել, ու որեւէ մեկը չի՞ կարող զսպել դա։

- Այո, կարող են, եթե ինքը փոքր տնտեսություն է․․․ Աշխարհում կա՞ գների կարգավորման մեխանիզմ, այսինքն՝ Դուք տեսե՞լ եք որեւէ տեղ տենց բան։ Այո, կարող է, եթե ինքը չունի գերիշխող դիրք, չունի բարձր կենտրոնացված շուկա, այսինքն՝ փոքր գյուղացիական տնտեսություններ են, իսկ ծաղկի շուկայում հազարավոր ջերմոցային տնտեսություններ են, իրենք կարող են այն գնով վաճառել, որով ցանկանում են։ Դուք էլ կարող եք գնել կամ չգնել այդ ծաղիկը։