Արարատ Միրզոյանն ԱՄՆ-էր մեկնել որպես թավշյա հեղափոխության մունետիկ

Արարատ Միրզոյանն ԱՄՆ-էր մեկնել որպես թավշյա հեղափոխության մունետիկ
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի եւ հայկական պատվիրակության գործուղումն ԱՄՆ, դրա օրակարգն ու գրանցած արդյունքները մի քանի օր է՝ քննարկման թեմա են դարձել վիրտուալ տիրույթում։ Հեղափոխականներին «չտեսության» մեջ մեղադրելուց բացի՝ այդ քննարկումների ժամանակ ռացիոնալ հարցադրումներ են առաջ քաշվում՝ արժե՞ր հարկատուներիս գումարները վատնել անպիսի գործուղման վրա, որը չի ունեցել կոնկրետ քաղաքական օրակարգ, չի արձանագրել բարձր մակարդակի հանդիպումներ ԱՄՆ բարձրաստիճան, ազդեցիկ պաշտոնյաների հետ: «..․Նա չանցկացրեց բարձր մակարդակի ոչ մի լուրջ հանդիպում: Մայք Պոմպեոյի մակարդակի բարձր նշաձողը, ում հետ ավելի վաղ հանդիպել էր նախագահ Արմեն Սարգսյանը, նա իջեցրեց մինչեւ արտաքին քաղաքականության համար պատասխանատվություն չկրող Ստորին պալատի միջին օղակի կոնգրեսականների մակարդակ: Խոսելու բան չկա՞ր Մայք Փենսի հետ: Ուրեմն ինչո՞ւ են հարկատուների փողերը վատնել պետականության տեսակետից անօգուտ այցի համար: ...Առավելագույնը, ինչի նա (Միրզոյանը՝ խմբ.) հասել է, Հայաստանի պետական ընկալման նվազեցումն էր, ինչից անպայման հերթական անգամ կօգտվի Ադրբեջանը: Նրանց ԱԳ նախարար Մամեդյարովն արդեն հանդիպումներ է անցկացրել պետքարտուղար Պոմպեոյի, պաշտպանության նախարար Մեթիսի ու նախագահի խորհրդական Ֆիոնա Հիլի հետ: Սեպտեմբերին սպասվում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ու նախագահ Ալիեւի աշխատանքային այցերն ԱՄՆ»,- անդրադառնալով Միրզոյանի այցին՝ ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը՝ միաժամանակ հավելելով, թե Նահանգներում ոչ ոք այդպես էլ չի հասկացել ո՛չ այցի էությունը, ո՛չ էլ օրակարգի բովանդակությունը:



Միրզոյանն էլ «տակ» չէր մնացել եւ, արձագանքելով իր գործուղման նշանակությունը կասկածի տակ առնողներին, նշել էր, թե այցի օգուտների ու արդյունքների մասին կհայտնի օրենքով սահմանված կարգով ներկայացվելիք հաշվետվության մեջ, որն արդեն իսկ հրապարակվել է կառավարության կայքում: Գործուղման նպատակը, ըստ այդմ, ՄԱԿ-ի կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումին մասնակցելն էր եւ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալը: Դատելով հիշյալ հաշվետվության շեշտադրումներից՝ Միրզոյանը բազմամարդ պատվիրակության հետ ԱՄՆ էր մեկնել որպես հայկական թավշյա հեղափոխության մունետիկ, որի գլխավոր առաքելությունն օվկիանոսից այն կողմ գտնվող անտեղյակներին կամ թերի տեղեկացվածներին ՀՀ-ում տեղի ունեցած այդ կարեւոր իրադարձության մասին լուսավորելն էր: 7 օր՝ հուլիսի 14-21-ը տեւած գործուղման մեկնարկը տրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից կազմակերպված հանդիպմանը հայկական պատվիրակության մասնակցությամբ:



