Առաջին գործազուրկները՝ Ջրային կոմիտեում

Առաջին գործազուրկները՝ Ջրային կոմիտեում
Տեղեկություններ կան, որ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը նշանակվելուն պես ժողով է արել, մտել է դահլիճ, որտեղ ոչ բոլորն են տեղավորվել՝ մի մասը մնացել է կանգնած, եւ հենց այդ ժողովի ժամանակ որոշ աշխատակիցների ասել է՝ դիմում կգրեք կգնաք՝ հաշվի չառնելով քաղծառայողի համակարգն անգամ: Սակայն Ջրային կոմիտեից մեզ պարզաբանեցին, որ որեւէ քաղծառայող չի ազատվել աշխատանքից, ընդամենը ազատվել են քարտուղարուհին, օգնականը՝ Սոնա Մարտիրոսյանը, ով կատարում էր մամուլի խոսնակի պարտականությունները, գույքի վարչությունում խորհրդականի պաշտոնը զբաղեցնող ԾԻԳ-ի նախկին տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը, կոմիտեի նախագահի տեղակալի օգնական Էմմա Օհանյանը, ով տեղափոխվել է այլ աշխատանքի՝ մեկնելու է Չինաստան։



Եվ մեկ նշանակում է եղել՝ Կամո Սարգսյանը նշանակվել է կոմիտեի նախագահի տեղակալ․ այդ պաշտոնը թափուր էր դեռեւս մայիսից: «Նշանակումից հետո ղեկավարը հանդիպում է ունեցել կոլեկտիվի հետ, եւ քանի որ մենք 60 հոգի ենք, աշխատասենյակները փոքր են, ընդամենը 20 հոգի նստել է, մնացածը՝ ոտքի վրա, բայց որեւէ նման բան չի եղել, որ որեւէ մեկին ասի՝ դիմում գրեք գնացեք։ Ազատված մարդիկ հեռացել են իրենց դիմումի համաձայն, նրանք զբաղեցրել են հայեցողական պաշտոններ։ Մեզ մոտ շատ նորմալ, առողջ մթնոլորտ է»,- վստահեցրին կոմիտեից: