Որոշել են հետաձգել 100-ամյա հոբելյանական միջոցառումը

Որոշել են հետաձգել 100-ամյա հոբելյանական միջոցառումը
Նոր Հայաստանում Ազգային ժողովի ՀՀԿ-ական ղեկավարությունն անգամ պատմական միջոցառումներն է որոշել հարմարեցնել իր գրաֆիկին։ Հանգստյան սեզոնի պատճառով օրենսդիր մարմինը որոշել է, որ առաջին խորհրդարանի 100-ամյակի հանդիսավոր միջոցառումը պետք է անցկացվի ոչ թե պատմական օրը՝ օգոստոսի 1-ին, այլ՝ սեպտեմբերի 7-ին։ ԱԺ ղեկավարությունն անդրդվելի է մնացել նույնիսկ այն բանից հետո, երբ կառավարությունը միջոցառումներն անցկացնելու նպատակով հատկացրել է Մելիք Ադամյանում գտնվող կառավարության նիստերի դահլիճը։



Հայաստանի խորհրդարանի տոնական միջոցառման ակտիվ նախաձեռնողը «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբի» նախագահ, ԳԽ պատգամավոր **Ռուբեն Թորոսյանն** է, ով, ի դեպ, բնակվում է ԱՄՆ-ում, սակայն առաջիկա օրերին կժամանի Հայաստան։ Գերագույն խորհրդի, այսինքն՝ 1990-95թթ․ պառլամենտի պատգամավորներից 80-ը մահացել է, ողջ է մոտ 150-ը, թե քանիսը կմասնակցի միջոցառմանը, դեռ հայտնի չէ։ Դեռեւս հունիսի 12-ին Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում ազդարարել էր իրենց նախաձեռնության մասին․ «Մի խումբ պատգամավորներով նախաձեռնում ենք անցկացնել հոբելյանական միջոցառումներ: Հիմնական միջոցառումը նախատեսում ենք անցկացնել օգոստոսի 1-ին՝ կառավարության նիստերի դահլիճում, որին ակնկալում ենք նաեւ ՀՀ վարչապետի մասնակցությունը: Սույն նախաձեռնությունը համատեղ կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով դիմել ենք նաեւ ԱԺ ղեկավարությանը»։



Պատգամավորական ակումբը ԳԽ եւ գործող պատգամավոր, «ՔՊ» անդամ Հովիկ Աղազարյանի միջոցով էլ կառավարությունից ստացել է Մելիք Ադամյանի կառավարական դահլիճում միջոցառում անելու թույլտվությունը, սակայն ԱԺ նախագահությունը մերժել է միջոցառումը՝ պատճառաբանելով, որ հուլիսի 15-ից ԱԺ-ն մեկնելու է արձակուրդ, միջոցառումը պետք է տեղափոխել սեպտեմբերի 7-ին, որ պատգամավորները մասնակցեն։ ԱԺ-ից ստացած պատասխանին ԳԽ պատգամավորական ակումբի ղեկավար Ռուբեն Թորոսյանն իր էջում արձագանքել էր ընդգծված սատիրայով՝ մայիսի 5-ին ծնված արդեն 71-ամյա Բաբլոյանին 70-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ հղելով հուլիսի 15-ին․ «Շնորհավորանք Բաբլոյանի 70-ամյակի առթիվ։ Մեծարգո պարոն Բաբլոյան»։ Թորոսյանը սրանով էլ չէր բավարարվել, իր «պատից» կախել էր ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը Ֆրանսիայի ազգային տոնի առիթով ու գրել․ «Լավ էլ հասկանում եք, որ տոները պետք է նշել կամ շնորհավորել ճիշտ իր ժամանակին, սակայն ինչո՞ւ նույն վերաբերմունքը չունեք մեր տոների հանդեպ: Երեկ տեղեկություն ստացանք այն մասին, որ վերջապես որոշել եք նշել առաջին խորհրդարանի 100-ամյակը, սակայն օգոստոսի 1-ի փոխարեն՝ սեպտեմբերի 7-ին:



Հավանաբար, հենց այդ եզակի սովորության համար Ձեզ չէին հրավիրել մայիսի 28-ի տոնակատարությանը՝ հասկանալով, որ Դուք այն հաճույքով կնշեք մի այլ ժամանակ: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ պատկերավոր կլինի, ասենք, հունվարի 1-ը նշել հուլիսին, կամ Մարտի 8-ի ծաղիկներ Ձեր կնոջը նվիրեք դեկտեմբերին, էլ չեմ ասում Ապրիլի 1 կամ Վարդավառ հիշարժան օրերի մասին: Ակնհայտ է, որ «ուշ լինի, նուշ լինի» սկզբունքն այստեղ ծաղրանքի է վերածվում…»։



