Սպասում եք՝ լրագրողները բացահայտե՞ն

Սպասում եք՝ լրագրողները բացահայտե՞ն
2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասին վերջերս շատ է գրվում, ես եւս հոդված հրապարակեցի՝ «Հարցերը մի քիչ շատ չե՞ն» վերնագրով: Անընդհատ փորձում եմ ինքս ինձ համոզել, որ նոր իշխանությունները կգնան մինչեւ վերջ, կքանդեն նախկին իշխանությունների խճճած կծիկը, ինչքան էլ որ ցավալի եւ դժվարընկալելի լինեն շատերի համար այդ բացահայտումներն ու դրանց արդյունքում հնչելիք անունները:



Բացահայտումների շղթան կարող է խեղդել շատերին, ջնջել արդեն կարծրատիպով հերոսացած շատերի բարի անունը: Բայց դե՝ Մանվել Գրիգորյանի դեպքն ապացուցում է, որ մեր հասարակությունը ոնց հերոսացնում է, նույն խանդավառությամբ էլ կարողանում է պախարակել եւ գետնին հավասարեցնել երեկվա «հերոսներին»: Մենք կարողանում ենք այսօր հավասար ջանասիրությամբ համբուրել մեր կողմից կերտված կուռքերի ձեռքերը, իսկ վաղը՝ թքել-մրել: Այնպես որ՝ Մարտի 1-ի բացահայտումները կցնցեն մեզ, լավ թափ կտան, բայց չեն սպանի: Մենք պինդ ազգ ենք:



Հիմա մի փոքր ավելի առարկայական խոսենք: Հարգելի ընթերցողներ, այն, որ իրավապահ մարմինները մեղադրանք են առաջադրել ՀՀ նախկին Պնախարար Միքայել Հարությունյանին եւ հայտարարել հետախուզում, դեռ չի նշանակում, որ քննությունը լայն քայլերով առաջ է շարժվում: Այնպիսի տպավորություն է, որ քննությունը ժամանակ առ ժամանակ մեզ հրամցնում է ականջահաճո մի լուր եւ փորձում ժամանակ շահել՝ քաղաքական առումով այս թնջուկի՝ բոլոր կողմերի համար ցանկալի հանգուցալուծում ապահովելու նպատակով: Պատճառները մի քանիսն են: Նախ, հիմքեր կան կասկածելու, որ Ռուսաստանին լուրջ անհանգստացնում է մարտիմեկյան դեպքերի բացահայտման պրոցեսը: Չէ, Ռուսաստանի մատը խառը չէ, ուղղակի նա պատասխանատվություն եւ պարտավորություններ ունի շատ նախկին եւ ներկա առանցքային ֆիգուրների նկատմամբ՝ սկսած նույն Միքայել Հարությունյանից, որը, ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, վաղուց ՌԴ քաղաքացի է եւ կլորիկ թոշակ է ստանում այնտեղից: Ռուսաստանն ատամներով կպաշտպանի նաեւ Յուրի Խաչատուրովին, որը կարծես թե նույնպես ՌԴ քաղաքացիություն ունի: Նրանք հիացած չեն մեր նախկին պաշտոնյաների հետեւից ձգվող կեղտաբծերը մաքրելու մտքից, բայց եղածը եղած է, եւ նրանք անհրաժեշտության դեպքում նույնիսկ քաղաքական ապաստան կտան Միքայել Հարությունյանին եւ այլոց, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Պերմյակովին մեր երկրում պաշտպանեցին, նրանց հաստատ կպաշտպանեն իրենց երկրում: Հավատացեք, ռուսները շատ ընդհանուր բաներ կունենան մերոնց հետ՝ սկսած կասկածելի փոխշահավետ ռազմական գործարքներից, վերջացրած ռուսաստանյան զինատեսակների տակով անելը մեր երկրի միջոցով:



Եթե փորձեն առաջ մղել եւ քավության նոխազ սարքել Սեյրան Օհանյանին, ապա հնարավոր է, որ Օհանյանն իր վրա վերցնի մեղքի իր բաժինը եւ մյուս սլաքներն ուղղի ներկայիս իշխանության օլիմպոսում բազմած շատ ընտրյալների կողմը՝ ուղղակի մատնացույց անելով, որ իրենից վերեւ էլ մարդ կար, ներքեւ էլ մարդիկ կային: Հրամանները հո կենացներ չէի՞ն, որ բանավոր ասվեին ու մոռացվեին: Օհանյանի եւ Խաչատուրովի մասով Մարտի 1-ը տրամպլին էր, որն ապահովեց նրանց վերելքը:



Ինչեւէ, վերադառնանք քաղաքական կամքին եւ «դժվարբացահայտելի» գործին: Բանակի ներգրավվածությունն այս գործում անհերքելի փաստ է: Բայց փաստերը խոսուն են, երբ ապացույցներ ունեն: Ապացույցներ, կարծում եմ, հատորներով կլինեն, չէ՞ որ մի ամբողջ փաստահավաք խումբ է աշխատել: Փաստերի առումով կուզեի հիշատակել մեկ հանգամանք՝ այն, որ ուժայիններն առանց հրամանի մատը մատին չեն խփի, հրամանն էլ կարող է լինել գրավոր կամ բանավոր։ Այ, վերջինիս մասին էլ ուզում եմ մի փոքր մանրամասնել: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ բանավոր հրամանները, իրավիճակի մասին զեկույցները, առաջարկները, կատարվածի կամ կատարվելիքի մասին քննարկումները եղել են հեռախոսազանգերի կամ ռադիոկապի միջոցներով, իսկ Սերժ Ազատիչն էլ եղել է ԱԱԾ, ՆԳՆ, ՊՆ անփոխարինելի ղեկավարը, նշանակում է ամեն ինչ պետք է որ հսկվեր եւ ձայնագրվեր: Բացի այդ, զինված ուժերի ЧДС ծառայությունը (частотно диспетчерская служба) պարտավոր էր ֆիքսել եւ ձայնագրել ցանկացած հեռարձակող միջոցի տեղը եւ ռադիոփոխանակումը։ Հասկանո՞ւմ եք՝ պարտավոր էին: Չմոռանանք նաեւ, որ ոչ պակաս կարեւոր տեղեկատվություն կարող էին տրամադրել նաեւ բջջային օպերատորները, իհարկե՝ դատարանի որոշմամբ: Չեմ բացառում, որ ինչ նշեցի, կա փաստահավաք խմբի հաստափոր «դավթարներում» ու եթե կա, դժվար չէ պարզել, թե ով, երբ, ում եւ ինչ հրաման է տվել: Նվազագույնը անտրամաբանական կարող է թվալ նման տվյալների բացակայությունը: Նույնքան անտրամաբանական է եւ այն, որ նման կարեւոր հարցով անցնող վկաները հայտարարում են, որ քննությանը կներկայանան, մեղմ ասած, երբ իրենց հարմար կլինի:



Իսկ գուցե քննությամբ զբաղվող մարմինները համբերատար սպասում են, թե լրատվամիջոցները ե՞րբ կքրքրեն եւ կհրապարակեն նոր փաստեր, անձանց ցուցակներ, զենքի համարներ ու մյուս կարեւոր ապացույցները:



**Կարեն ՄԵԼՅԱՆ**