«Ընդունելության ժամանակ հանդես եմ եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանում հեղափոխության արդյունքում ունեցած փոփոխությունները, տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել եմ կոռուպցիայի դեմ պայքարին եւ բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլերին»,- նշված է հաշվետվության մեջ: Հաջորդ օրը տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի մանուկների հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ Գարո Արմենի հետ, քննարկվել են համագործակցության նոր հնարավորություններ եւ մասնավորապես Լոռիում այդ հիմնադրամի միջոցներով կառուցված «Սմարթ» կենտրոնի գործունեությունը, նմանատիպ կենտրոնների բացման հնարավորությունը ՀՀ այլ մարզերում: «Որպես գործակցության նոր եւ հեռանկարային ոլորտ՝ ուղենշվել է դեղագործությունը»,-նշված է հաշվետվության մեջ: Հուլիսի 17-ին հայկական պատվիրակությունը, ինչպես ասում են՝ անցել է իր այցի «բուն թեմային»՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման հարցերով քաղաքական ֆորումին մասնակցությանը, որի ժամանակ Միրզոյանը կայուն զարգացման թեմայով զեկույց է ներկայացրել։ Նա վերստին արծարծել է թավշյա հեղափոխության թեման, իր ելույթում նշել ՀՀ-ում ի հայտ եկած նոր իրավիճակի մասին, ներկայացրել ՀՀ կառավարության առաջնահերթություններն ու ջանքերը՝ «զեկույցում արտացոլված Հայաստանի հանձնառությունները՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար»: Ելույթից հետո եղել է հարցուպատասխան, հարցեր են ուղղվել Բելառուսի, Հունաստանի, Լիբանանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից: Փաստորեն, ՀՀ-ում թավշյա հեղափոխության ի հայտ բերած իրողությունների եւ այդ համատեքստում կայուն զարգացման թեման ընդամենը մի քանի՝ դեմոկրատիայի առումով ոչ նախանձելի երկրների է հուզել:



Այցի քաղաքական հանդիպումները կայացել են հուլիսի 18-ին․ Միրզոյանը հանդիպել է հետեւյալ պաշտոնյաներին՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վ. Միթչել, ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի առաջնորդներ Դեյվիդ Թրոթ, Ֆրենք Փալոն, Դեյվիդ Վալադաո: Հանդիպում է եղել նաեւ կոնգրեսականներ Դ. Ռոսկամի, Դ. Փրայսի, Դ. Մասթի, սենատոր Ք. Վան Հոլլենի, ինչպես նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ «Ֆրիդեմ Հաուսի»-ի նախագահ Մ. Աբրամովիցի, փոխնախագահ Լ. Դիկիսոնի հետ: Այս հանդիպումների ժամանակ արծարծվել է ՀՀ-ին հատկացվող ամերիկյան աջակցության ծավալների մեծացման հարցը, ինչպես նաեւ մի քանի հերթապահ հարցեր՝ հայ-ամերիկյան հարաբերությունների խորացում, առեւտրային կապերի աշխուժացում, ներդրումների ներգրավում: Առարկայական որեւէ պամանավորվածության մասին՝ ներդրումների եւ այլնի հետ կապված, խոսք չկա հաշվետվության մեջ:



Հուլիսի 19-ին էլ Միրզոյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնի Կարնեգի հաստատությունում, որտեղ ներկա են եղել ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի եւ պետքարտուղարության պաշտոնյաներ, վերլուծաբաններ եւ դիվանագետներ: Ի լուր ամենքի՝ Միրզոյանը վերստին խոսել է թավշյա հեղափոխության, ձեռնարկվելիք բարեփոխումների մասին, ինչից հետո հարցուպատասխան է եղել, որոնք վերաբերել են ինչպես իրականացվող բարեփոխումներին, այնպես էլ ԼՂ խնդրին եւ հայ-թուրքական հարաբերություններին: Տեղի է ունեցել նաեւ Դ. Թվինինգի՝ IRI (Միջազգային հանրապետական ինստիտուտ) նախագահի հետ հանդիպում, քննարկվել է ՀՀ-ում արտահերթ ԱԺ ընտրությունների անցկացման եւ այդ հարցում հիշյալ կազմակերպության տեխնիկական աջակցության խնդիրը։ Գործուղման եզրափակիչ ակորդը եղել է տեղի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ Ամերիկայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Ա․ Համպարյանի եւ Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարության հետ հանդիպումը։ Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում էլ տեղի է ունեցել հանդիպում տեղի հայ համայնքի բնակիչների հետ, քննարկվել են այսպիսի հանդիպումների ժամանակ մշտապես արծարծվող հարցերը՝ ՀՀ-Սփյուռք համագործակցություն, ՀՀ-ԱՄՆ կապերի խորացում եւ զարգացում եւ այլն։



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**