Թորոսյանի գրառմանն արձագանքել է ԱԺ լրատվության վարչության պետ Կնյազ Սարոյանը․ «Խորհրդարանի 100-ամյակի հետ կապված միջոցառման անցկացումը սեպտեմբերի 7-ին ոչ թե «եզակի սովորություն» է, ինչպես Դուք եք պնդում, այլ, հանգամանքներով պայմանավորված, առավել արդյունավետ լուծում: Լինելով փորձառու գործիչ` քաջատեղյակ եք, որ արդեն հուլիսի 15-ից պատգամավորները գտնվում են արձակուրդում, ինչը ենթադրում է, որ նրանց զգալի մասն իր արձակուրդի իրավունքը կարող է իրացնել Հայաստանից դուրս: Հետեւաբար, օգոստոսի 1-ին հիմնական միջոցառում իրականացնելը կնշանակեր շատ ու շատ մարդկանց ուղղակիորեն զրկել դրան մասնակցելու հնարավորությունից, ինչից էլ այս դեպքում փորձ է արվել խուսափել: Ամեն ինչ շատ պարզ է ու հստակ: Որքան Դուք եք «անհանգստություն» ցուցաբերում կազմակերպչական հարցերի շուրջ, այնքանով էլ կազմակերպչական հարցերի համար պատասխանատու աշխատանքային խումբը դեռ ամիսներ առաջ դիտարկել է հնարավոր բոլոր խնդիրները եւ պլանավորել դրանց արդյունավետ լուծումները»։



ԱԺ-ից տեղեկացանք, որ խորհրդարանի 100-ամյակի միջոցառումների կազմակերպման համար ձեւավորվել է ԱԺ աշխատանքային խումբ՝ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ։



Տեղեկացանք նաեւ, որ ԳԽ պատգամավորական ակումբն «այլընտրանք» է գտել․ օգոստոսի 1-ին նրանք սեփական միջոցներով ավտոբուսներ կվարձեն, կմեկնեն Ստեփանավան, Հայաստանի անդրանիկ օրենսդիր մարմնի ղեկավար դաշնակցական Ավետիք Սահակյանի հարազատների հետ վերջինիս գերեզմանին ծաղիկներ կդնեն, ապա պիկնիկ կանեն՝ այդպես նշելով պատմական իրադարձությունը։ ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը չի մասնակցի այդ ուղեւորությանը․ «Ես կուզենայի, որ այդ միջոցառումն արվեր ճիշտ օրը եւ ԱԺ-ի՝ պետության մասնակցությամբ, բայց երբ իմացա, որ սակարկում են օրը ու չեն ուզում ԱԺ հանգիստը խանգարել, հրաժարվեցի։ Ինչ խոսք, ես վստահ եմ, որ ակումբի կազմակերպած միջոցառումը շատ հետաքրքիր է, բայց ես կուզենայի, որ պետության մասնակցությունը լիներ, ի վերջո՝ սա պետական միջոցառում է»։



Իսկ ինչո՞ւ ԳԽ պատգամավորական խումբն աղմուկ չի բարձրացրել։ «Ի՞նչ աղմուկ բարձրացներ, Հայաստանը հիմա հետհեղափոխական այնպիսի աղմուկի, ժխորի մեջ է, որ դա մանր աղմուկ է։ Ցույց տալ, որ ԱԺ-ն իր մակարդակի վրա չէ, դա ի՞նչ աղմուկ է»։ Միջոցառումը հետաձգելու ԱԺ մեկնաբանությունն Արշակյանը զավեշտ է համարում․ «Նրանց մոտ վաղուց է արձակուրդ, որ այդպիսի մոտեցում ունեն․ ընդհանրապես, ԱԺ-ն իր ընտրվելու օրից արձակուրդում է եղել։ Ինչ է, կառավարությունն արձակուրդում չէ, ԱԺ-ն արձակուրդո՞ւմ է, կառավարությունից պատրաստակամություն հայտնեցին դահլիճ տրամադրել, բայց դրանով ամեն ինչ ավարտվում է, քանի որ օրենսդիր մարմինը պնդում է, որ իր համար հարմար եղանակին ու ժամանակին պետք է տոնն անցկացնել»։



Հիշեցնենք, որ հայոց պառլամենտարիզմի պատմությունը սկսվել է 1918-ի օգոստոսի 1-ին՝ Խորհուրդ, ապա՝ Խորհրդարան, հետո՝ Խորհրդային Հայաստանի 70 տարիներ (Գերագույն սովետ) եւ Հայաստանի երրորդ հանրապետություն (Գերագույն խորհուրդ, Ազգային ժողով)։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**